Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պատերազմի հավանականությունը կախված է մեր մարտունակության աստիճանից»

«Պատերազմի հավանականությունը կախված է մեր մարտունակության աստիճանից»
12.07.2016 | 02:41

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ (ԼՂՀ նախագահի խոսնակ)


-Վերջին օրերին սահմանում կրկին ակտիվություն է նկատվում, եղավ նաև ներթափանցման փորձ: Ի՞նչ իրավիճակ է այսօր, և ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը:
-Այսօր արդեն հարաբերական հանգիստ է: Չեմ կարծում՝ ինչ-որ առանձին գործոնով է դա պայմանավորված: Դա Ադրբեջանի ոճն է, ապրելաձևը: Սա նորություն չէ, մենք չպետք է զարմանանք:
-Անվտանգության մեխանիզմների տեղակայման հարցում որևէ փոփոխություն կա՞:
-Այդ մեխանիզմների տեղակայման հարցը ամենասկզբնական փուլում է դեռ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի նախագահների միջև կա ընդհանուր պայմանավորվածություն, որ պետք է մեխանիզմների ներդրման գործընթաց սկսել: Սա սկզբնական փուլում է, անհրաժեշտ է երկար ժամանակ դրանց մշակման, ներդրման համար, նաև պետք է հասկանալ, թե ինչպես են դրանք տեղադրվելու` սահմանի ողջ երկայնքո՞վ, թե՞ ինչ-որ հատվածներում: Պատասխան պետք է տրվի նաև այն հարցին, թե խախտում ֆիքսելուց հետո ինչ պատասխանատվության է ենթարկվելու խախտողը: Այնպես չէ, որ այսօր կարելի է ասել՝ ձախողվեց մեխանիզմների ներդրումը: Սա բարդ գործընթաց է, սակայն այլ ճանապարհ չկա: Եթե տեսանելի առաջընթաց չգրանցվի այս հարցում, հիմնախնդրի կարգավորման մասին խոսելն անտրամաբանական կլինի:
-Ադրբեջանը պատրա՞ստ է այդ երկարատև գործընթացին:
-Ադրբեջանը հանդիպումների ժամանակ հայտարարելու է, որ կողմ է մեխանիզմների ներդրմանը, բայց իրական քայլերով խանգարելու է դրան:
-Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը:
-Մենք պետք է շարունակենք մեր գործողությունները: Եթե Ադրբեջանը տապալում է մեխանիզմների ներդրումը, դա արդեն միջազգային հանրության խնդիրն է, պետք է ինչ-որ ձևով կարգի հրավիրել այդ պետությանը: Մեր ամենակարևոր խնդիրը բանակի զինումն է, մարտունակության բարձրացումը:
-Վարշավայում նախագահների հանդիպումը չկայացավ: Ընդհանրապես, այդ հանդիպումները հարցի կարգավորման մեջ ի՞նչ են փոխում:
-Խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից ցանկացած հանդիպում կարևոր է: Համենայն դեպս, այդ հանդիպումներից որևէ վնաս չկա:
-Այսօր տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ առաջիկայում հնարավոր է վերստին, այսպես ասած, «փոքր» պատերազմ լինի: Դուք դա հավանակա՞ն եք համարում:
-Կարծում եմ, չպետք է այդ թեման շահարկել: Զինված ուժերը, ժողովուրդը միշտ էլ պատրաստ են հավանական պատերազմին: Բայց պատերազմի հավանականությունը կախված է մեր մարտունակության աստիճանից: Եթե մեր մարտունակությունը բարձր լինի, պատերազմի հավանականությունը լինելու է ցածր: Ի վերջո, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի գերնպատակը ձախողվեց: Այդ երկրի նպատակն Արցախի գրավումն էր, ինչպես նաև Հայաստանի որոշ տարածքների ռազմակալումը: Ձախողվեց, և այդպես լինելու է միշտ:
-Բայց Ադրբեջանի ձեռքն անցավ 800 հեկտար տարածք, որը, ըստ որոշ քաղաքական գործիչների և զինվորականների, ռազմական նշանակություն ունի:
-Այդ գնահատականներն ամբողջովին քաղաքական են, ոմանք շահարկում են թեման, դարձնում մատի փաթաթան, բան չունեն խոսելու, դա են թեմա դարձնում: Երևի դա էլ իրենց քաղաքական գործելաոճն է:
Որոշ մարդիկ դիվիդենդներ են շահում դրանից, իրենց մասին են փորձում հիշեցնել: Ադրբեջանը, քսաներկու տարի պատրաստվելով, կարողացել է ընդամենը մեկ-երկու հենակետ վերցնել` տալով 3500 զոհ, կորցնելով մեծ քանակությամբ զինտեխնիկա: Պետք է օբյեկտիվ լինել:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ