Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչո՞ւ է «Սանիթեքը» մեզ բռնադատում

Ինչո՞ւ է «Սանիթեքը»  մեզ բռնադատում
13.06.2017 | 00:28

Երևանի Նոր Նորքի Դավիթ Մալյան և Մոլդովական փողոցների քնահարամ բնակիչները կրկին հայտնվել են աղբամաքրման մենաշնորհատեր «Սանիթեք» ընկերության ծուղակում: Ամառ է, գիշերային տապը ստիպում է խոհեմ լինել և բացել պատուհանները: Զովը անուշ քուն է մաղթում բնակիչներին, որոնք, սակայն, չեն հասցնում տեսնել ամենակարևոր և խորհրդավոր յոթերորդ երազը: Ինչպես գիտեք, յոթերորդ երազը մեզ այցի է գալիս լուսաբացից առաջ և կանխորոշում-հուշում է գալիք օրվա խորհուրդը: Նաև տեղյակ եք 2016-ի մեր մի հրապարակումից, որ «Սանիթեք» ընկերությունը վերոնշյալ փողոցներում աղբահանությունն իրականացնում է հենց յոթերորդ երազից առաջ՝ ժամը 4.00-ի սահմաններում: Իրականացնում է ահարկու դղրդոցով: Մի քանի հազար քաղաքացիներ քնից վեր են թռչում, գլխացավի հաբեր են ընդունում, այլևս չեն քնում, և այսպես է ամեն օր: «Ինչո՞ւ» հարցն առայժմ պատասխան չունի: «Սանիթեքը», Երևանի համար օգտակար գործ կատարելով, այնուամենայնիվ, մայրաքաղաքի առանձին հատվածներում ակնհայտորեն կորցնում է սպասարկող կազմակերպության համար այնքան անհրաժեշտ չափի և բարեկրթության զգացումը: Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան և Մոլդովական փողոցների բնակիչների ահազանգին ընդառաջելով՝ «Իրատեսը» հրապարակեց խոսուն վերնագրով մի նյութ՝ «Սանիթեքի ցերեկային հարգանքն ու մեր գիշերային անարգանքը»: Այստեղ ներկայացված է վերոնշյալ ընկերության նամակը՝ ի պատասխան մեր նախորդ ահազանգերի: Տեղին է այն ներկայացնել իր կուսական անաղարտությամբ, ամենահուզիչ դրվագներով. «Հարգելի Վրեժ Առաքելյան, շնորհակալություն մեկնաբանության և հղման համար: Նշենք, որ «Սանիթեքի» թիմը ուշի ուշով հետևում է իր անվանն ու գործունեությանն առնչվող բոլոր հրապարակումներին և Ձեր հեղինակած հոդվածին ծանոթացել է հրապարակման իսկ օրը: Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար»: Այնուհետև, չկորցնելով հումորի զգացումը, ընկերությունը վստահեցնում է. «Որոշակի քայլեր ենք ձեռնարկում, մասնավորապես, տեխնիկական միջամտությամբ փորձում ենք նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը»:

Այս գլուխյուղում-պատասխանից անցել է 10 ամիս: «Սանիթեքը» շարունակում է եռանդուն աղմկել և անտեսել վերոնշյալ փողոցների բնակիչների խաղաղ քնելու և անվրդով արթնանալու սահմանադրական իրավունքը: «Սանիթեքը» մենաշնորհատեր է, և հանրային մեր կյանքը նրա, ինչպես նաև այլ մենաշնորհատերերի համար չունի որևէ արժեք: Ինչ խոսք, այս պարագայում սպասելի է Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի շահագրգիռ անդրադարձը խնդրին: «Սանիթեքը», կասկած չկա, շարունակելու է լուսաբացից առաջ քնահարամ անել մարդկանց, քանի որ ժողովրդական առածը հուշում է. «Խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը»: Անկեղծ ասած, կասկածում եմ, որ այս չարաբաստիկ խնդրին էապես կանդրադառնան մայրաքաղաքի քաղաքապետարանը, Նոր Նորք վարչական շրջանը և ոստիկանությունը:
«Ի՞նչ անել» հարցը դամոկլյան սրի պես կախվել է Դավիթ Մալյան և Մոլդովական փողոցների բնակիչների և տողերիս հեղինակի գլխին: Գուցե դիմենք ՀՀ ՄԻՊ-ի՞ն, կամ էլ թաղային հեղինակությունների՞ն: Ցույց կտա ժամանակը: Ըստ իս, պետք է չվարանել և «Սանիթեքին» դատի տալ՝ 1 մլն դոլարի փոխհատուցում պահանջելով:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Զավեշտն այս պատրաստ էր հրապարակման, երբ ահազանգ հնչեց Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցից. այստեղ «Սանիթեքը» աղբահանություն է իրականացնում կեսգիշերից հետո:

Դիտվել է՝ 1814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ