Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ինձ հետաքրքրում է հայը Ամերիկայում»

«Ինձ հետաքրքրում է հայը Ամերիկայում»
11.07.2017 | 09:45

ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Լույսի շողեր» վավերագրական ֆիլմի հերոսը ամերիկաբնակ նկարիչ Նորիկ Դիլանչյանն է: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: 2000-ից Վահե Խաչատրյանը բնակվում է Կալիֆոռնիայում: «Ես կարծում եմ, որ այսօր, այս պահին աշխարհին լավագույնս կարող ենք ներկայանալ նկարչությամբ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսորը:- Որովհետև նկարչությունը անհատական արվեստ է և կապ չունի տեխնոլոգիական վերելքի, արտադրական կազմակերպությունների հետ, ինչը մեզանում մի քիչ կաղում է: Նորիկ Դիլանչյանը ոչ միայն հետաքրքիր նկարիչ է` իր հետվերածննդյան մտածողությամբ, այլև հաջողակ գործարար է: Եվ արվեստը դրանից չի տուժում: Մեր օրերում արվեստագետն առանց բիզնես մտածողության շատ դժվար է կայանում»:


Նորիկ Դիլանչյանը նաև մանկավարժ է: Ռեժիսորը նկատեց, որ Հայաստանից դուրս շատ կարևոր է, որ երիտասարդները հայեցի դաստիարակվեն, նաև ճանաչեն, արժևորեն պատմական, համամարդկային, մշակութային արժեքները: Նրա բնորոշմամբ` Ամերիկայում չկա համաշխարհային մտածողություն, փակ համակարգ է գործում: Նրանք հպարտանում են այդ համակարգով, ասում են, որ դա ամենալավն է, ու գնում են առաջ. «Նորիկն օգնում է պոկվել այդ մտածողությունից, շփվել համաշխարհային արժեքների հետ: Նա կռիվ է տալիս ամերիկյան համակարգի դեմ, որը շատ խորամանկ է, այնտեղ չկան սև-սպիտակ, լավ-վատ: Այնտեղ երբեք տեղի չէր ունենա նման բան, որ բողոքեն, ու փառատոնային ծրագրից դուրս մղվեն ֆիլմեր, որոնք իրենց դուր չեն գալիս: Այնտեղ մայրը կարող է գիշերը արտասվել, որ իր որդին մի ուրիշ տղայի հետ պիտի ամուսնանա, բայց ցերեկը բոլորի առաջ ասել, որ ինքը տոլերանտ է: Երբ սև-սպիտակ չկա, շատ դժվար է կողմնորոշվել: Նորիկի առաքելությունը երեխաներին կողմնորոշվելու հնարավորություն տալն է, ինչն էլ անում է մեծ հաջողությամբ»:
Վահե Խաչատրյանը ասուլիսի ընթացքում պատասխանեց նաև «Իրատեսի» հարցերին:


-Ո՞Ւմ է ուղղված ֆիլմը` հայաստանաբնա՞կ հայերին, որ գուցե մտածում են` գնա՞ն, թե չգնան Ամերիկա, թե՞ նրանց, ովքեր արդեն Ամերիկայում են:
-Ֆիլմը, իհարկե, ուղղված է իմ հայրենակիցներին: Երբ վավերագրական ֆիլմ եմ նկարահանում որևէ հաջողակ մարդու մասին, ես միշտ ասում եմ, որ ֆիլմը քո մասին չէ, և ոչ էլ քո գովքն է, պետք չէ համարել ավելորդ անհամեստություն: Եթե դու անցել ես մի ճանապարհ, որը քեզ հաջողություն է բերել, ուրեմն պարտավոր ես պատմել դրա մասին, և ես պարտավոր եմ ցույց տալ դա բոլոր նրանց, ովքեր ուզում են այդ ճանապարհն անցնել: Նպատակն է ցույց տալ մարդկանց, որ կա հույս, կա հնարավորություն:
-Եթե Դուք ֆիլմում հաջորդիվ անդրադառնաք ամերիկյան իրականությանը, ո՞ր թեման կլինի Ձեր ուշադրության կենտրոնում:

-Ամերիկյանի ամերիկյանը ես թողնում եմ իրենց: Ես իրենցը չեմ, ընդ որում` իրենցը չեմ ոչ թե իմ աշխատանքով, այլ իրենց հումորներով, իրենց փարթիներով, թիթիզ մոտեցմամբ: Այնտեղ չեն գործում փողը, ծանոթությունը, բայց կա ընդգծված «թայֆաբազություն»: Ինձ հետաքրքրում է հայը Ամերիկայում: Երեխան իր կամքից անկախ հայտնվում է այդ երկրում, հայրն ու մայրը, որպեսզի բարեկամների առաջ գլուխ գովեն, ասում են` երեխայիս տվել եմ հայկական դպրոց: Երեխան երկփեղկվում է, նա չի հասկանում` ինչ է կատարվում: Սովորում է հայկական դպրոցում, բայց շուրջը ամերիկացիներ են, ու ինքն էլ պարտավոր է խոսել անգլերեն: Իհարկե, ես դեմ չեմ հայեցի դաստիարակությանը, նաև վստահ եմ` այնպիսի գեն ունենք, որ ուծացվելու լուրջ խնդիր չենք ունենա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ