Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իրանը ցնցված է Թրամփի «անքաղաքավարությունից ու ատելությունից»

Իրանը ցնցված է Թրամփի «անքաղաքավարությունից ու ատելությունից»
21.09.2017 | 10:18

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթը հարուցեց շատերի տարակուսանքը: ԱՄՆ նախագահի խոսքը չափազանց հակասական էր ու բևեռացված իր բովանդակությամբ` գնահատել է գերմանական Frankfurt Allgemeine Zeitung-ը: Դոնալդ Թրամփը Իրանն անվանեց «կոռումպացված բռնապետություն» և «իզգոյ երկիր», իսկ Հյուսիսային Կորեային սպառնաց իսպառ ոչնչացնել: Փորձագետներն ու մեկնաբանները նշում են, որ Թրամփը դիմեց ագրեսիվ հռետորաբանության Հյուսիսային Կորեայի ու Իրանի հասցեին: Նա փաստացի մեղադրեց Իրանին, որ խլել է իր ժողովրդից սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Թրամփը հայտարարեց. «Ամբողջ աշխարհը հասկանում է, որ Իրանի ժողովուրդը փոփոխություններ է ուզում, և բացի ԱՄՆ-ի ռազմական տպավորիչ հզորությունից` երկրի ղեկավարները վախենում են Իրանի ժողովրդից ամենից շատ»` հավելելով, որ կգա ժամանակը, երբ Իրանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրել կամ հօգուտ «աղքատության, արյունահեղության ու ահաբեկչության», կամ` «իր երկրի հարգարժան արմատների, որ եղել են քաղաքակրթության, մշակույթի ու բարեկեցության կենտրոն»: Նա ընդգծել է` Իրանի միջուկային համաձայնագիրը, որ ստորագրվել է նախագահ Բարաք Օբամայի օրոք հինգ այլ պետությունների հետ երկու տարի առաջ, եղել է վատագույն միակողմանի տրանզակցիաներից մեկը, որին երբևէ մասնակցել է ԱՄՆ-ը: Մինչև հոկտեմբերի 15-ը Թրամփը պետք է որոշի` շարունակե՞լ համաձայնագրի կատարումը, թե՞ ոչ:

Նախագահական աջակցությունից հրաժարումը կարող է հանգեցնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը Կոնգրեսի կողմից` համաձայնագրից դուրս գալու պատճառով: Թրամփի ելույթի Իրանին նվիրված հատվածները նստաշրջանում ընդունվեցին սառը լռությամբ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին աջակցել է ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասը, այդ թվում` Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները: Այն, ինչ միջազգային հանրությունն անվանում էր անհավանական դիվանագիտական հաջողություն, Թրամփը որակեց «ԱՄՆ-ի բացահայտ խայտառակություն»: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Իրանի կառավարությունը հաստատում են, որ Թեհրանը կատարում է համաձայնագրի բոլոր պայմանները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ելույթում պնդեց, որ Իրանի միջուկային ծրագրի հետագա սահմանափակումները պետք է քննարկվեն 2025-ից հետո, երբ 2015-ի համաձայնագրի բոլոր էական կետերի ժամկետը սպառված կլինի: Մակրոնը զգուշացրեց, որ համաձայնագրի լուծարումը կհանգեցնի միայն պատասխանատվության մերժմանը, միջուկային սպառազինության մրցավազքին, և շատ ավելի լուրջ իրավիճակի, քան Հյուսիսային Կորեայի խնդիրն է:


Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Թրամփին պատասխանեց Twitter-ում` ԱՄՆ նախագահի ելույթն անվանելով «անքաղաքավարի և ատելությամբ լի», որ բացահայտորեն «պատկանում է Միջնադարին, բայց ոչ մի դեպքում միավորված ազգերի XXI դարին»: Նրա գնահատականով` Թրամփի ելույթը «արժանի չէ պատասխանի»: «Իրանի ժողովրդի նկատմամբ կեղծ կարեկցանքով ոչ մեկին չես խաբի»` նկատեց նա: Շատ փորձագետներ համարում են, որ Դոնալդ Թրամփի շարադրած սցենարը, որ Իրանի ժողովուրդը մի օր «ազատություն ձեռք կբերի, իսկ ԱՄՆ-ը և Իրանը կդառնան բարեկամներ», սակավ հավանական է: Հատկապես հաշվի առնելով փաստը, որ շատ իրանցիներ մինչև այսօր ցավագին են ընդունում ԱՄՆ-ի իշխանության աջակցությամբ` 1953-ի պետական հեղաշրջումը և թշնամաբար են վերաբերվում ԱՄՆ-ի միջամտության անգամ չնչին ակնարկին: Այդ պատճառով, ինչպես Politico-ն է գրում, Իրանի կառավարությունը Թրամփի ուղերձը լիովին կարող է ընդունել իբրև անկարգությունների, կամ էլ հեղափոխության կոչ:
REGNUM


Հ.Գ. Սեպտեմբերի 20-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից պատասխանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Անհեթեթությունն ու չարացած հայտարարությունները, չհիմնավորված պնդումները, որ երեկ հնչեցին Գլխավոր ասամբլեայի առաջ, չպետք է հնչեն ՄԱԿ-ում, որ ստեղծվել է միջազգային հարգանքի ու խաղաղության ամրապնդման համար»` հայտարարեց Հասան Ռոհանին: Նրա խոսքով` ԱՄՆ նախագահի հայտարարությունները «հակասում են մեր պետությունների պահանջին համաշխարհային կազմակերպությանը, որ պետք է միավորի կառավարություններին պատերազմների ու ահաբեկչության դեմ պայքարի համար»:


Եվ, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնալդ Թրամփի ելույթի Իրանին վերաբերող հատվածը մի ջերմեռանդ կողմնակից ուներ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որ հետո իր ելույթում պահանջեց համաձայնագիրը կամ փոխել, կամ բեկանել: Մինչև հոկտեմբերի կես Դոնալդ Թրամփը ժամանակ ունի` կամ երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը, կամ նոր առճակատման գնալ Իրանի ու համաձայնագիրը ստորագրած հինգ պետությունների հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ