Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երթուղիները կրճատվո՞ւմ են

Երթուղիները կրճատվո՞ւմ են
22.09.2017 | 05:27

Նորաշեն թաղամասից պետհամալսարան հասնող 64 համարի միկրոավտոբուսը մեկ ամսից ավելի չի գործում: 16 թաղամասի բնակիչները մեզ ահազանգել էին, տեղեկացնելով, որ 64 համարի միկրոավտոբուսն առանց այն էլ ծանրաբեռնված էր աշխատում: Հիմա ստիպված են օգտվել խիստ ծանրաբեռնված 57 և 27 երթուղիներից: Բացի այդ, Պռոշյան փողոց, նախկին «Ռոսիա» կինոթատրոն, Մամուլի շենք հասնելու համար ստիպված պետք է օգտվեն երկու երթուղուց:


Երևանի քաղաքապետարանից փորձեցինք տեղեկություն ստանալ 64 համարի երթուղու վերաբերյալ, մասնավորապես պարզել` 64 երթուղին վերագործարկվելու՞ է կամ փոխարինվելու՞ է այլ երթուղով: Նշված փոփոխությունն ի շահ գծատերերի՞ է, թե՞ բնակիչների, արվում է հատու՞կ միտումով, որ մարդիկ օգտվեն երկու երթուղիներից էլ:
Մեր հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացրին, որ ներքաղաքային միկրոավտոբուսային 64 երթուղին սպասարկող կազմակերպությունը անհրաժեշտ քանակի վարորդների պակասի պատճառով սահմանված 16 միավոր շարժակազմի փոխարեն երթուղի էր դուրս բերում օրական միջին հաշվով 3-4 միավոր: Ընկերությունը փաստացի կրում էր ֆինանսական վնասներ` չապահովելով հարկային պարտավորությունները և պետբյուջե ուղղվող դրամական միջոցները երթուղու վնասաբեր լինելու պատճառով: Ընկերությունը հրաժարվել է երթուղու սպասարկումից, և դադարեցվել է վերջինիս սպասարկումը: Նոր սպասարկող չլինելու պատճառով երթուղին վերականգնել հնարավոր չէ:
Քաղաքապետարանից տեղեկացրին նաև, որ ներկայումս մշակման փուլում է գտնվում վերգետնյա ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի ներդրման արդյունքում մայրաքաղաքի տարբեր թաղամասերի միջև և կենտրոնի հետ կապ կհաստատվի ավտոբուսային երթուղիներով: Իսկ ներքաղաքային միկրոավտոբուսային 64 երթուղու ուղևորներին առաջարկեցին օգտվել երթուղու ուղեգծի առանձին հատվածներին զուգահեռ գործող ավտոբուսային 18, 27, 57 և 63 երթուղիներից:


Հետաքրքիր է` ի՞նչ խորհուրդ կտային, օրինակ, 46 համարի ավտոբուսից (նախկինում` 45 միկրոավտոբուս) օգտվող Քանաքեռի բնակիչներին: «Երիտասարդականով» անցնող միակ երթուղին այնքան ծանրաբեռնված է հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին, որ մի ոտնաչափ տեղ գտնելու համար ստիպված ես մի քանի ավտոբուս բաց թողնել: Շատերն էլ պարզապես տաքսիներից են օգտվում: Այս տարիներին «Երիտասարդականով» անցնող մեկ-երկու ավտոբուս հայտնվեց, բայց ոչ մեկն էլ երկար կյանք չունեցավ: Պաշտոնական աղբյուրները, իհարկե, պատասխան ունեն: Ոչ պաշտոնականներն էլ: Սեփական կաշվի վրա անհարմարությունը զգացող մարդիկ` ուսանողները, աշխատանքի շտապողները, վաղուց հաշտվել են իրավիճակի հետ, ոչ պատասխանի են սպասում, ոչ հույսի շողի: Նրանց ուզածը մի ոտնաչափ տեղ է: Ինչպե՞ս են տանտիկինները խաղողի տերևները դարսում շշերի մեջ, որ ազատ տեղ չմնա: Այդպիսի զգացողություն եմ ունենում գերծանրաբեռնված երթուղայիններից օգտվելիս: Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ, այնուամենայնիվ, սպասվում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացումը, առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար նոր չափորոշիչների սահմանումը, տոմսային համակարգի ներմուծումը առայժմ միայն առաջարկների ձևաչափում են:
Հուսանք, որ փոփոխությունների հեռանկարն իր հետ բարեփոխումներ կբերի` հեռու պահելով նոր փորձություններից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ