Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

2. Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին

2. Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին
08.01.2018 | 07:33

(Նախորդ մասը)


Ռուսաստան
Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը կվերընտրվի ՌԴ նախագահ ևս 6 տարով: Դա կլինի նրա չորրորդ և գուցե վերջին ժամկետը: 2023-ին նա արդեն քառորդ դար ՌԴ նախագահը կլինի` դա ամբողջ պատմական դարաշրջան է, որի տարբերիչ գիծն է դարձել, այս պահին հիմնականում հաջող, ձգտումը` Ռուսաստանին վերադարձնել մեծ տերության կարգավիճակը: Աշխարհում երրորդը` ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո: Աշխարհի ամենամեծ կայսրության ճակատագիրն աշխարհում իր կարգավիճակը հաստատելն է հիմնականում ժողովրդագրական ու տնտեսական ռեսուրսներով, որ նշանակալից զիջում են դասագրքերի ու պատմական փորձի կանխատեսումներին: Չնայած ՈՒկրաինայի լուրջ կորստին, որ միայն մասնակի է հատուցվում Ղրիմի գրավումով, Պուտինը նորից վերադարձրեց Ռուսաստանը գլխավոր հերոսների ասպարեզ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ի համեմատական բարեհոգությունը տարածություն է թողնում այլոց գործողությունների համար:
2018-ի ու հաջորդ տարիների համար առանցքային հարցը Ռուսաստանի դերն է ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում: Առայժմ Պեկինն ու Մոսկվան հարաբերությունները կառուցում են փոխադարձ մանիպուլյացիաների վրա, որ մեծ կշիռ ստանան Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Փոխադարձ անվստահությունը տոտալ է: Ռուսները այդ տարօրինակ դաշինքում բոլոր դեպքերում կրտսեր գործընկեր են: Անկասկած է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի խզումը անբուժելի է: Ռուսաստանը վերաբերվել է, վերաբերվում է ու 2018-ին վերաբերվելու է Արևմուտքին (քանի դեռ գոյություն ունի) ինչպես թշնամու: Ճիշտ նույն կերպ Ռուսաստանին են վերաբերվելու ԱՄՆ-ն ու եվրոպացիները` Հին աշխարհի հյուսիսում ու արևմուտքում:


Տնտեսություն
Համաշխարհային տնտեսությունը նոր տարի է մտնում ցնցող ազդակով: Տոն է տալիս ԱՄՆ-ը, որ Թրամփի նախագահության առաջին տարում հածանավի արագություն է վերցրել, ավելին, քան Օբամայի օրոք, իսկ հիմա լրացուցիչ խթան է ստացել ձեռնարկությունների հարկերի կրճատման տեսքով: Առաջ է ձգում և չինական լոկոմոտիվը` վիթխարի ներդրումների հաշվին Մետաքսի նոր ճանապարհի ենթակառուցվածքներում: Ինդուստրիալ այլ երկրներ ձգվում են Չինաստանի հետևից: ԵՄ-ն ոտք է դնում չափավոր վերականգնման փուլ: 2007-ից հետո առաջին անգամ է, երբ համաշխահային հանգամանքներն այդքան բարենպաստ են` վաղուց արդեն չէր եղել բոլոր մեծ տնտեսությունների համաժամանակյա աճ: Եթե մուլտիպլիկատորի էֆեկտը գործի, 2018-ը կարող է բարենպաստ տարի լինել աշխատանքի տեղավորման հարցում: Չեն հերիքում միայն ինֆլյացիայի ցուցանիշները և դա խնդիր է` աշխատավարձերի դինամիկան թույլ է, որ հաստատում է աճի արդյունքների անհամաչափ կուտակումը և անհավասարության խորացումը: Այդ պատճառով դրական վիճակը կզգան ոչ բոլորը, մինչև հիմա կան սոցիալական խոցելիության մեծ գոտիներ: Աճին կարող է խանգարել համաշխարհային առևտրի կանոնների վերանայումը` հովանավորչությունը Չինաստանի դեմ: Դա Թրամփի նախընտրական խոստումներից է, որ նա դեռ չի կատարել, սակայն խորհրդարանական ընտրությունների տարում ԱՄՆ-ը կարող է դառնալ անկայունության աղբյուր:
La Repubblica, Իտալիա


(Հաջորդ մասը)
Հ.Գ. Շատ լավատես են, չէ՞, իտալացիները` ՙՌուսաստանը վերաբերվել է, վերաբերվում է ու 2018-ին վերաբերվելու է Արևմուտքին (քանի դեռ գոյություն ունի) ինչպես թշնամու: Ճիշտ նույն կերպ Ռուսաստանին են վերաբերվելու ԱՄՆ-ն ու եվրոպացիները` Հին աշխարհի հյուսիսում ու արևմուտքում՚: Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, համենայն դեպս, Ռուսաստանի ու Արևմուտքի հաշտեցման փորձեր անում էր: Պաոլո Ջենտիլիոնեն չփորձեց` նա զբաղվեց ներքին հարցերով` Իտալիան 2018-ին պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Իրականում` իտալացիները ոչ լավատես են, ոչ հոռետես` նրանք իրատես են: Պատմականորեն` դեռ Ռոմանովների կայսրության ժամանակներից Ռուսաստանը Արևմուտքում միշտ ունեցել է մի թշնամի, որի դեմ համախմբել է կայսրությունը և ՙժամանակավոր դժվարությունների՚ մեղքը բարդել Արևմուտքի վրա: Նույն այդ Արևմուտքը դադարեց թշնամի լինել և ակտիվ համագործակցում էր Ռուսաստանի հետ 20-րդ դարասկզբի մեծ բարեփոխումների ժամանակ, բայց բարեփոխիչ վարչապետ Պյոտր Ստոլիպինին թատրոնում սպանեցին, ու պատմությունն ավարտվեց: Իսկ հետո սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը ու ամեն ինչ գնաց սովոր հունով: ՌԴ-ԵՄ հարաբերությունների փոփոխությունը փոխադարձ քայլերից է կախված, որոնց կողմերը պատրաստ չեն: Առաջին քայլն անելու ցանկություն ոչ մի կողմը չունի: Բացի միմյանց մեղադրելը` նրանք նաև ԱՄՆ-ին են մեղադրում: ՈՒ նույն կարուսելը պտտվում է և կպտտվի մինչև Պուտինի իշխանության քառորդ դարը բոլորելը: Իսկ համաշխարհային տնտեսության զարգացումը այն սքանչելի իրողությունն է, որ Հայաստանին կվերաբերի ևս մեկ տասնամյակ անց միայն` դատելով իշխող կուսակցության քաղաքական ու տնտեսական ծրագրերից, որտեղ երկիրն ու մարդը երկրորդական են, գլխավորը իշխանությունը պահպանելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ