Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկը սպասում է լսումներին, մյուսն էլ երթ է անում

Մեկը սպասում է լսումներին, մյուսն էլ երթ է անում
19.01.2018 | 13:35

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրների հարցերի հիմնական թեման թանկացումներն էին: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները կառավարությունից փորձում էին, ի վերջո, հստակ պատասխան ստանալ, թե ինչ է անելու շարքային քաղաքացին թանկացումներին դիմակայելու համար: Վարչապետն ու փոխվարչապետը խոսում էին թվերի լեզվով, սակայն ընդդիմադիրներին դա չէր բավարարում: Եթե «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է ԱԺ լսումներին, որ իրեն հուզող հարցերի պատասխանները լսի, «Ելքը» կառավարության պարզաբանումներից այլևս ոչ մի ակնկալիք չունի, միակ ելքը տեսնում է փողոցային պայքարի մեջ:
Այդուհանդերձ, այս երկու խմբակցությունների անդամներից փորձեցինք պարզել` ԱԺ-ում կառավարությունն ինչ-որ չափով կարողացա՞վ թանկացումների առնչությամբ հստակություն մտցնել:

«ՈՒՐԻՇ ԼԵԶՈՒ ՆՐԱՆՔ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ»

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ («Ելք» խմբակցության անդամ)
-Մեր դեմքի արտահայտությունից չերևա՞ց, որ պատասխաններից դժգոհ էինք: Կառավարությունն ասում է` ձեր փաստարկները չենք ընդունում, չենք փոխելու ոչինչ: Սա նշանակում է, որ քաղաքացիները զանգվածային ակցիաների պետք է դիմեն, որոնց արդյունքում էլ նրանք կզիջեն: ՈՒրիշ լեզու նրանք չեն հասկանում, որովհետև շատ լավ են ապրում, չեն հասկանում, որ մարդիկ չեն կարող էդ թանկացումների տակից դուրս գալ: Ասում են՝ բենզինը թանկացել է, գազ լցրեք, գազը թանկացե՞լ է, քայլեք, սովա՞ծ եք, ջուր խմեք, մրսու՞մ եք, տաք հագեք: Կառավարությունն այս տրամաբանությամբ է աշխատում, իրենց հետ ի՞նչ խոսենք: Այսինքն, կառավարությունն ադեկվատ չէ:
-Այդ պատասխաններում որևէ հիմք չկա՞, որ ձեր այսօրվա երթը չեղարկվի:
-Ընդհակառակը, կարծում եմ, վարչապետի պատասխաններից մեր երթի մասնակիցների թիվը բազմապատկվելու է: Նրա պատասխանները լսելուց հետո նրանք, ովքեր կասկածում էին` գալ երթի, թե ոչ, համոզվեցին, որ ճիշտը երթին մասնակցելն է: Այնպես որ, վարչապետը որքան կարողացավ, իր պրովոկացիան արեց:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ Է ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ»

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ («Ծառուկյան» խմբակցության քարտուղար)
-Ընդդիմադիրների հարցերին տրված պատասխանները գոհացուցիչ չէին: Գնաճի փաստը շատ ավելի հստակ է: Մեր ժողովուրդն օբյեկտիվ դժգոհություն է հայտնում: Կառավարությունը խորքային պարզաբանում չներկայացրեց: ԱԺ լսումների ժամանակ պետք է ավելի խորքային վերլուծություններ ներկայացվեն, որպեսզի բացահայտումներ լինեն, ոչ թե վերացական ձևակերպումներ:
-Կառավարությունը խոսում էր թվերի լեզվով, ներկայացնելով նաև էժանացած ապրանքների ցանկը:
-Դրանք համոզիչ չէին: Ասում են 2, 6 տոկոսի թանկացում է եղել, որը միջինացված թիվ է, քանի որ մի ապրանքը կարող է 0,01 տոկոսով թանկացած լինի, մյուսը` 40: Իրականությունն այն է, որ առաջին սպառման մթերքներն են շատ թանկացել: Թանկացել են նաև կարտոֆիլը, ձուկը, խոզի, գառան, տավարի միսը, դիզելային վառելիքը: Այս ամենը շղթայական թանկացումների է հանգեցնելու:


Ճեպազրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ