Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ալիևի և Էրդողանի ասածներն ամենևին էլ հիմարություն չեն»

«Ալիևի և Էրդողանի ասածներն  ամենևին էլ հիմարություն չեն»
30.03.2018 | 00:36

Վերջին օրերին Նախիջևանի շուրջ խոսակցությունները պարզունակ են թվում, երբ խնդրին այլ դիտանկյունից ես նայում: Այն, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմն է իրականացնում այս տարածաշրջանում, լուրջ մտահոգությունների առիթ է տալիս, իսկ մենք, ամեն ինչ թողած, ինչ-որ հողերի գրավման մասին միֆեր ենք հյուսում: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագիտական ֆոնդի նախագահ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ մի խումբ համակիրներով մինչև տարեվերջ փորձելու են Հայաստանում Նախիջևանի իրադրության վերաբերյալ միջազգային ֆորում հրավիրել:

-Ի՞նչ նպատակ ունի այդ ֆորումը, և ովքե՞ր են դրան մասնակցելու, պարոն Նավասարդյան։
-Հիմա նախաձեռնող խումբ ենք ստեղծում, որն զբաղվելու է տեխնիկական հարցերով: Բնականաբար, այդ ֆորումով բոլոր հարցերը չեն շտկվի, Նախիջևանի ուղղությամբ էլ մեծ հաջողությունների չենք հասնի, բայց հատկապես երկու պատճառով այս խնդրին պետք է մեծ ուշադրություն դարձնել: Նախ` իրավիճակին պետք է տրվի քաղաքական հնչեղություն՝ ելնելով մեր ռազմական և ազգային շահերից: Թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականությունը Նախիջևանում ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլև շատ երկրների: Կարծում եմ` այս ֆորումով կկարողանանք քաղաքական միտքը կենտրոնացնել խնդրի վրա: Ղարաբաղյան հակամարտության ֆոնին բացարձակ անտեսվել, ուշադրությունից դուրս է մնացել Նախիջևանը, այսինքն՝ ինչ է կատարվում այնտեղ, ինչ շարժեր են նկատվում: Մեզանում շատ քչերը կարող են ասել, թե ինչ է Նախիջևանը, և ինչ վտանգներ կարող են լինել: Դիտարկենք Նախիջևանի նախապատմությունը։ 1921-ի մարտին Ստալինը, փաստորեն, նվիրեց այն Ադրբեջանին. առանց Հայաստանի մասնակցության թուրքերի հետ բանակցեց ու Նախիջևանը տվեց Ադրբեջանին: Հետո Հայաստանի ներկայացուցչի ներկայությամբ կնքվեց Կարսի պայմանագիրը, որով այդ փաստը վերստին ամրագրվեց, այն է՝ Նախիջևանը կլինի Ադրբեջանի կազմում: Ես գտել եմ մի փաստաթուղթ, որը կոչվում է Երևանյան համաձայնագիր: Այն ստորագրվել է այս երկու համաձայնագրերից առաջ՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին:
-Ովքե՞ր են ստորագրել, և ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը:
-Համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության և Հայաստանի միջև: Հայաստանը դեռ խորհրդայնացված չէր, բայց գործերը վարում էր Դրոն: Այսինքն, համաձայնագիրը ստորագրված է Դրոյի և Լուկաշինի միջև, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այս-այս տարածքները, այդ թվում` Նախիջևանը, որը մտնում է Երևանի գավառի մեջ, պատկանում են Հայաստանին: Այս համաձայնագիրն ընդհանրապես կորել է, չկա: Ո՛չ հայկական կողմն է դրան ուշադրություն դարձրել, ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական, ո՛չ էլ ռուսական: Սա շատ հետաքրքիր պահ է, որովհետև նույն օրը՝ դեկտեմբերի 2-ին, դաշնակցականները ստորագրում են Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը:
-Հիմա այս համաձայնագրի վրա լույս սփռելն ինչ-որ բան կփոխի՞:
-Չեմ ասում, որ պայմանագիրը կարող է շրջադարձային լինել, սակայն շատ կարևոր է այն առումով, որ նախադեպ կստեղծի խնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից ուսումնասիրելու առումով: Արդեն երեք փաստաթուղթ մատնանշեցի, որոնցից երկուսում փաստվում է, որ Նախիջևանը Հայաստանինն է, իսկ Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրերով էլ Նախիջևանը խնամակալության է հանձնվում Ադրբեջանին: Անցած 70-80 տարիների ընթացքում այդ երկու պայմանագրերը գլխիվայր շուռ են եկել: Այն, ինչ Ադրբեջանն իրավունք չուներ անելու, իմա՝ իրավունք չուներ իր խնամակալության ստատուսը խախտելու, իրականում խախտել է` ամբողջովին անեքսիայի է ենթարկել Նախիջևանը: Դեռ ավելին, Թուրքիային ասել է՝ էստի համեցեք: Բացի այդ երկու պայմանագրերից, աղաղակող կետով խախտվել են այն ժամանակվա՝ 1920-ական թվականների Խորհրդային Ադրբեջանի Սահմանադրության 134-րդ հոդվածը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածները: Ասել է՝ 4 միջազգային փաստաթուղթ ոտնահարված է:
-Այսօր ի՞նչ է կատարվում Նախիջևանում:
-Ես դա կանվանեի Թուրքիայի կողմից ռազմական անեքսիա: Վերջին տարիներին 7-8 համատեղ զորավարժություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 5000 զինվոր, ինչպես ասում են՝ սվին: 2010-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիր», որի 3-րդ կետով ասվում է, որ եթե Ադրբեջանի, կոպիտ եմ ձևակերպում, մազին կպչեն, իրենք նրա կողքին են: Բացի այս ամենից Նախիջևանում կա մեծ թվով ժամանակակից ռազմական զինտեխնիկա, իսկ Հայաստանն ընդամենը 60 կմ է հեռու այդտեղից: Անցյալ օրը մեր «խելոք» քաղաքական գործիչներից մեկն ասաց, թե մենք հսկում ենք ողջ «աերոդրոմը»: Հիմա հարց է ծագում` եթե «աերոդրոմը» հսկում ես, համարում ես, որ քեզ ոչ մի վտանգ չի սպառնում, իսկ ի՞նչ կլինի, եթե թվային համակարգը դնեն «աերոդրոմից» 2 կմ հեռու և խփեն Հայաստանին: Բացի այս ամենից, Նախիջևանում է կոսմիկական հետազոտությունների կայանը, որն ունի երկու արբանյակ, հիմա էլ ուզում են 3-րդ, 4-րդը ստեղծել: Դրանք ռազմական հետախուզական գործառույթներ ունեն ողջ տարածաշրջանի նկատմամբ: Փաստերը ցույց են տալիս, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք հոյակապ գիտեին ամեն մի քարի ու ծառի տեղը: Իսկ մենք չունենք այդ սարքերը, արբանյակային համակարգ չունենք: Չնայած ֆրանսիացիների հետ այսքան լավ հարաբերություններ ունենք, բայց ֆրանսիացիների օգնությամբ են ադրբեջանցիները ստեղծել իրենց արբանյակային համակարգը, որից օգտվում է Թուրքիան, նրանց հետ սկսել է համագործակցել նաև Ղազախստանը: Սա նշանակում է մուսուլմանական ժամանակակից հոյակապ արբանյակային կոսմիկական ռազմական հետախուզական հսկողություն առաջին հերթին Հայաստանի նկատմամբ: Թուրք մեկնաբաններն ասում են, թե Նախիջևանի ողջ զինուժն այն բանի համար է, որ եթե Հայաստանի հետ սկսվեն ռազմական գործողություններ, անհրաժեշտության դեպքում ստեղծվի երկու ռազմաճակատ: Հիմնական ճակատի թիկունքը կլինի շատ թույլ, այսինքն, Ղարաբաղից ուշադրությունը կշեղվի դեպի Նախիջևան:
Իսկ վերևում նշած փաստերը դեռ բոլորը չեն, կարող ենք նորերն ավելացնել՝ մեր հուշարձանների վերացում, տնտեսական, դեմոգրաֆիական խնդիրներ (այնտեղ ոչ մի հայ չկա) և այլն: Ահա այսպիսի վիճակում է Նախիջևանը: Մեր նպատակը ոչ թե ֆրանսիացիների, ամերիկացիների, ռուսների ուշադրությունը Հայաստանի վրա գրավելն է, թե տեսեք ինչ է կատարվում, այլ ավելի մեծ աշխարհաքաղաքական խնդրի մասին բարձրաձայնելը: Իմ խորին համոզմամբ, այս ամենը թուրք-ադրբեջանական ռազմական դոկտրինի շղթա է: Երբ Ալիևն ասում է` կգամ Երևանը կգրավեմ, դա ամենևին էլ հիմարություն չէ: Երբ Էրդողանը հայտարարում է, թե ինչ նկրտումներ ունի Հայաստանի հանդեպ, դրանք ևս հիմարություն չեն: Պանթյուրքիզմի հարվածային վեկտորներից մեկը Նախիջևանն է, եթե ինչ-որ բան լինի, նրանք Նախիջևանով հարվածելու են Հյուսիսային Կովկասին՝ նպատակ ունենալով հասնել մինչև Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջաններ, դեպի արևելք՝ Միջին Ասիա: Սա Չավուշօղլուի գծած սցենարն է, որը Էրդողանը փորձում է իրագործել: Սա մի ուղղությունն է, մյուսն էլ գնում է դեպի Մերձավոր Արևելք: Աֆրինը գրավեցին, երկու ռազմակայան է ստեղծված. մեկը Կատարում, մյուսը՝ Սոմալիում, երրորդը պետք է լինի Սուդանում: Հիմա Էրդողանի հիմնական խնդիրը 1923-ի Լոզանի պայմանագիրը վերանայելն է՝ ասելով, որ սրանք Օսմանյան կայսրության հողերն են, և իրենք հետ են ուզում: Երբ ասում եմ, որ Նախիջևանում կատարվողի վերաբերյալ ահազանգ պետք է հնչեցնել, հիմնական նպատակը ցույց տալն է, որ այս ամենը քաղաքակիրթ աշխարհի դեմ է ուղղված: Հիմնական մեխը պետք է լինի սա: Շատ վտանգավոր խաղ է սկսվել: Ֆորումին ներկա կլինեն Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից հրավիրված փորձագետներ, կփորձենք նաև Թուրքիայից մարդ հրավիրել:
-Փաստորեն, մինչ աշխարհին հասնելը, թուրք-ադրբեջանական օղակը սեղմվում է Հայաստանի շուրջը: Իսկ մենք ի՞նչ ենք անում:
-Ավելին ասեմ, օրերս պարզվեց, որ ցանկանում են քառակողմ ալյանս ստեղծել՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան: Մենք ու՞ր ենք: Պետք է կարողանանք աշխարհին հասկացնել իրավիճակի լրջությունը: Ի դեպ, չմոռանանք արձանագրել նաև, որ թուրքական ԶՈՒ երրորդ կորպուսը Նախիջևանում է տեղակայված:
-Հայաստանի դիվանագիտական կորպուսը, իշխող վերնախավը վտանգ չե՞ն տեսնում:
-Դժվարանում եմ ասել, քանի որ այդ առումով տեղեկություններ չունեմ: Գուցե շատ բաներ արվում են, մե՞նք չգիտենք: Կարծում եմ` այս ֆորումին պետք է բոլորը մասնակցեն: Այն, ինչ հնարավոր է այս ճանապարհով անել, ավելի հեշտ է, քան պետական խողովակներով:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ