Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թրամփի որոշումը բխում է Մոսկվայի շահերից

Թրամփի որոշումը բխում է Մոսկվայի շահերից
10.05.2018 | 08:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Նման վճռական ու անդառնալի քայլ Թրամփից չէին սպասում նույնիսկ Երուսաղեմում դեռ մեկ շաբաթ առաջ:

Ենթադրվում էր, որ նա կոշտ կքննադատի համաձանագիրը և կհրաժարվի երկարաձգել հակաիրանյան պատժամիջոցների դադարեցման հրահանգը: Այդ քայլը կարող էր հանգեցնել համաձայնագրի աստիճանական դադարեցմանը, բայց եվրոպացիներին հնարավորություն կտար պայմանավորվել Իրանի հետ լրացուցիչ սահմանափակումների մասին իրենց «խաչակրաց արշավանքում»: Փոխարենը Թրամփն ընտրեց առավելագույն կոշտ գործողությունները իր հնարավորությունների զինանոցից: Նրա փաստարկները հիշեցնում էին նախընտրական խոստումները և համահունչ էին Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուիի ու ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարություններին: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնագիրը ոչ միայն չի սանձել այաթոլաների հեգեմոնիայի ձգտումը Պարսից ծոցում, հետո նաև Մերձավոր Արևելքում, այլև նպաստել է նրանց ագրեսիայի ընդլայնմանը: Թրամփը նշեց Իրանի մեծ աջակցությունը Հեզբոլահին, Համասին և ահաբեկչական այլ կազմակերպությունների, լայնամասշտաբ ռազմական ագրեսիան սեփական սահմաններից դուրս, նաև բալիստիկ հրթիռների արձակման սեփական փորձերը` հետագայում միջուկային մարտագլխիկներով օգտագործելու համար: Թրամփի ելույթում հիշատակվեցին և Իրանում Մոսադի ձեռքբերած փաստաթղթերը, որ հաստատում են Իրանում միջուկային ծրագրի գոյությունը ոչ միայն մինչև 2003-ը, այլև մեր օրերում:

Իրանի հետ կնքված համաձայնագիրը միայն նպաստում է Իրանի երկարաժամկետ հավակնությունների առաջմղմանը, որ անխուսափելիորեն հանգեցնելու են Մերձավոր Արևելքում միջուկային մրցավազքին: Նախագահ Թրամփը համոզված է, որ իրավիճակը հենց այդպիսին է: Վերջին մի քանի շաբաթներին ԱՄՆ-ի եվրոպական հիմնական գործընկերները փորձում էին համոզել Դոնալդ Թրամփին Իրանի հետ համաձայնագրի շարունակման նպատակահարմարությունը, սակայն Վաշինգտոնում բոլոր բանակցություններից հետո ստեղծվեց տպավորություն, որ ավելի շուտ ԱՄՆ նախագահին է հաջողվել գործընկերներին համոզել Իրանին կասեցնելու անհրաժեշտության մեջ, քան հակառակը: Նրանք այդքան հեռու չգնացին, որքան Թրամփը, բայց հասկացրին, որ կգնան նրա հետ: Առավելևս, որ դիմադրությունը արդյունավետ չէ` նոր պատժամիջոցները կփակեն ԱՄՆ շուկան եվրոպական ընկերությունների համար, որ կշարունակեն գործակցել Իրանի հետ: Վստահաբար` եվրոպական գործարարներն ու առևտրականները չեն ցանկանա ԱՄՆ-ում հայտնվել պերսոնա նոն գրատայի կարգավիճակում: Այդ պատճառով` պատժամիջոցները կաշխատեն, չնայած ԵՄ ազդեցիկ շատ անձանց ներքին դժգոհությանը:


Թրամփի որոշումը ևս մեկ անգամ վկայեց նրա հաստատակամությունը` չնայած վաշինգտոնյան իստեբլիշմենտի դիմակայությանը: Դա միայն սովորական ցանկություն չէ ցույց տալ, որ նախընտրական արշավում իր «ջենտլմենի խոսքը» ծանրակշիռ ու ազդեցիկ է, ի տարբերություն ուրիշների, թեպետ այդ դրդապատճառները նրան խորթ չեն: Գլխավորը համոզմունքներով գործելու ունակությունն է: Մենք դա տեսել ենք խնդրահարույց մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու համառության մեջ, տեսել ենք անօրինական միգրացիան կանխելու նրա հետևողական քայլերի մեջ, նաև` ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու: Երբ Թրամփը հայտարարեց Իսրայելի մայրաքաղաքում դեսպանատուն բացելու մտադրության մասին, ռուսական «հեռուստաքաղաքագետների» լեգիոնը և նույնիսկ Արևմուտքում հարգված շատ փորձագետներ կանխատեսեցին «Գոգի ու Մագոգի պատերազմ»: Եվ ինչու՞ է ամեն ինչ այսքան հանգիստ: Նրանց զառանցանքների մեջ կար պնդում, որ դա տարիների գործընթաց է: Երուսաղեում ԱՄՆ դեսպանատունը կբացվի հաջորդ շաբաթ: Այդ ենթատեքստում տեղին է հիշել Իսրայելի վարչապետի մեծ հաղթանակը: Երբ նա հրավիրվեց ԱՄՆ Կոնգրես ելույթ ունենալու Իրանի հետ համաձայնագրի դեմ Բարաք Օբամայի կառավարման տարիներին, շատ խորհրդականներ պնդում էին, որ ԱՄՆ նախագահի հետ տետատետ բախումը վատ հետևանքներ կունենա: Նետանյահուն գնաց առճակատման և ապահովեց ուժեղ ու ազդեցիկ ղեկավարի կարգավիճակ: Եթե վերացարկվենք ռուսական կենտրոնական հեռուստաալիքների «շոուների» աղմուկից` Իրանի հետ համաձայնագրի խզումը հիանալի նորություն է Ռուսաստանի համար: Իրավիճակի ռեալ գնահատականով` Իրանը Մոսկվայի համար եղել ու մնում է պարզապես տարածաշրջանային մրցակից: Եթե ուշադիր հետևենք աշխարհում բարձր հեղինակություն ունեցող քաղաքական վերլուծաբան, ԿՀՎ-ի սան Ջորջ Ֆրիդմանի գնահատականներին` մեծ հավանականություն կա, որ Իրանը կարող է դառնալ ԱՄՆ-ի գործընկերը Ռուսաստանի հետ ճգնաժամի սրման դեպքում: Որոշ ռուս ռազմական վերլուծաբաններ ևս վերջերս ասում էին, որ միջուկային զենքով Իրանը Ռուսաստանի անվտանգության թիվ 1 սպառնալիքն է: Ի տարբերություն Իրանից ավելի հեռու Իսրայելի` Ռուսաստանը գործնականում սահմանակցում է Իրանին դեռ չկարգավորված ջրային սահմաններով: Ավելին` իրավիճակը Սիրիայում այսօր այնպիսին է, որ Իրանի ներկայությունն այնտեղ Մոսկվայի համար ավելի շատ բեռ ու տհաճությունների աղբյուր է, քան կարևոր է նրա մասնակցությունը ռազմական գործողություններին սունի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Իրանի ցամաքային զորքերի և այլ աշխարհազորայինների ներկայությունը կարևոր դեր խաղաց Ասադի վարչակարգի պահպանության համար: Սակայն հիմա նրանց ներկայության օգուտը համարյա զրոյի է հասել: Հավելեք Իրանի վիրավորական ու ուխտադրուժ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, երբ պատժամիջոցները հանելուց հետո նետվեց արևմտյան ընկերությունների գիրկը` թիկունք դարձնելով ռուս գործընկերներին: Այս ենթատեքստում Իրանի լիակատար խզումը Վաշինգտոնի հետ Թեհրանում վարչակարգի հնարավոր փոփոխությամբ և անխուսափելի թուլացմամբ լիովին բխում է Ռուսաստանի շահերից: Իդեպ, Բենյամին Նետանյահուն նորից Մոսկվայում է` Կարմիր հրապարակում շքերթին մասնակցելուց հետո նա ամեն ինչի մասին կարող է խոսել Պուտինի հետ և այս անգամ կարող է համաձայնության ու համագործակցության մեծ դաշտ գտնել:
Ավիգդոր Էսկին, REGNUM


Հ.Գ. Սա հայտնի հրեայի տեսակետ է և կողմնակալությունը բնական է: Համենայն դեպս` եվրոպացիների մասով: Մակրոնը, Մերկելը, Մեյը փորձում էին համոզել Թրամփին պահպանել համաձայնագիրը: Մակրոնը Վաշինգտոնին նոր ձևաչափ էր առաջարկում` Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ, նոր գործարք, որ
նախատեսում էր Եվրոպայի ու ԱՄՆ-ի համատեղ ջանքերը` Իրանի միջուկային ծրագիրը մինչև 2025-ը կասեցնելու համար: The New York Times-ը հետո գրեց, որ ԱՄՆ նախագահը Մակրոնին տեղեկացրել է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին: Դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը հայտարարեց. «Մենք պետք է Իրանի վրա մեծ ճնշում գործադրենք լրացուցիչ պատժամիջոցներով, որ թույլ չտանք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը: Բայց համաձայնագրից դուրս գալը տրագիկ սխալ է, որ մեզ կբաժանի մեր եվրոպացի դաշնակիցներից և թույլ կտա Իրանին մեկ տարում միջուկային զենք ստանալ` 7-12 տարում չստանալու դիմաց»: Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ափսոսում են Թեհրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին համաձայնագրի կողմերին կոչ արեց պահպանել պայմանավորվածությունները: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշեց, որ Թրամփի որոշմանը ԵՄ միասնական արձագանք է պետք: ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ Իրանը պահպանում է համաձայնագիրը, որ կարող է գործել և առանց ԱՄՆ-ի, որ առևտրական հարաբերություններ չունի Իրանի հետ: Բայց ինչպե՞ս կպահեն իրենց Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանը: Կմիավորվե՞ն «իրանյան» հողի վրա` ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու: Առայժմ եվրոպացիները Իրանի հետ համաձայնագիրը համարում են դիվանագիտական մեծ հաջողություն: Թեհրանի արձագանքը կանխատեսելի էր` նախագահ Հասան Ռուհանին պետական հեռուստատեսությամբ հայտարարեց. «ԱՄՆ կզղջա, ինչպես իր պատմության մեջ երբեք չի ղզջացել»: Ասաց` եվրոպական երկրների համաձայնագիրը պահելու պատրաստակամությունն իր համար ավելի կարևոր է ԱՄՆ նախագահի կարծիքից: ВВС-ին հաղորդում է, որ նրա հրահանգով դիվանագետները սկսել են բանակցել Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի, Մոսկվայի և Պեկինի հետ` գնահատելու պահպանելու հնարավորությունները: «Եթե մենք հասկանանք, որ մեր շահերը չեն պաշտպանվում, ես կդիմեմ ժողովրդին ու կհայտնեմ մեր որոշումը»` խոստացավ Ռուհանին: Արևմտյան փորձագետների կարծիքով` Թեհրանը փորձելու է փոխել քաղաքական ուժերի դասավորությունը Մերձավոր Արևելքում: Բացի Իսրայելի վարչապետից` ԱՄՆ նախագահի որոշումը դրվատել է և Սաուդյան Արաբիան:
Ակբար Շահիդ Ահմեդը The Huffington Post-ում գրում է, որ Թրամփի` Իրանի հետ գործարքից դուրս գալու որոշումը Ռուսաստանի հաղթանակն է: Նախ` որոշումը կթուլացնի ԱՄՆ-ի հարաբերությունները մյուս պետությունների հետ և կստեղծի խնդիրներ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարիներ պիտի ջանա լուծել և դա ձեռնտու է ԱՄՆ-ի հակառակորդ Ռուսաստանին: Այդ քայլը Պուտինի երկու գլխավոր նպատակների կատարումը կմոտեցնի` տրոհել ԱՄՆ-ի գլխավորած դեմոկրատական երկրների ալյանսը և ամրապնդել Ռուսաստանի այլընտրանքային միավորումը, որի անդամ են Իրանն ու նրա գործընկերները Մերձավոր Արևելքում: Համաձայնագիրը ձեռնտու էր Ռուսաստանին, որ չէր ցանկանում նոր երկրներ միջուկային զենք ունենան և իր առավելություններից մեկը նվազ արժեքավոր դարձնեն: «Ռուսաստանին երբեք դուր չի եկել Իրանի ներուժը, որ կարող էր ճեղքում ապահովել»` ասել է Լոնդոնի պաշտպանական հետազոտությունների արքայական ինստիտուտի աշխատակից Մայքլ Ստիվենսը: Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշման մեծացմանը զուգահեռ Թեհրանի համար կդժվարանա բարեկամներ գտնելը և դա Թեհրանին թողնում է Մոսկվայի հետ դաշինքի մեջ: Կոշտ գծի կողմնակիցները Թեհրանում ցանկանում են ամրապնդել այդ հարաբերությունները և ուժեղացնել Արևմուտքի դեմ պայքարի զգացողությունը, որ խորացնում է ագրեսիվ ազգայնականությունը: «Մեկուսացված Իրանը նշանակելու է` ռուսները հաղթեցին աշխարհաքաղաքական առումով»` գտնում է Ռեզա Մարաշին` National Iranian American Council-ի գիտության գծով տնօրենը: Նրա կարծիքով` ԱՄՆ-ը նպաստում է Մոսկվայի պատկերացումների ամրապնդմանը, որ Վաշինգտոնը կարող է գերակայել Մերձավոր Արևելքի հարավում, բայց հյուսիսը` ներառյալ Սիրիայի առանցքային շրջանները, Իրաքը, Իրանն ու Թուրքիան, Ռուսաստանի ազդեցության տակ են: Դա հենց այն է, ինչ ուզում է Պուտինը, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից 27 տարի հետո թվա ԱՄՆ-ին հավասար: Համենայն դեպս` Իրանը դադար է վերցրել իրավիճակը գնահատելու համար, իսկ մինչ այդ Դոնալդ Թրամփը կարող է նոր խնդիր հնարել իր ու աշխարհի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ