Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ինձ համար անձնապես երկու բան է շատ դժվար` փակելը և քանդելը»

«Ինձ համար անձնապես երկու բան է շատ դժվար` փակելը և քանդելը»
22.01.2019 | 04:46

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի պայմանագրի ժամկետը մշակույթի նախարարությունը չի երկարաձգել: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը: Նախկին տնօրենը չի զիջում դիրքերը:
Փորձեցինք պարզել` ճշմարտամո՞տ է այն հայտարարությունը, որ եթե թատրոնում ստեղծված թնջուկը կարճ ժամանակում չհանգուցալուծվի, ՊՈԱԿ-ը կարող է լուծարվել: Մշակույթի փոխնախարար ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ խոսքով` թնջուկը չի կարող չհանգուցալուծվել, որովհետև թատրոնն ունի խնդիրներ, պարտքեր, այդ խնդիրների համար պատասխանատու մարդիկ պետք է ներկայացնեն հաշվետվություններ. «Մինչև այդ հարցերը չլուծվեն, ՊՕԱԿ-ը չի կարող փակվել, բայց ամեն օրը գումարվում է այս պարապուրդին, ոչ կնիքն են ստացել, ոչ ներքին համակարգի կոդը, որ տնօրենի պաշտոնակատարը կարողանա համակարգ մուտք գործել, տեսնել, թե ինչ թղթաբանություն կա»:


Գայանե Կարապետյանը չի հանձնել նաև տարածքը, Լիլիթ Փալանջյանը, թեև չունի աշխատասենյակ, բայց փոխնախարարի տեղեկացմամբ, աշխատում է և պարբերաբար կապի մեջ է նախարարության հետ: «Ըստ կանոնակարգի առաջ ենք շարժվում, ձևավորել ենք գույքի ընդունման և հանձնման հանձնաժողով: Տիկին Կարապետյանը հրաժարվել է մասնակցելուց այդ հանձնաժողովի աշխատանքներին: Գրվել է արձանագրություն այն մասին, թե ինչպես է խափանվել հանձնաժողովի աշխատանքը: Այս պահին` այսքանը»:


Հետաքրքրվեցինք` հաշվի առնվե՞լ է նախկին տնօրենի այն հայտարարությունը, որ ինքը գումարներ է ներդրել, գույք է տրամադրել թատրոնին: «Ինչպե՞ս կարող ենք իմանալ` դա իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ոչ, երբ տիկին Կարապետյանը ոչ մի ձևով թույլ չի տալիս, որ գույքի հանձնման-ընդունման գործողություն կատարենք: Ասում է, որ հարյուր հազարների ներդրում է արել, ես ոչ մի առարկություն չունեմ իր գույքը իրեն հանձնելու, եթե նա ցույց տա այդ ներդրումների փաստաթղթային հիմնավորումները: Առաջին օրվանից ասում է` այո, ունեմ այդ հիմնավորումները, բայց առայսօր ոչ մի փաստաթղթային հիմնավորում չունենք իր ներդրումների մասով»,- պարզաբանեց փոխնախարարը, ընդգծեց նաև, որ թատրոնն իրոք փակման վտանգի տակ է, այս տարի, սուբսիդիայի (ոչ լրացուցիչ) համաձայն, պետք է պատրաստեր 80 ներկայացում, ոչ մի ներկայացում չի արվել: Բացի այդ, պարտքեր ունի, խնդիրներ կան հարկայինի հետ: Նաև պարզվել է, որ խորեոգրաֆիայի թատրոնը փոխել է իր ձևաչափը` դառնալով մյուզիքլային:


«Բայց ստեղծվել է թատրոն, տարիների ավանդ ունի, ինձ համար անձնապես երկու բան է շատ դժվար` փակելը և քանդելը: Դրա համար որոշում էինք կայացրել նախարարի հետ` ևս մի հնարավորություն տալ հասկանալու համար` կարո՞ղ է թատրոնը վերակենդանանալ ու աշխատել նորմալ ռեժիմով: Բայց դրա համար, նույն պարտականությունը չէինք կարող նույն մարդու վրա դնել: Ղեկավար կազմը պետք է փոխվեր»:
Ըստ ամենայնի, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կարգի բերի թղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ տնօրենի պաշտոնի համար. «Եթե հայտարարեցինք, նշանակում է մեր եզրակացությունը հետևյալն է` այո՛, թատրոնը շարունակում է իր գործունեությունը, եթե չհայտարարեցինք, ուրեմն մեկ ամիս հետո կլինի փակելու եզրակցություն»:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ