Գյումրու քաղաքապետ, մի քանի կուսակցության անուն ճակատին գրած ու մաքրած Սամվել Բալասանյանը, պարզվում է, քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ, որտեղ աշխատակիցների է ընդունում միայն հայտնի ԽԾԲ-ի սկզբունքով: Գյումրու մեր աղբյուրները փոխանցել են քաղաքապետարանում աշխատողների ցուցակը, ովքեր այս կամ այն առնչությունն ունեն Սամվել Բալասանյանի հետ: Բալասանյանի կադրային բանկն ունի ուշագրավ «աշխարհագրություն»: Այսպես. Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Բալասանյանի փեսան է` քրոջ ամուսինը, մյուս փոխքաղաքապետը` Գուրգեն Մալխասյանը, դատավոր ընկերոջ` Ապերի որդին է: Գյումրեցիներն այս փոխքաղաքապետին են վերագրում նաև ընտրական շրջանում Բալասանյանի հրահանգով քվեների ապահովումը: Մինչ վերջերս նա Բալասանյանի «սեփականաշնորհած» թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի «մշտական» նախագահն էր: Այս փոխքաղաքապետի մասին այլ ուշագրավ դրվագ ևս հաղորդում է մեր աղբյուրը: Նրա վարորդն իր իսկ որդին է, ում փոխքաղաքապետ «պապան» բանակից «փախցրել» է 10000 դոլարով:
Գյումրու գարեջրի սեփական գործարանից, ինչպես գյումրեցիներն են կատակում` «հենակետային վարժարանից», Բալասանյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է բերել Ռոբերտ Ասատրյանին:
Քաղաքապետի խորհրդականը երևանցի Արարատ Բալաբեկյանն է, ում մոտ, ըստ նույն աղբյուրի, Բալասանյանը քաղաքապետ է աշխատում: Բալաբեկյանը քաղաքապետի որդու` Միսակի ընկերն է: Ի դեպ, այս խորհրդականն այնքան էլ լավ խորհուրդներ չի տալիս Բալասանյանին, քանի որ վերջերս նրա «հեղինակավոր» խորհրդով մշակված Գյումրու բյուջեի նախագիծը որակվել է «անգրագետ կուրսային աշխատանք» ու հետ է վերադարձվել լրամշակման:
Բալասանյանը մանկության ընկերոջը` Հակոբ Սարգսյանին, ևս անգործ չի թողել: Նա քաղաքապետի օգնականն է, ում եղբայրը Բալասանյանին պատկանող «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի տնօրենն է և քաղաքապետի հորեղբոր աղջկա ամուսինը: Ի դեպ, վերջինիս դստերը ևս քաղաքապետարանում աշխատանք է տրվել` աշխատանքի կառավարման բաժնում:
Գյումրու նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, որ 2002-ին հեռացվել է աշխատանքից, ինչպես գյումրեցիներն են պատմում, «օրենքով գողերի» հետ կերուխումի մասնակցելու պատճառով, նշանակվել է քաղաքապետարանի համատիրությունների մոնիթորինգի բաժնի պետ: Հավելենք, որ 2010-ին նա վերականգնվել է ոստիկանության համակարգում, սակայն վերստին ազատվել է աշխատանքից` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Բալասանյանն այստեղ գործել է հայտնի ֆիլմի «որ ասում եմ` ես, Արուսը հետս է» մոտեցմամբ: Շահնազարյանի կինը` Ռուզաննա Ղազարյանը, նույնպես քաղաքապետարանում է աշխատում, ամուսնու «բաժնում», այլ խոսքով, շեֆը ամուսինն է:
Վերջին երկու օրինակներից կարելի է հասկանալ նաև, որ ընտանիքներով են աշխատանքի անցնում քաղաքապետարանում: Իսկ թե էլ ովքեր են Բալասանյանի կադրային «բանկը» հարստացնում, կտեղեկանաք «Իրատես de facto»-ի առաջիկա համարում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ