«Ես միշտ կարևորել եմ օբյեկտիվ, անկանխակալ լրատվության դերը և փորձել իրատեսորեն գնահատել նրա նշանակությունը հասարակական-քաղաքական կյանքում»,-այսօր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների տոնական ընդունելության ժամանակ ասաց Հովիկ Աբրահամյանը` կարևորելով լրագրողական աշխատանքում հանդուժողականությունն ու զսպվածությունը: «Ես բարձր եմ գնահատում ձեր դերը հասարակական կյանքում և ցանկանում եմ, որ դուք ձեր մտահոգություններում ու հրապարակումներում մշտապես առաջնորդվեք հասարակական շահով, անկեղծ մղումներով և հայրենասիրությամբ: Համոզված եմ, որ լրագրողի ձեր կոչումը հետայսու էլ մղելու է ձեզ արժանապատվորեն և ամենայն պատասխանատվությամբ կատարելու ձեր առաքելությունը: Ցանկանում եմ, որ 2014-ը լինի բարի լուրերի տարի: Մասնագիտական վերելք, հաջողություն, առողջություն և երջանկություն եմ մաղթում ձեզ: Թող գալիք տարում խաղաղություն լինի մեր հայրենիքում: Մենք մուտք ենք գործում 2014 թվական՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար խոստումնալից ապագայի հավատով»,- ասաց ԱԺ խոսնակը: Մեր գործընկերներից մի քանիսն էլ (Սիրանույշ Մուրադյանը («Հանրային հեռուստաընկերություն»), Ալինա Օրդյանը («Հ2» հեռուստաընկերություն), Շաքե Ղազարյանը («Արմնյուզ» հեռուստաընկերություն), Նելլի Գրիգորյանը («Առավոտ» օրաթերթ), Մարիետա Խաչատրյանը («Ազգ» օրաթերթ), Լիլիթ Պողոսյանը («Հայոց աշխարհ» օրաթերթ), Գագիկ Շամշյանը (Shamshyan.com կայք), Վարդան Մկրտումյանը («Կենտրոն» հեռուստաընկերություն), Հակոբ Ազատյանը («ԱՐ» հեռուստաընկերություն),) խորհրդարանի աշխատանքները բարեխիղճ և արհեստավարժ լուսաբանելու համար, պարգևատրվեցին ԱԺ նախագահի անվանական ժամացույցով: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մի քան հարցերի: Նախ՝ հայ-ռուսական պայմանագրերի մասին: «Ասում են՝ ինչի՞ են մեզանից գաղտնի պահել, ի՞նչ գաղտնի, 2011 թվականից ընթացել են բանակցություններ, և ասել ենք, որ գազի գինը կբարձրանա, թե ինչքանով՝ ասել ենք բանակցությունները ցույց կտան, հանրապետության նախագահն ասել էր՝ թանկանա կամ չթանկանա՝ հասարակության վրա չի ազդելու, և այդպես էլ եղավ: Իսկ 20 տոկոս բաժնետոմսերից ինչքան շահույթ ենք ստացել՝ ոչ մի շահույթ, իսկ մեզ մեղադրում են ոչ թափանցիկ գործունեության մեջ»: Իհարկե, ԱԺ նախագահը կառավարությանը ևս չխնայեց. «2013 թվականը կարևոր տարի էր, կարևոր որոշումներ են ընդունվել, սակայն այդ որոշումները պատշաճ չեն ներկայացվել հանրությանը, և մենք ունեցանք խորհրդարանի հասցեին բազմաթիվ քննադատություններ, որոնք անտեղի են, որովհետև խորհրդարանը ոչ մի դերակատարություն չի ունեցել վատ առումով, այլ կառավարությունը կարող էր ավելի թափանցիկ ներկայացներ հանրությանը այդ որոշումները»: Աբրահամայանը վերստին անդրադարձավ իր հասցեին «հերյուրանքներ» տարածող լրագրողներին և նրանց տված որակումներին: «Որոշ լրագրողներ փորձում էին հերյուրանքներ տարածել, որոնց, իհարկե, չհաջողվեց: Շնորհակալ եմ այն ողջամիտ լրագրողներին, ովքեր չգնացին այդ շանտաժին, պրովոկացիային ընդառաջ: Ես ձեր առաքելությունը չեմ տեսնում պատվերներ իրականացնելու մեջ: Սա վերաբերվում է այն քիչ թվով լրագրողներին: Վատ է, որ որևէ մի լրագրող սկսում է սրա նրա պատվերը կատարել: Ինձանից մի նեղացեք: Մի քանի կայք կա, որ ամբողջ օրը զբաղված են ինձ սևացնելով, հերյուրանքներ տարածելով իմ ու իմ ընտանիքի հասցեին: Ձեր առաքելությունն ավելի բարձր է: Հանրությունը ձեզանից ակնկալում է ճիշտ ինֆորմացիա: Եթե ես սխալ բան եմ անում, ու դրա մասին խոսում եք, ես չեմ վիրավորվի: Եթե թերություն ունեմ, ասում եք, չեմ նեղանա: Բայց չի կարելի ստեր ստեղծել, հորինել: Նման մարդկանց վերջը շատ վատ է լինելու»: «Վերջի» մասին այս բազմանշանակ ակնարկն էլ, թերևս, կարելի է դասել ամանորյա «բարեմաղթանքների» շարքին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ