Հայտնի պատճառներով այդպես էլ զինվորական երդում չտված զինակոչիկ ՄՀԵՐ ԽԼՂԱԹՅԱՆԻ մոր հետ նոր հանդիպումը հանդիպում էր ցավագին վիճակից դուրս չեկած հարազատի հետ, ով միայն մեկ մտահոգություն ունի՝ որդու վիճակը: Տարեվերջին միանգամայն առողջ բանակ զորակոչված Մհեր Խլղաթյանը ծառայելու էր Քարվաճառի Չոփռլուի զորամասում: Այսօր նա զինվորական հոսպիտալում է: Մայրը՝ Գոհար Շահնազարյանը, վերապատմեց նրա կարճատև ծառայության ողջ պատմությունը, որտեղ հարցականները ավելի շատ են, քան պատասխանները: Չպարզված հանգամանքներում ստացած մարմնական վնասվածքները տիկին Գոհարը բոլոր իրավունքներն ունի անվանելու ծեծուջարդ, ինչը փաստում են տղայի մարմնի կապտուկներն ու այրվածքները, գլխի հեմատոմաները, ուղեղի ցնցումը, այտուցված կիսադեմն ու շրթունքները: Այսօր արդեն Մհեր Խլղաթյանի վիճակը՝ համեմատած Երևան տեղափոխելու օրվա հետ, բարելավվել է: Երեք օր ու գիշեր վերակենդանացման բաժանմունքում նրա կողքին է եղել բժիշկ ՀԱՅԿ ՌԱԶՄԻԿԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ, որը, մոր խոսքով, այն աշխարհից որդուն վերադարձրել է այս աշխարհ, և հիմա դարձել է իրենց հարազատը: «Աստված մեզ ժպտաց, փառք Աստծո, որդիս ողջ մնաց»,- ասաց մայրը: Նա պնդում է, որ որդին երբեք հոգեկան հավասարակշռության խախտման խնդիրներ չի ունեցել՝ «մի քիչ նիհար էր, մարզված չէր» ընդամենը: Զորամասի բուժկետում տղան հայտնվել է գրիպի պատճառով: Հունվարի երեքին նրան հանդիպել է հորեղբայրը, և ամեն ինչ նորմալ է եղել: Հետո սկսվել են իրադարձություններ, որ հարազատների համար լի են բազում հարցականներով: Մհերը, ստացած վնասվածքների պատճառով, դեռ ի վիճակի չէ պատմելու, որովհետև չի կարողանում հիշել: Իր հետ տեղի ունեցածի մասին հարազատների հարցերին պատասխանելիս նա երկու անուն է տվել՝ Վահե և Արման: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է երեք անձ՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը և զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավթի Թադևոսյանը: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը», 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը» և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:
Կատարվածի հանգամանքները պետք է պարզի հետաքննությունը, սակայն արդեն իսկ ցավալի այս իրադարձությունը դարձել է անհասկանալի ու աննպատակ շահարկումների առարկա: Մասնավորապես՝ «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, հարազատների պնդմամբ, Մհերին երկրորդ օրը չի տեսել և չէր կարող նրա հետ խոսել, որովհետև իրենց տղան անգիտակից վիճակում էր, բայց տիկին Մարգարիտան հայտարարում է, որ Մհերն իրեն ասել է, թե իրեն չեն ծեծել: Զարմանալի է, որ տիկին Մարգարիտային չի մտահոգել՝ եթե չեն ծեծել, ո՞րն է նրա՝ հոսպիտալում այդ վիճակում հայտնվելու պատճառը: Նույնիսկ կայծակնային թոքաբորբից այրվածքներ ու հեմատոմաներ չեն առաջանում: Ինչո՞ւ է նա կամավոր պաշտպանության տակ առել Մհերի ծառայակիցներին, հայտնի չէ, որովհետև այդ պաշտպանությունն ավելի շատ արջի ծառայություն է, որի կարիքը նրանք չունեն:
Գոհար Շահնազարյանը, համեմատելով որդու կյանքում հայտնված երկու բժիշկներին, չի կարողանում բացատրել՝ ինչպես մեկը երեք օր որդուց չհեռացավ, որպեսզի փրկի կյանքը, մյուսը տղայի հիվանդությունը փորձել է հոգեկան շեղումներով բացատրել ու թաքցնել նրա իրական վիճակը հարազատներից: Նրան հատկապես վրդովել է, որ որդուն զորամասից անգիտակից վիճակում տարել են Վարդենիս պարզելու՝ սիմուլյա՞նտ է, թե՞ ոչ: Նա սպասում է որդու ապաքինվելուն և գործի քննությանը՝ շատ մեծ վախ ունենալով, որ նյարդային ցնցումը իր հետևանքները կթողնի: «Թող առողջանա, կանգնում է՝ ընկնում է, երեկ գիշեր երկու անգամ նոպա ունեցավ, գլուխը բռնում է ու ոռնում, գալիս-սրսկում են, մի քիչ հանգստանում է, ջերմությունը չի իջնում, հիմնական պրոբլեմը գլուխն է, հարվածները գլխին են եղել, ասում է՝ ամբողջ մարմինս ցավում է, կապտուկները դեռ չեն անցել»,- ասաց մայրը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Մուրացանի զինվորական հոսպիտալում գտնվող Մհեր Խլղաթյանի պատմությունը մեդալի մի կողմն է, մյուս կողմում են կալանավորված նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը և զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավթի Թադևոսյանը: Նրանցից ով և ինչքանով կընդունի իրեն ներկայացված մեղադրանքը, ոչ միայն հետաքննության, այլև սեփական խղճի ու բարոյականության խնդիր է: Բայց փաստը մնում է փաստ՝ Մհեր Խլղաթյանը անգիտակից վիճակում հայտնվել է հոսպիտալում, և նրա վնասվածքները ինքնաձաղկում չես անվանի: Առավել ևս բացատրություն չունի, թե ինչու են նման դեպքեր կատարվում: Անդրադառնալ նախորդ հրապարակմանը հետևած մեկնաբանություններին հարկ չեմ համարում, արդեն իսկ խոսուն է այն փաստը, որ 1570 ընթերցողներից միայն վեցի մտքով է անցել ինձ մեղադրել: Եվ դա արդեն մեդալի երրորդ՝ բուն կողմն է՝ Հայաստանի ազգային բանակում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները հայելային արտացոլումն են հասարակության: Ինչպիսին մենք ենք, այնպիսին էլ մեր բանակն է: Բայց դա չի նշանակում, որ սխալները չպետք է ուղղել: