Ներկայացվող լուսանկարներն արվել են 2014-ի հունվարի 27-ի առավոտյան։ Վայրը՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Դավիթ Անհաղթի փողոց, թիվ 19/1 շենք։ Քաղաքի հանդեպ հերթական բարբարոս ոտնձգության հեղինակն է Արթուր Ազատի Մուրադյանը, ում աչքը շոյել է փողոցի բանուկ այս հատվածը, աչքը շոյել են, ետքը փախցրել է քունը, և ողջ կյանքում քնահարամ չլինելու նպատակով սույն պարոնը դիմել է մայրաքաղաքի քաղաքապետարանին։ Առհասարակ Երևանում «գեղեցիկ ու բարի» ավանդույթ է ձևավորվել. երբ ոմն գործամոլ վարակվում է «օբյեկտ բացելու» տենդով, նա այլևս վաղօրոք չի ապաշխարում որևէ մատուռում, թաղի քրեածին տարրերին չի սիրաշահում՝ նրանց մշտական տուրք տալու հեռանկարով, բնականաբար, «փաթթած» է ունենում հանրային շահը, շենքի և բնակիչների անվտանգությունը և քաղաքի դիմագծի խեղաթյուրումը։ Նա դիմում է քաղաքապետարան և ներկայացնում է յուր հայտը։ Անզեն աչքով անգամ ակնհայտ երևում է, որ հանցավոր գործարք է իրականացվել, բազմաբնակարան մի քանի շենքերի անվտանգությունն ապահովող հիմնապատը վերացվել է, կառուցվող շինությունն ուղղակի մխրճվում է դեպի թիվ 19/1 շենքի նկուղն ու հիմքը։ Անշուշտ, շենքի բնակիչները դեմ են այս խայտառակությանը և փորձում են հարցը կարգավորել պատկան մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի ձեռամբ։ Դյուրահավա՜տ իմ բարեկամներ, արդարությունն են փորձել գնել (և փորձում են տակավին) այնտեղ, ուր նման «բանջար», առհասարակ, չի բուսնում։ Բայց ինչ անի երևանաբնակը, երբ նրա շահն ու իրավունքը բռնաբարվում են օրը ցերեկով, հենց սեփական պատուհանի տակ, դիմի երկրի նախագահի՞ն, վարչապետի՞ն և սեփական պատգամավորի՞ն։ Միանգամայն անօգուտ զբաղմունք է, ժամանակի վատնում, զի ՀՀ քաղաքացիներին վաղուց քաջ հայտնի է, որ երկրի բարձրագույն ղեկավարությանն ուղղված դիմումներն ու բաց նամակները բացարձապես անպատասխան են մնում, այսինքն, իրենք ակամա ջուր են լցնում իրենց քաղաքացիական և մարդկային շահը ոտնահարողի ջրաղացին։ Մի խոսքով, նշյալ Արթուր Ազատի Մուրադյանը, քողարկվելով կնոջ թիկունքում, յուր սև գործն է առաջ տանում։ Ահա թե ինչպես։ Կինը՝ Քնարիկ Օհանջանյանը, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի հայտարարած աճուրդում (2.08.2013 թ.) ճանաչվում է հաղթող և հաղթական գրոհի է անցնում, նախապես ոչնչացնելով 264,22 քմ կանաչ տարածքները։ Կեցցես տիկին, երևանյան կանաչ գոտու թշնամի։ Սակայն մինչ սույն վայրագ ոտնձգությունը (այսինքն, մրցույթը, աճուրդը կանաչ տարածքի վրա և դրա ոչնչացումը) շենքի աչալուրջ բնակիչները, տեղեկանալով, թե ինչ մթին հավակնություններ ունի Արթուր Մուրադյանը, դիմում են քաղաքապետարան։ Օրեր անց քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը, ի պատասխան քաղաքացիների ցասումնալից բողոքի, հանդարտեցնում է վերջիններիս բորբոքված կրքերն այս խոհեմ պատասխանով. «Դ. Անհաղթի հ. 19/1 շենքի հարևանությամբ արտադրամաս-խանութի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու հայտ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներկայումս մուտքագրված չէ...»։ Հասկանալի է, մայրաքաղաքային բազմաթիվ ու բազմաբնույթ ապօրինությունների կոծկումը վաղուց է ավանդույթի վերածվել, և Քասարյանն ու այլք գործում են քաջ հայտնի կանոնակարգմամբ։ Բայց առաջ գնանք, քանզի դեպքերն ու դեմքերն ավելի ու ավելի գունեղ և ուշագրավ են դառնում։ Եվ ահա շենքի զայրացկոտ բնակիչ Գ. Հարությունյանը փորձում է արդարությունը հայտնաբերել «թեժ գծում»։ 2013-ի նոյեմբերի 14-ին «թեժ գիծը» մի բմբլե բարձ է դնում քաղաքացու գլխի տակ. «Հարգելի պարոն Հարությունյան, 14.11.2013 թ. Երևանի քաղաքապետարանի «թեժ գծին» կատարված զանգի կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված հասցեում որևէ շինարարական աշխատանք չի իրականացվում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Հանիսյան, 28.11.2013 թ.»։ Անշուշտ Ա. Քասարյանն ու Ա. Հանիսյանը ուշի ուշով ընթերցել են «Իրատես de facto»-ի 2013 թ. նոյեմբերի 26-ի թիվ 74 համարում տպագրված թիվ 19/1 շենքի վրդովված բնակիչների բաց նամակն ահա այս բազմախոստում վերնագրով. «Բողոքում, խնդրում և պահանջում ենք, որ ո՛չ մի Արթուր Մուրադյան կամ Քնարիկ Օհանջանյան, ո՛չ մի ագահ շառլատան կամ օրենքը շրջանցող բախտախնդիր չփորձեն խլուրդի նման քանդել ու խարխլել մեր շենքի հիմքերը»։ Ընթերցել են, քմծիծաղել չինովնիկական իմունիտետով կոփված քթների տակ և խնդիրը ներկայացրել քաղաքային բարձրագույն իշխանիկների ուշադրությանը։ Թե բառացիորեն ինչ են հրահանգել իշխանիկները, ամենևին էական չէ, զի ամեն բան պարզ և որոշակի ենթադրելի է նրանց գործողություններից։ Այսպես, բաց նամակի հրապարակումից երեք օր անց, 2013-ի նոյեմբերի 29-ին, վերոնշյալ Քասարյանը Տարոն Մարգարյանի բերանով ահա թե ինչ է հաղորդում թիվ 19/1 շենքի մեկ այլ բնակչի՝ Վլադիկ Քոչունցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ. Անհաղթի փողոցի հ. 19/1 շենքի հարևանությամբ գտնվող Դ. Անհաղթի հ. 19/3 հասցեում կառուցապատման իրականացումը կասեցնելու Ձեր և նշված շենքի այլ բնակիչների կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմում-բողոքի կապակցությամբ հայտնում ենք.
Դ. Անհաղթի 19/3 հասցեի հողամասը Երևանի քաղաքապետի 13.08.2013 թ. հ. 4075-Ա որոշմամբ օտարվել է աճուրդի հաղթող Քնարիկ Օհանջանյանին և որոշմանը կից տրվել է հասարակական նշանակության օբյեկտի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Վերջինում, որպես կառուցապատման սահմանափակող պահանջ, ամրագրվել է, որ շինության բարձրությունը չպետք է գերազանցի գոյություն ունեցող հենապատի բարձրությունը և որ նկուղային հարկ հնարավոր է նախատեսել կազմակերպության կողմից նախապես տրված համապատասխան տեխնիկական եզրակացության պարագայում»։ Այժմ, կարծում եմ, արգո բնակիչները համոզվեցին, որ կանաչ տարածքի բիրտ ոչնչացման, բնակիչների սեփականության մաս հանդիսացող տարածքի բռնագրավման գլխավոր մեղավորը զօր ու գիշեր մայրաքաղաքի բարեգործման երգը երգող քաղաքապետարանն է։ Ընդ որում, Երևանի տարբեր հատվածներում պնդաճակատ գործամոլներն օբյեկտներ են կերտում, հաճախ ոտնահարելով քաղաքի և քաղաքացու շահը։ Իսկ քաղաքապետարանն անվրդով տեր է կանգնում ապօրինություններին, դրանք հաստատում փաստաթղթերով և շինարարության վայրը շրջափակում «Ավելի բարեկարգ Երևան» խորագիրը կրող պաստառներով։ Այսպիսով ինչ կարող են անել այս պատմության զոհերն ու «հերոսները»։ Զոհերին մնում է առավել մեծ հրապարակայնություն տալ խնդրին։ Իսկ «հերոսնե՞րը»։ Արթուր Մուրադյանը շարունակում է յուր սև գործը` այս ու այնտեղ հոխորտալով, թե փեշով փող է ծախսել ու գործը պիտի ավարտին հասցնի։ Քաղաքապետարանի բոսերին էլ մնում է ուրվագծել հերթական մայրաքաղաքային բռնախեղումը։ ՈՒրվագծել, իրականացնել և մարսել։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ