Այդպես էլ չարաբաստիկ այս թեման օձիքս բաց չի թողնում։ Այսպես, մինչև 2014-ի մարտի 1-ի հանրահավաքը երկրում համեմատական անդորր էր, գիշերային հրավառության մոլագար-սիրահարները պայմանական հրադադարի մեջ էին, սակայն մարտի 1-ը հեղաշրջում չիրականացրեց, և, ահավասիկ, երեկոյան, գիշերային և, ինչու չէ, կեսգիշերային հրճվանքները նոր թափ են առել։ Այս մասին շատ ենք խոսել, սակայն սայլը տեղից չի շարժվել անգամ մեկ թիզ առաջ, հետևաբար ինքներս էլ պարտադրված ենք խախտում «հրադադարի ռեժիմը» և նոր գրոհ սկսում դեպի Կառավարական տուն և Հանրային խորհուրդ։
Ահա սույն հրապարակման խորհուրդը. ՀՀ կառավարությունը, իր ստորաբաժանումներով հանդերձ, անարգում է ՀՀ գլխավոր խորհրդանշաններից մեկը` ՀՀ զինանշանը։
Նման դղրդուն բան ասելով, բնականաբար, պիտի ծանրակշիռ փաստեր ներկայացնեմ և առնվազն մեկից ավելի ապացույցներ։ Ահավասիկ.
«Իրատես de facto»-ի թղթակից պարոն
Վրեժ Առաքելյանին
Հարգելի պարոն Առաքելյան
Ի պատասխան Ձեր դիմում-առաջարկի` տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական կառավարման մարմիններին հրավառությունների ոլորտը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և առկա օրենսդրական բացերը լրացնելու համար։
Հարգանքով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տիգրան Գևորգյան
11.10.2013 թ.
Սույն գրության ճակատին ՀՀ զինանշանն է։ Այսինքն, հարգարժան Տիգրան Գևորգյանը ակամա հրթիռակոծում է ՀՀ զինանշանը, ակնհայտ կերպով նախ ձևախեղելով իրականությունը (նման խնդիրներն աշխարհում կարգավորվում են մեկ որոշմամբ, այսինքն` արգելանքով), այնուհետև, ոչ պակաս ակնհայտ փորձում է ընթերցողների և հարգարժան հասարակության «գլուխը յուղել» հետևյալ ձևակերպմամբ. «...հանձնարարությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական կառավարման մարմիններին», այսինքն, վարչապետը հանձնարարել է, անցել է 5 ամիս, նրա հանձնարարականները չե՞ն կատարվում։ Բայց ովքե՞ր են վարչապետի նախաձեռնությունը տապալում։ Ահավասիկ տապալող պետական կառավարման մարմինները` ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արդարադատության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ ոստիկանության պետը և կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Այս պարոնայք են ձևավորում ոլորտը վերահսկող ՀՀ կառավարությանն առընթեր պետաիրավական նախարարական կոմիտեն։ Այսինքն, նրանք են անարգում (գուցե ակամա՞) ՀՀ պետական զինանշանը։ Այս բնագավառում հատկապես անուրանալի եռանդ է ցուցաբերում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար հարգարժան Հ. Հակոբյանը, ով 2011-ից փորձում է «գլուխներս յուղել» խանձահամ յուղով, ահավասիկ. «Հարգելի պարոն Առաքելյան, ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված Ձեր նամակի, ՀՀ ԱԻ նախարարության 2011-ի մայիսի 20, թիվ 63-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է ՌԴ և եվրոպական երկրների փորձը, 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր պատրաստել և ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը»։ Սույն հոգեցունց գրությունը թվագրված է` 2011-ի դեկտեմբեր։ Այսինքն, անցել է 27 ամիս, սակայն կախարդական այս շրջանը մնում է փակ։ Զուգահեռ ընթացքով մատը մատին չի տալիս ՀՀ հանրային խորհուրդը, այսինքն չի հրավիրում ոչ մեծ, ոչ էլ փոքր հանրային նիստ, այսինքն` ջուր է լցնում հակահանրային և հակապետական գործունեություն իրականացնող ՀՀ կառավարությանն առընթեր պետաիրավական նախարարական կոմիտեի ջրաղացին (ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը սույն խնդրի շուրջ նամակներին առհասարակ չի պատասխանում)։ Իսկ թե ում աղունն է աղում վերոնշյալ պետաիրավական նախարարական կոմիտեն, դժվար չէ կռահել։ Այո, հանրության և պետության անարգման հաշվին կապիտալ դիզող խմբավորման ջրաղացին։ Մի խոսքով, շարժվում ենք առաջ` դեպի անհրավառ Հայաստան։ Եվ եթե կարճ ժամանակ անց խնդիրը չկարգավորվի, ապա մի բան կմնա անել` դիմել ՀՀ բոլոր դատական ատյաններին և արդյունքի չհասնելու դեպքում «մտնել» Հաագայի դատարան։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ