Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ գերմանացի աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ` ներկայացնելով Բրամսի Ակադեմիական նախերգանքը, թիվ 1 սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը: Վերջին ստեղծագործությունը հնչեց քսանութամյա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆի մենակատարությամբ:
Հայաստանյան հանդիսատեսին առաջին անգամ էր բախտ վիճակվում հանդիպելու Յուստուս Ֆրանցի հետ, մի բան, որ զարմանալի, գուցե անգամ աններելի է, եթե հաշվի առնենք այս արվեստագետի բացառիկ վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ և այն ավանդը, որ նա ներդրել է օրհասական ժամանակներում մեզ օժանդակելու համար:
1988 թվականին Յուստուս Ֆրանցը, տեղեկանալով Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, Գերմանիայում մի քանի օրվա ընթացքում կազմակերպել է համերգների շարք, որոնց հասույթը (ավելի քան 100000 գերմանական մարկ) փոխանցել է Հայաստան: Յուստուս Ֆրանցի ջանքերով համերգային ծրագրերում ներգրավվել են ժամանակի նշանավոր երաժիշտներ, ինչպես, օրինակ, լեգենդար ջութակահար Եհուդի Մենուհինը: Համերգներից ամենահիշարժանը կայացել է Համբուրգի «Laiszhalle» համերգասրահում: Համերգային ծրագիրը կատարել է Ֆրանցի ջանքերով հավաքված նվագախումբը:
Ավելի քանի 40 տարի Յուստուս Ֆրանցը համաշխարհային հռչակ է վայելում` որպես դիրիժոր և որպես դաշնակահար հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր սրահներում, բարձրակարգ նվագախմբերի և երաժիշտների հետ: Ֆրանցի համաշխարհային ճանաչումն սկսվել է 1970 թ., երբ որպես դաշնակահար հանդես է եկել դարի մեծագույն դիրիժորներից մեկի` Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ` Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ: Մի քանի տարի անց սկսվել է համագործակցությունը Նյու Յորքի ֆիլհարմոնիկի հետ` լեգենդար Լեոնարդ Բեռնսթայնի ղեկավարությամբ: Ֆրանցը խոստովանում է, որ իրենց երկարամյա համագործակցության արդյունքում ինքը դարձել է Բեռնսթայնի գաղափարների կրողը և շարունակողը: Այս համագործակցությունից է մարմին առել նրանց երկուսի համատեղ երազանքը` «Ազգերի նվագախմբի» (Philharmonia of the Nations) տեսքով, որի գլխավոր դիրիժորը մինչ օրս հենց Յուստուս Ֆրանցն է:
Երևանյան համերգի ընթացքում ոչ միայն ակնհայտ էր ստեղծագործական փոխըմբռնումը տաղանդավոր դիրիժորի և հայաստանյան ֆիլհարմոնիկի երաժիշտների միջև, այլև ջերմ փոխշփումը երախտագիտությամբ լեցուն հանդիսատեսի և մեծահոգի անհատականության միջև: Թերևս սրանով էր պայմանավորված իրեն բուռն ծափերով ողջունող հանդիսատեսին եռակի «բիս»-ի արժանացնելու հանգամանքը, որոնցից մեկի ժամանակ դիրիժորը հանդես եկավ Տրիստան Պֆաֆի հետ` դաշնամուրային զուգանվագով:
Գրիգի Դաշնամուրի կոնցերտը, որքան էլ ծանոթ ու յուրացված է երաժշտասեր հանրության կողմից, այնուամենայնիվ առանձնահատուկ գրավչությամբ հնչեց երիտասարդ դաշնակահարի մեկնաբանությամբ: Տրիստան Պֆաֆը ևս առաջին անգամ էր հանդես գալիս մեր երկրում: Չնայած երիտասարդ տարիքին` այս երաժիշտն արդեն հասցրել է նվաճել ստեղծագործական մեծ բարձունքներ, հաջողությամբ մասնակցել պատկառելի միջազգային փառատոների, իբրև մենակատար հանդես գալ աշխարհահռչակ նվագախմբերի հետ:
Համերգի առաջին բաժնում կայացած նրա ելույթն իրոք որ տպավորիչ էր, և ես գլխավորապես Գրիգի` ինձ համար սիրելի կոնցերտը լսելու ցանկությամբ էի այդ օրը գնացել «Արամ Խաչատրյան» համերգասրահ: Բայց պիտի խոստովանեմ, որ համերգի ավարտից հետո իմ ներսում խլրտացող երաժշտական հույզերն ավելի շատ պայմանավորված էին համերգի երկրորդ բաժնում հնչած Բրամսի թիվ 1 սիմֆոնիայով, որի կատարման ընթացքում Յուստուս Ֆրանցը և մեր ֆիլհարմոնիկը իսկապես բացառիկ էին իրենց ներշնչանքի և ջանքի դրսևորումներում:
Հավելենք, որ առաջիկա ուրբաթ հայաստանցի հանդիսատեսը հնարավորություն կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրելու ևս մեկ նշանավոր դաշնակահարի` Դորա Սերվիարյան-Կյունին (ԱՄՆ): Նա հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ: Համերգը կղեկավարի ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգից մեկ օր անց «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում կկայանա Դորա Սերվիարյան-Կյունի` Արամ Խաչատրյանին նվիրված «Խաչատուրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ