ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Մեղավորներն ում ազգականներն էլ լինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն»

«Մեղավորներն ում ազգականներն էլ լինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն»
20.05.2014 | 00:53

Օրերս վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած դեպքը վերստին ապացուցում է, որ Հայաստանում իրենց արտոնյալ համարող մարդիկ ու դրանց տղա-փեսա-աղջիկները թքած ունեն օրենքի ու կարգուկանոնի վրա։ Կարող են վնասել անմեղ մարդկանց ու չկրել պատասխանատվություն։ Բազմիցս լսել ենք իրավապահ համակարգի ներկայացուցիչների հավաստումները, թե մեղավորները կրելու են իրենց պատիժը, սակայն իրականությունն այլ բան է ապացուցել։ Ոչ մի երաշխիք չկա, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան, ով հնչած կրակոցների հեղինակն է, արժանի պատիժ կկրի։ Այս մականունավորի անվան հետ բազմաթիվ այլ միջադեպեր են կապված, բայց հիմա նա ո՞ւր է, Ազգային ժողովում՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում։ Այսքանից հետո ո՞վ վստահություն ունի, որ «փեսային» պատասխանատվության կենթարկեն և կդատապարտեն օրենքի ողջ խստությամբ։ ԲՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ փորձեցինք գնահատականներ լսել այս առնչությամբ։


-Խնդիրը բավականին խորքային է,- ասաց տիկին Վարդանյանը,- ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ քաղաքի կենտրոնում մարդիկ կարող են իրենց թույլ տալ նման անընդունելի վարքագիծ։
-Տուժել են անմեղ մարդիկ, և այս պատմության հետևում կանգնած է ձեր խմբակցության անդամի մերձավորը։ Սա չի՞ կաշկանդելու կարծիք հայտնելու Ձեր իրավունքը։
-Իհարկե, ոչ։ Պարզապես ես մանրամասներին չեմ տիրապետում, ինչպես այսօր ՀՀ ցանկացած քաղաքացի։ Իրավական գնահատական տալու պարտականությունը կրում են իրավապահ մարմինները։ Անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ նրանից, թե մեղավորներն ում ազգականներն են, պետք է ենթարկվեն պատասխանատվության։
-Հայաստանում այս որակն այնքան գերիշխող է դառնում արդեն, որ հասարակ քաղաքացին մշտապես անվտանգության խնդիր ունի։ Որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Դուք այս ամենում շարքային քաղաքացու պաշտպանության, անվտանգության խնդիր չե՞ք տեսնում։
-Այո, նման խնդիր կա, ինչի վառ ապացույցն այսպիսի միջադեպն է։ Եթե մասնավոր դեպքից վերանանք, պիտի դիտարկենք, թե դրանք ինչի արդյունք են։ Այդ պատճառների ուսումնասիրությունը պետք է լինի իրավապահ մարմինների հիմնական խնդիրը։ Երբ ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ կարող են իրենց նման վայրագություն թույլ տալ, պետք է իրավապահ մարմինները համապատասխան հետևություն անեն։
-Իրավապահ համակարգի թերացումնե՞րն են նման մթնոլորտի պատճառը։
-Չէի ցանկանա ամեն ինչ վերագրել միայն իրավապահ համակարգին։ ՈՒնենք արդարադատության նկատմամբ հավատի կորուստ։ Այստեղ միայն նրանց խնդիրը դիտարկելը թերի կլիներ։ Սա ամբողջական համակարգի խնդիր է։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ