«Սերժ Սարգսյանի՝ Աստանա գնալուց առաջ ասել եմ, որ Նազարբաևը իրեն լավ չի պահելու: Չգիտեի՝ նամակ է գրելու, թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է: Հասկանում եմ նրա փոխհարաբերությունները Ալիևի հետ: Այս պարագայում, կարծում եմ, քաղաքականապես հիմարություն էր Ալիևի ասածը: Դա ենթադրում է սահմանների վրա լարվածություն՝ ցույց տալով, որ հարցը փակված չէ: Դա քաղաքական առումով հիմարություն էր, որովհետև չէր պարունակում քննարկման որևէ նյութ: Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում՝ իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղով պետք է Հայաստանը մտնի Մաքսային միություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Աստանայում Նազարբաևի հայտարարությանը, ասաց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը` հընթացս նկատելով. «Բոլոր տեղեր մենք մտել ենք առանց Ղարաբաղի, ո՞վ չգիտի, որ Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի կազմում չէ: Սերժ Սարգսյանի պահվածքը լիովին հասկանալի էր, կամ պետք է դուրս գար, ասեր՝ լավ էլի, կամ պետք է սադրանքին տեղի չտար: Ասում եք՝ ինչի՞ ձայն չհանեց Սերժ Սարգսյանը: Ինչ է, հելներ ծեծե՞ր Նազարբաևին»:
ՆԺԿ ղեկավարի համար առավել անհասկանալի էր ՌԴ ղեկավարի պահվածքը, քանի որ նա իմացել է այս սկանդալի մասին և չի կանխել:
Ինչ վերաբերում է քառյակի վերջին նիստին, թե 12 -կետանոց պահանջ են ներկայացնում կառավարությանը, Արամ Կարապետյանը հեգնեց. «Ոչիշխանական ուժերը, ես ոնց հասկացա, 12 -կետանոց նամակ են պատրաստում ռուսաց թագավորին»:
Ներքաղաքական վերջին զարգացումները դիտարկելով, Կարապետյանը շեշտեց. «Մի վարչապետը, որը ֆինանսիստ էր, տնտեսությունից ոչինչ չէր հասկանում, գնաց, եկավ մի մարդ, որի ամեն ինչը PR է: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին թողեք, ամեն օր 2008 թիվը հիշելով ման կգան՝ էս արեցինք, էս եղավ, բայց Ռոբերտ Քոչարյանի կառավարման վերջը ավարտվել էր 10 մարդու գնդակահարմամբ: Հիմա գնդակահարվողը գնդակահարողի հետ միասին ասում են, թե այդ տարիները լավ են եղել: Բա որ լավ էին, ինչի՞ եղավ, հո գիժ չէ՞ր էս ժողովուրդը: 2008 թիվը, որ նայում ենք, ի՞նչ էր, շինարարություն չէ՞ր: Վիճակը փոխվել է, աշխարհում ճգնաժամ է սկսվել, մարդկային ռեսուրսը Հայաստանում պակասել է, սակագնային քաղաքականությունը փոխվել է: Մեկը չի՞ ասում, այ Ռոբերտ Քոչարյան ջան, դու է՛ս օրվա մասին խոսիր: Կարո՞ղ է` Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմադիր է եղել: Իրար հետ են եղել, չէ՞: Ի՞նչ աճ է եղել 2008-ին, որտեղի՞ց այդ աճը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ