«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ինչ լինելու է՝ կլինի, ինչ չի լինելու՝ չի լինի

Ինչ լինելու է՝ կլինի,  ինչ չի լինելու՝ չի լինի
08.07.2014 | 11:47

Թերթի հաջորդ համարը բացելիս, սիրելի ընթերցող, հարկավ արդեն տեղյակ կլինես մեծ ու փոքր եզրափակիչները կազմած զույգերից, իսկ մինչ այդ, ինչ թաքցնեմ, եղել են մեկ քառորդի խաղերը՝ նախկիններից ոչ պակաս դրամատիկ ընթացքով, մարզասերի նյարդերի անխնա ու հետևողական քայքայումով, այդ ամենին ուղեկցող հարակից բաներով, և սա նորմալ զարգացումների շրջանակում է: Բա ի՞նչ էիք ուզում՝ սա ֆուտբոլ է:

ՍՏՈՒՅԳ ԳԻՏԻ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ
Եվրոպական ֆուտբոլի ջատագովներն անշուշտ կուզենային, որ եզրափակիչը բացառապես եվրոպական լիներ, ու, հարկավ, առողջ կլինեին իրենց ցանկությունում, որովհետև, եթե ամերիկաների մեջ լավ բան լիներ, ռուսական արջի թողտվությամբ մենք, բնականաբար, որպես երկիր, քանզի հայկական ֆուտբոլի գոյությունից խոսելն անհույս շռայլություն է, միտված կլինեինք Եվրամիություն ու ոչ նրա համար, որ ամերիկամիություն չկա: Ամերիկյան կամ, ավելի ճիշտ, լատինաամերիկյան ֆուտբոլի ջատագովները ճիշտ նույն կերպ կուզենային, որ եզրափակիչը բացառապես, հասկացաք, ինչպիսին լիներ: Բոլոր դեպքերում, խոստովանենք, Բրազիլիա-Արգենտինա դիմակայության մեջ մի այլ կարգի հմայք ու ինտրիգ կա: Բնականաբար կան նաև երրորդ` խառը տարբերակի կողմնակիցներ: Հիմա թե վերջնականում ո՞ր թևի ցանկությունն իրականություն կդառնա, ստույգ գիտի միայն մեկը՝ Աստված, իսկ քանի որ Տիրոջ գործերն անքննելի են, եկեք համեստորեն բավարարվենք եղած բաներին անդրադառնալով՝ ունենալով երկու զորավոր պատճառ. նախ, դրանով մի փոքր կմոտենանք մեծ Պատմահորը (ինչ վատ բան կա պատմություն վավերագրելու մեջ, որ անուն եք դնում), և ապա՝ սխալվելու հավանականությունը զրոյական է: Իսկ ո՞ր առողջ տղամարդը կուզենա սխալված լինել:

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՈՒՄ
ՈՒնեինք Ֆրանսիա-Գերմանիա, Բրազիլիա-Կոլումբիա, Արգենտինա-Բելգիա, Հոլանդիա-Կոստա Ռիկա դիմակայություններ:
Առաջինում ամեն ինչ ավարտվեց «գեղական կարգով»: Չէի ասի, թե կոպիտ ուժի դիրքերից, սակայն գերմանացիները շատ արագ գրավեցին մրցակցի դարպասն ու ստիպեցին ապրել իրենց կարգուկանոնով: Ենթադրվում էր, որ գոլի հանգամանքը պիտի ստիպեր ճռռալ ֆրանսիացիներին, սակայն, տպավորություն է, որ նրանք ելել էին Բուլոնյան անտառ՝ հետճաշյա զբոսանքի: Դե, ֆրանսիացիներն ու իրենց աղա քեֆը. այդպես էին ուզում, այդպես արեցին: Սակայն ինչն առանձնապես զարմացրեց: Հանդիպման ավարտից հետո տեղեկատվություն տարածվեց, որ Փարիզն այս անգամ լավ էլ ջերմ է ընդունել տղաներին: Չմտնենք մատի ու մատանու արանքը, սակայն, կներեք, ինձ համար այնքան էլ հասկանալի չէ նման վերաբերմունքը, ու գուցե դրա համա՞ր է, որ ես ֆրանսիացի չեմ: Սակայն, քանի որ տվյալ պարագայում իմ ազգային պատկանելությունը երկրորդական հնչողություն ունի, անցնենք առաջ:
Բրազիլիա-Կոլումբիա մրցակցությունում չափազանց մեծ դեր ունեցավ բարձր մակարդակով առաջինի ունեցած փորձը: Աշխարհի հնգակի չեմպիոնները խաղացին անկաշկանդ, մեծ ոգևորությամբ, արդյունքն էլ եղավ հանդիպման 2:1 հաշիվը: Այս խաղն իսկապես գերագույն հաճույք պարգևեց: Թերևս միակ ափսոսելին այն է, որ առաջնությունը լքեց շատ բարձր տպավորություն թողած Կոլումբիայի հավաքականն ու նրա հետ Խամես Ռոդրիգեսը, ում այնուամենայնիվ հաջողվեց «կտցահարել» նաև Բրազիլիայի ընտրանուն: Տաղանդավոր այս հարձակվողը, ով ընդամենը քսաներկու տարեկան է, թերևս առաջնության ամենամեծ հայտնությունն էր, ու հարցը բնավ էլ այն չէ, որ դարձավ վեց գոլի հեղինակ ու գլխավորում է ռմբարկուների աղյուսակը: Խամեսն աչքի ընկավ բարձր տեխնիկայով, արագությամբ, գոլային բացառիկ հոտառությամբ, իսկ սրանք միայն մեծ ֆուտբոլիստներին բնորոշ որակներ են:
Բելգիացիների հետ խաղում արգենտինացիները նույնպես արձանագրեցին արագ գոլ ու բավարարվեցին իրադարձությունները հսկողության տակ պահելով: Նման դեպքերի համար ընդունված է ասել՝ հաղթանակն ուղեկցեց ուժեղագույնին, ինչը փաստի միանգամայն նորմալ արձանագրում է, թեպետ ափսոսանք կա այն բանում, որ «կարմիր սատանաները» ամբողջովին չկարողացան դրսևորվել ու վերջին երեք տարում պաշտոնական հանդիպումներում կրեցին առաջին պարտությունը: Սակայն, բոլոր դեպքերում, կարծում եմ, որ մարզասերը բարձր տպավորություն ստացավ այս հավաքականից, որը Եվրոպայի առաջիկա առաջնությունում պիտի որ առաջին ջութակի դերում լինի:
Հոլանդացիների հետ խաղում էլ չափազանց տպավորիչ էր Կոստա Ռիկան: Առաջ ընկնելով ասենք, որ այս ընտրանին փաստորեն խոշոր ապտակ հասցրեց բոլոր նրանց, ովքեր մինչև առաջնությունը նրան դիտում էին որպես ամենաթույլ օղակ: Կոստառիկացիները մրցակցին զիջեցին հետխաղյա տասնմեկմետրանոցներով միայն՝ ավելի քան շառաչուն ապտակ հասցնելով մրցակցին: Անկեղծորեն ասած՝ ես այնքան էլ հստակ չեմ պատկերացնում, թե, այսպես գործելով, արգենտինացիների հետ խաղում հոլանդացիներն ինչ ակնկալիք կարող են ունենալ, թեպետ ընթացիկ առաջնությունում մեկ անգամ չէ, որ ականատեսն ենք եղել թիմերի անակնկալ կերպարանափոխություններին:

ԵՎ ԱՅՍՊԵՍ
Կիսաեզրափակչում մարզասերներին սպասում են Բրազիլիա-Գերմանիա, Արգենտինա-Հոլանդիա դիմակայությունները: Հանդիպումների ելքը միանշանակ գուշակելը չափազանց դժվար է, մասնավորապես առաջին զույգի պարագայում: Կոլումբիացիների հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով առաջնությունն արդեն իսկ ավարտված է Նեյմարի համար, երկրորդ դեղինի պատճառով գերմանացիների հետ խաղը բաց կթողնի թիմի ավագ Տիագու Սիլվան: Սրանք ծանր կորուստներ են, սակայն բրազիլական ֆուտբոլի արգանդը բնավ էլ ցամաք չէ, ու չես էլ կարող ասել, թե վերջիններիս բացակայությունն ինքնադրսևորվելու ինչ հնարավորություն կտա նրանց փոխարինողներին ու թիմին առհասարակ:
Իր հերթին գերմանական ֆուտբոլային այս սերունդն իր խաղամակարդակով հասել է մի որակի, որտեղ ամեն ինչ, բացի չեմպիոնությունից, կդիտարկվի որպես պարտություն: Այո, Գերմանիայի այս հավաքականը հարձակման գծում չունի վառ անհատականություններ, փոխարենն ունի այնպիսի հզոր կիսապաշտպանություն ու պաշտպանություն, որոնք ունակ են լուծելու անգամ անլուծելին: Ի դեպ՝ դուք չունե՞ք տպավորություն, որ Յոախիմ Լյովը ստեղծել է մի թիմ, որն իր որակներով հիշեցնում է 2010-ի Իսպանիայի ընտրանին:
Հոլանդիա-Արգենտինա մրցակցությունում գոնե ինձ ավելի երաշխավորելի են ներկայանում վերջինիս հնարավորությունները, ու պատճառը բնավ էլ Մեսիին աշխարհի չեմպիոնի կարգավիճակում տեսնելը չէ, թեպետ այս փուլն անցնելու դեպքում արգենտինացիներին սպասելու է վերջին ու ամենադժվարին հանդիպումը: Ինչևէ: Եկեք իրողություններից առաջ չընկնենք, ապրենք այն ճշտի գիտակցումով, որ ինչ լինելու է՝ կլինի, ինչ չի լինելու՝ չի լինի:

ՀԱՆՈՒՆ ՆԵՅՄԱՐԻ
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն համոզված է, որ աշխարհի չեմպիոնները Գերմանիայի հետ խաղում ֆավորիտ են, և որ Նեյմարի բացակայության պայմաններում հավաքականը պիտի բռունցքվի նաև հանուն նրա. «Ես համոզված եմ, որ դա կլինի մեծ խաղ: Դա կլինի երկու խոշոր թիմերի խաղ, ու այն կդառնա առաջնության զարդը: Կարելի է ասել, որ տվյալ հանդիպումը լինելու է առաջնության վաղաժամկետ եզրափակիչ: Այս առումով լավ է, որ գերմանացիները հաղթեցին Ֆրանսիային: Դիդիե Դեշանի թիմի նկատմամբ ունեցած հարգանքովս հանդերձ, Գերմանիայի հետ խաղը մեր հավաքականի ու երկրպագուների համար ավելի հետաքրքրական կլինի»:
Այն կարծիքին, որ Բրազիլիայի հետ խաղում բոլորը Գերմանիան են ֆավորիտ համարում, Ռոնալդոն պատասխանել է. «Նրանց կողմից սխալ կլինի, եթե իրենք էլ այդպես համարեն: Ես հիշում եմ, թե ինչպես 1962 թվականին, Չիլիում կայացած առաջնության ժամանակ, վնասվածք ստացավ Պելեն: Այն ժամանակ մեր թիմը համախմբվեց ու նվաճեց աշխարհի գավաթը: Եվ այսօր էլ, միևնույն է, մենք մրցաշարի ֆավորիտն ենք ու ֆավորիտ ենք ցանկացած թիմի հետ հանդիպումում»:

ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐԵԼ ՍԻԼՎԱՅԻՆ
Գերմանիայի հետ խաղին ընդառաջ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի կորուստներին. «Նեյմարը Բրազիլիային պետք է, որովհետև մեն-մենակ խաղում նա կարող է պահը հօգուտ օգտագործել, նա կարողանում է կազմաքանդել մրցակցի պաշտպանական կառույցները։ Նա ֆանտաստիկ լավն է առանձին դրվագներում: Սակայն ես կասեի, որ Տիագու Սիլվայի կորուստը նույնիսկ ավելի մեծ է Նեյմարի կորստից, որովհետև Բրազիլիան հենվում է պաշտպանական կառուցվածքի վրա: Սիլվան թիմին տալիս է կայունություն»:

«ԻՆՉՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՄԵՍԻԻ՞Ն»
Արգենտինա-Հոլանդիա խաղից առաջ շատերը հանդիպման հնարավոր ելքի մասին դատողություններ են անում աշխարհի չեմպիոնների կազմում Մեսիի առկայության գործոնից ելնելով: Բնականաբար, մտահոգությունը մեկն է՝ դեմն ինչպե՞ս առնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի, ինչպե՞ս կանգնեցնել նրան: Այս հարցին բավական հետաքրքիր է արձագանքել Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական, նախկինում անվանի ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը. «Ինչպես կանգնեցնել Մեսիի՞ն… Ինչ խոսք, նա հզոր ֆուտբոլիստ է: Իսկ ինչպե՞ս են արգենտինացիները կարողանալու կանգնեցնել Ռոբենին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ