«Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին ձգձգվում է նաև այն հանգամանքից ելնելով, որ անդամակցում է մի կազմակերպության, որի երեք հիմնադիր անդամները լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, Բելառուսը և Ղազախստանը Հայաստանին օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություններում ավելի նպաստավոր պայմաններ թելադրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` փաստելով, որ եթե այդ կազմակերպությունն ինքն իրենով չունենա խնդիրներ, կամ Ռուսաստանը ինքն իրենով չորոշի, որ իրեն այլևս պետք չէ Հայաստանի անդամակցությունը՝ Հայաստանը կշարունակի այդ միությանը անդամակցելու այս գործընթացը՝ անկախ այն բոլոր տնտեսական և սոցիալական խնդիրներից, որոնց առաջ կկանգնի: «Այն, որ Հայաստանը ներքաշվել է իրեն տնտեսապես ոչ ձեռնտու կառույցի մեջ՝ ակնհայտ է»,- վստահեցրեց քաղաքագետը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի և անդամակցության զուգահեռներին, քաղաքագետը շեշտեց, որ տարվող բանակցությունները ոչ մի առնչություն չունեն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների հետ: Ավելին, ըստ նրա, Եվրասիական միություն Ադրբեջանին բերելու համար Ռուսաստանը Ղարաբաղը նրան չի հանձնի, որովհետև դա պատերազմ վերսկսել է նշանակում: «Ռուսաստանին ավելի ձեռնտու է այս տարածքում պահպանել ստատուս քվոն, որն ավելի երկարաժամկետ կոնստրուկցիա է»,- արձանագրեց բանախոսը` հիշեցնելով, որ 1994-ից Ադրբեջանը փորձել է Լեռնային Ղարաբաղը ստանալու համար Ռուսաստանի հետ տարբեր կառույցների մեջ ներգրավվել:
Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, Սերգեյ Մինասյանը նշեց, որ ընդդիմությունը ի վիճակի չէ ակումուլյացնել, հավաքել հասարակական և քաղաքական այդ դժգոհությունները, բացասական վերաբերմունքը դեպի իշխանությունները: Նրա դիտարկմամբ, այս վիճակը ընդդիմությունը մինչև 2017-ի խորհրդարանական ընտրություններ չի կարող որևէ ձեւով փոխել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ