Այս կիրակիով կավարտվի մեկ ամիս տևած ֆուտբոլի աշխարհի քսաներորդ առաջնությունը: Եզրափակիչ խոսքի ժամանակը հարկավ վրա չի հասել, որովհետև առջևում են մեծ ու փոքր եզրափակիչները, իսկ դրանք, հավատացած եմ, դեռ իրենց անակնկալներն ունեն պատրաստած:
Կիսաեզրափակիչներում մրցեցին Բրազիլայի ու Գերմանիայի, Արգենտինայի ու Հոլանդիայի ընտրանիները: Ինչ խոսք, որ դրանցից առանձնացավ հատկապես առաջինը ու նախևառաջ գրանցված աներևակայելի արդյունքի պատճառով:
Իհարկե, բրազիլացիներն ամեն ինչ կտային այդ օրվա չլինելու համար, ընդհուպ գերադասելով նույնիսկ խմբայինից դուրս թռնելը, որովհետև 7:1 հաշիվը հիմա նույնիսկ հոկեյում դժվարությամբ կհանդիպես, էլ ուր մնաց ֆուտբոլում ու այն էլ այն դեպքում, երբ մրցակցող ուժերը գրեթե հավասարազոր էին դիտվում ու խաղից առաջ նախապատվությունը որեէ մեկին տալն իսկապես դժվար էր, եթե կոնկրետ հավաքանի երկրպագու չէիր կամ էլ օրիգինալությամբ շրջապատում առանձնալու ցանկություն ունեցող անձ:
Իհարկե, ճակատագրի կամոք այդ հանդիպումը բաց թողած Տիագու Սիլվան գործոն էր, նրա օրինակով հանդիպումը բաց թողած Նեյմարը գործոն էր, սակայն, կներեք, որքան էլ այդպիսին, այդուհանդերձ Բրազիլիայի ընտրանին, եթե մեր բոլոր ժամանակների պատկերացրածն էր, պիտի նման խայտառակությունից անմասն մնար: Ես չգիտեմ, թե նրանց ինչ է մնում անելու: Գուցե թե սրբի դո՞ւռ գնան, գիշեր ու ցերեկ մո՞մ վառեն օր առաջ գերմանացիների հետ հանդիպելու ու այդ ամոթը սրբելու համար, այլապես առնվազն մի հարյուր տարի այդ խաղի մասին խոսելու են ու խոսելու:
Մեծ ցանկության դեպքում եղածը հարկավ կարելի է բացատրել աշխարհի հնգակի չեմպիոնների համար երկնքում աստղերի բացառիկ անբարենպաստ դասավորությամբ, սակայն դրանից ոչ խաղի հաշիվն է փոխվելու, ոչ էլ այն բանի հիշողությունն է մոռացվելու, որ աշխարհի քսաներորդը մարդկանց մտապատկերում մնաց այդ հանդիպմամբ՝ հետին պլան մղելով մրցաշարի ընթացքում արձանագրված շատուշատ հրաշալի խաղեր:
Բրազիլիա-Գերմանիա դիմակայության հենքի վրա, ինչ խոսք, որոշակիորեն դժգույն է ներկայանում Արգենտինա-Հոլանդիա մրցակցություը, սակայն այս խաղն իր ներքին լարվածությամբ հարկավ անհամեմատ ավելին էր, որովհետև եթե առաջինում արդեն երրորդ գոլից հետո ինտրիգը վերջնականապես կորավ, ապա երկրորդում մարզասերը գոլ չլինելուց սմքեց, ու այդ զգացողությունը շարունակվեց նաև լրացուցիչ խաղակեսերում: Այո, Արգենտինա-Հոլանդիա խաղում հաղթողը որոշվեց հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որտեղ առավել հաջողակ են առաջինները՝ ստանալով գլխավոր եզրափակչում Գերմանիայի հոյակապ ընտրանու հետ չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորությունը:
Չգիտեմ, թե մասնավորապես դուք ինչպես եք կարծում, կոնկրետ ինձ համար այդ խաղը լինելու է Գերմանիա-Մեսի առճակատում: Խնդրում եմ ճիշտ հականալ. ես սա չեմ ասում որպես հրաշք արգենտինացու մոլի երկրպագու: Պարզապես աշխարհի առաջնությունների իմ դիտած խաղերի մեջ որքան էլ հիշողությունս փորփրում, այդպես էլ չեմ կարողանում հիշել գեթ մեկը, որտեղ մի ֆուտբոլիստ միայնակ մի ողջ հավաքական, ականջներից բռնած, քաշել-բերել է գլխավոր եզրափակիչ:
Թե ինչպիսին կլինի այդ հանդիպման ելքը, ես չեմ համարձակվի գուշակել: Իհարկե, Իոահիմ Լյովի գլխավորությամբ գերմանական փայլուն հավաքականն ամեն ինչ կանի Մեսիին գործելուց զրկելու համար, իր հավաքականության մեջ այն իհարկե անհամեմատ հզոր է արգենտինականից, սակայն ես ոչ թե դժվարանում, պարզապես վախենում եմ որևէ մեկին նախապատվություն տալուց, քանզի այս մրցակցությունում չափազանց մեծ դեր է վերապահված հոգեբանական գործոնին ու խիստ դժվար է ասել՝ բրազիլացիների հետ խաղից հետո գերմանացիները վառվա՞ծ են, թե՞՝ ոչ, եզրափակչի իրավունք նվաճելուց հետո Արգենտինայի ընտրանու մյուս անդամները վերջապես կհամախմբվե՞ն իրենց առաջատարի շուրջ, թե՞ կմնան նրա հույսին:
Նույն հոգեբանականի կտրվածքով ահռելի դժվարությունների առաջ են նաև բրազիլացիները: Չափազանց խոշոր հարց է մնում՝ կիսաեզրափակչի «բաղնիքից» հետո նրանք դուրս եկած կլինե՞ն շոկից, թե՞ այս հավաքականը վերջնականապես երկրորդային մշակման հանձնելու բան է: Այս քառյակից թերևս կորցնելու բան չունեն միայն հոլանդացիները, սակայն նրանց պարագայում էլ բացասական դեր կարող է ունենալ վերջին երկու խաղերի ընթացքում վրա հասած անխուսափ հոգնածությունը:
Եթե ամփոփելու լինենք, առաջիկայում մեզ սպասելիք այս խաղերը հավասարում են բազմաթիվ անհայտներով: Իսկ քանի որ բազմաթիվ գուշակումների վրա մենք էլ ենք ահռելի էներգիա ծախսել ու ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես սաստիկ հյուծված ենք (ես դիտմամբ չեմ հիշատակում մեզանից շատերի նաև այլ կարգի հյուծվածությունը), ուստի ավելի ողջամիտ կլինի պարզապես սպասել ամսի տասներկուսի ու տասներեքի խաղերին, որոնցով էլ վերջնականապե կտրվի բոլոր հարցականներ պատասխանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ