Հայաստանը դարձել է աբսուրդի երկիր: Այստեղ այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Սուրիկ Խաչատրյանի խայտառակ նշանակման «ծուխը» դեռ չմարած, մեկ էլ ինչ-որ սեփականատեր իրեն իրավունք է վերապահում օրը ցերեկով «վայրագություններ» անելու իր աշխատողների հանդեպ: Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հրահանգով անվտանգության աշխատակիցները, բառի բուն իմաստով, ջարդուփշուր են անում առևտրականների սեղանները: Պատճառն առավել քան «զորավոր» է` ակցիային մասնակցելու համար:
Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչն է եղել պատճառը, կամ ինչու է Վաղարշն այդքան «վաղ» կատաղել ու իրեն «կուպեցի» տեղ դրած հարձակվել սեփական աշխատողների վրա, այլ այն տրամաբանությունը, որով այս «դուքանչիներն» առաջնորդվում են: Էսպես ո՞ւր ենք հասնելու, ինչե՞ր է իրեն թույլ տալիս երեկ փողի գույնն անգամ չիմացող, բայց այսօր հարստությունից գլուխը կորցրած մարդակերպը:
Բայց սա դեռ ամենը չէ. լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «ջարդարարը» հոխորտացել է. «Լավ եմ անում, չեն ենթարկվում օրենքին»: Հետաքրքիր է, իսկ վաղարշներն ի՞նչ օրենքով են փորձում մարդկանց իրենց ճղճիմ նկրտումներին ենթարկեցնել: Պարզվում է` նմանների համար կա միայն մեկ չգրված օրենք. ամեն գնով ծառայել օրվա իշխանություններին ու մեկ լումայի համար գազանային պայքար մղել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ