Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նավթի գնի անկումը չի օգնի ԱՄՆ-ին հարցերը լուծել Իրանի ու Ռուսաստանի հետ

Նավթի գնի անկումը  չի օգնի ԱՄՆ-ին հարցերը լուծել  Իրանի ու Ռուսաստանի հետ
14.11.2014 | 00:21

Էժան նավթը չի փոխի Իրանի դիրքորոշումը միջուկային բանակցություններում: Թեպետ մոտենում է բանակցությունների վերջնաժամկետը, կողմերի միջև պահպանվում է վիթխարի անդունդ: Իրանը հրաժարվում է ոչնչացնել հարստացված ուրանի պաշարների մեծ մասը և ցենտրիֆուգաները, իսկ Վաշինգտոնը հայտարարում է, որ առանց այդ զիջումների որևէ շարունակություն դատապարտված է անհաջողության: Սակայն Իրանը զիջումների գնալու սուր անհրաժեշտություն չի զգում, հատկապես այն պատճառով, որ Մոսկվան արդեն առաջարկել է իր օգնությունը, եթե պատժամիջոցները չհանվեն: Բացի այդ՝ Իրանի տնտեսությունը որոշ չափով արդեն հավասարակշիռ վիճակի է եկել: Հասան Ռուհանիի՝ անցած տարի նախագահ դառնալուց հետո ինֆլյացիան 40-ից կրճատվել է մինչև 21 %: Պայմանավորվածությունը, այնուամենայնիվ, հնարավոր է, բայց կլինի երկկողմանի ճկուն դիվանագիտության ու խոր փոխզիջումների արդյունք: Իսկ նավթը Իրանին չի ստիպի զենքերը վայր դնել:
Ճիշտ նույն կերպ՝ ոչինչ չի խանգարի Վլադիմիր Պուտինին ապակայունացնել ՈՒկրաինան ու պահպանել իր ազդեցությունն այնտեղ: Ռուսաստանը Արևմուտքի պատժամիջոցների ու նավթի գնի անկման հետևանքները կհաղթահարի, թեկուզ նրանք պահպանվեն տեսանելի ապագայում: Չնայած կապիտալի հզոր արտահոսքին ու ռուբլու թուլացմանը, Պուտինին կհերիքեն կամքի ուժը, տարադրամի պահուստները և ժողովրդական աջակցությունը (նրա վարկանիշը հասել է պատմական բարձրակետին)՝ իր հարձակումը շարունակելու համար:
Առայժմ Սաուդյան Արաբիան մնում է վերին ատյանի նավթի մատակարար, որ կարող է կրճատել ու մեծացնել նավթի հանույթը, փոխելով առաջարկի ու պահանջարկի համաշխարհային դինամիկան: Էր Ռիադը սև օրվա համար այնքան փող է կուտակել, որ կարող է դիմանալ սրա նման բազում փոթորիկների: Սաուդյան Արաբիան կմասնակցի Վաշինգտոնի ռազմական արշավանքին «Իսլամական պետության» դեմ այն չափով, որ չափով դա համապատասխանում է իր նպատակներին: Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության գլխավոր շարժիչ ուժը շիաներին հակադարձելն է: Իսկ նավթի գնի անկումը դրա հետ ոչ մի կապ չունի:
Նավթի ցածր գները լրացուցիչ բեռ կդառնան Վենեսուելայի տկար տնտեսության համար: Սակայն նավթի գինը 75-80 դոլարի միջակայքում երկիրը դեֆոլտի չի հասցնի: Նախագահ Նիկոլաս Մադուրոն վճռական է փակելու երկրի արտաքին պարտքը և մանևրի տարածք էլ ունի: Հավանական է՝ Վենեսուելան կդիմի իր տարադրամի վերահսկելի դևալվացիայի և կստանա լրացուցիչ կապիտալ ակտիվների վաճառքից ու Չինաստանի կողմից վարկավորման պայմանների փոփոխությունից: Կարակասը ինչ-որ ժամանակ կդիմանա մեծացող տնտեսական բեռին՝ կանխելով քաղաքական հուզումները, որ կարող են զինվորականներին ստիպել Մադուրոյին հովանավորելուց հրաժարվել:
Հասկանալի է, որ երկարատև հեռանկարում այս վարչակարգերի ծայրահեղ կախվածությունը նավթային եկամուտներից սպառնալիք կստեղծի նրանց գոյատևման համար: Բայց յուրաքանչյուր վարչակարգ իր սեփական սթրեսներն ու արտաքին ներգործություններն ունի և խզման կետերն անխուսափելի չեն, փոխկապակցություն էլ չունեն: Երբ խոսքը վարչակարգի կայունության մասին է, պետք չէ մեծ նշանակություն տալ գների անկումին: Բայց մեկ ընդհանուր միտում կա, որ ներգործում է այս նավթային տերությունների վրա: Խոսքը էներգետիկ լանդշաֆտի փոփոխության մասին է, որի պատճառով այս երկրները ավելի ու ավելի կախման մեջ են ընկնելու Չինաստանից: Դա արդեն ակնառու դրսևորվում է Ռուսաստանում ու Վենեսուելայում: Վենեսուելան շեշտը դրել է չինական վարկերի վրա, որոնք վերադարձնում է նավթ մատակարարելով: Նավթի ներկա գնանկման հետ հարցերը լուծելու համար Կարակասը մտադիր է վարկավորման առավել փափուկ պայմաններ ստանալ Պեկինից: Մոսկվան Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատացման ենթատեքստում հույսը դրել է Չինաստանի վրա: Մայիսին երկու երկրները 400 միլիարդ դոլարի գազային համաձայնագիր կնքեցին 30 տարով, երբ Ռուսաստանը իջեցրեց առաջարկվող գինը: Անցյալ շաբաթ համաձայնագրի լրացման պայմանագիր կնքվեց: Առաջիկա տարիներին Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցումը կշարունակվի կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ: Նախ՝ էներգառեսուրսներով, իբրև քաղաքական զենքով, սպառնալով, Ռուսաստանը վանում է իրենից եվրոպացի սպառողներին, որ այսօր ակտիվորեն որոնում են բնական գազի մատակարարումների նոր աղբյուրներ, որոնց դիմաց հարկադրված չեն լինի վճարել աշխարհաքաղաքական բարձր գին: Երկրորդ՝ վառելիքի ոչ ավանդական ձևերի հեղափոխությունը Հյուսիսային Ամերիկայում կապահովի այդօրինակ աղբյուրը և կթուլացնի ռուսական ազդեցության լծակներն ու ներգործությունը գնի վրա՝ առաջարկելով այլընտրանք ու մեծացնելով համաշխարհային առաջարկի ծավալը:
Վառելիքի ոչ ավանդական ձևերի հեղափոխությունը Հյուսիսային Ամերիկայում (նավթի հանույթը պլաստների հիդրոպայթյունի միջոցով բիտումինոզ ավազներից ու այլ աղբյուրներից) կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում և այլ վայրերում: Էներգետիկայի ոլորտում տեղեկատվության ամերիկյան վարչությունը հաղորդում է, որ 2020 թ. ԱՄՆ-ում նավթի օգտագործման առավել քան 80 %-ը կմատակարարվի արևմտյան կիսագնդից: Այդ ժամանակ ԱՄՆ-ը կարող է դառնալ աշխարհի ամենահզոր նավթարդյունահանող երկիրը, իսկ 2035 թ. նրանք կկարողանան ամբողջությամբ ապահովել իրենց էներգառեսուրսներով արտաքին աղբյուրներից (Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով): Մերձավորարևելյան էներգառեսուրսներից կախվածության նվազումով ԱՄՆ-ը ավելի ու ավելի քիչ հաշվի կնստի աշխարհի այդ ամենաանհանգիստ տարածաշրջանի հետ և նվազ հետաքրքրություն կդրսևորի նրանց աշխարհաքաղաքական սրացումների նկատմամբ: Իսկ Չինաստանը իր զարգացող տնտեսությունն ու միջին դասն ապահովելու համար ավելի ու ավելի շատ կկապվի էներգառեսուրսների մերձավորարևելյան մատակարարների հետ, և՝ հակառակը: Այսօրինակ տեկտոնիկ տեղաշարժերը նավթային պետություններում և նրանց հեռացումը ԱՄՆ-ից ու մերձեցումը Չինաստանին կունենան հեռագնա հետևանքներ այդ պետությունների, նրանց հարևանների և գլոբալ էներգետիկ իրավիճակի համար: Ռիսկերից խուսափող չինական ղեկավարությունը չի լուծի աշխարհաքաղաքական խնդիրներն ու անվտանգության հարցերը, որ զուգահեռ են էներգառեսուրսների հանույթին փոփոխական Եվրասիայում ու անհանգիստ Մերձավոր Արևելքում: Վաշինգտոնը չունի միջամտելու պաշտոնական ռազմավարություն՝ ամերիկյան էներգետիկ ընկերությունների անունից ու հանուն նրանց շահերի, և ամերիկյան մասնակցությունը չի համընկնում այդ կապերի հետ: Օրինակ, այդ ռազմավարական ալյանսի հիմքում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հաստատուն էներգետիկ կապերն են: Չինաստանի դեպքում, որ ավելի ու ավելի շատ է փոխարինում ԱՄՆ-ին իբրև էներգառեսուրսների առաջատար համաշխարհային ներմուծող, դա չի լինի: Չինաստանը առևտրական համագործակցությունը իրականացնում է առանց որևէ կապի քաղաքականության ու այլ հարցերի հետ: Պեկինն ուրախությամբ կկնքի շահավետ էներգետիկ համաձայնագրեր Ռուսաստանի ղեկավարության հետ, բայց դա չի նշանակում, որ Պեկինը հանձն կառնի ինչ-որ խոր ու հեռագնա աշխարհաքաղաքական պարտավորություններ: Իսկ դա գործընկերության բացարձակապես այլ ձև է:
Առավել հավանական է, որ Չինաստանը կնախընտրի գործնական դիվանագիտությունը՝ լրացնելով այդ տարածաշրջաններում ծագող ազդեցության վակուումը: Նախկինում չինացիները ինտերվենցիոն դիվանագիտություն չէին ծավալում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից դուրս, և հեռավոր երկրների ներքին գործերին խառնվելը հազիվ թե հարմար լինի այն ղեկավարությանը, որ այդպես հավատում է սուվերենության սրբությանն ու անխախտությանը և խանդով պաշտպանում է իր ներքին գործերն արտաքին միջամտությունից: Անհետևողական ու մշուշոտ չինական ներկայությունը առավել խնդրահարույց է, քան առաջատարի բացարձակ բացակայությունը:
Հարկ չկա գերագնահատել նավթի գնի ազատ անկման առաջիկա հետևանքները: Եթե նույնիսկ գնանկումը չհանգեցնի այդ վարչակարգերի փլուզմանը կամ նրանց մերձեցմանը Վաշինգտոնի հետ, ուժեղացնելու է նրանց կախումը Չինաստանից: Իսկ դա գլոբալ էներգետիկ լանդշաֆտի անկայունության ու փոփոխականության պատրաստի դեղագիր է:
Հանրապետական անեկդոտ դեմոկրատ նախագահի մասին
ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ Միթ Ռոմնին իր հումորի զգացումը ցուցադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին անեկդոտ պատմելով:
«Մի անգամ Օբաման գնում է բանկ, որ գումար հանի, բայց մոռանում է անձը հաստատող փաստաթուղթ տանել: Բանկի աշխատակիցը նախագահին խնդրում է ապացուցել, որ ինքն իսկապես Բարաք Օբաման է: Օբաման հարցնում է. «Ինչպե՞ս ապացուցեմ»: Աշխատակիցը պատասխանում է. «Օրերս եկել էր Անդրե Աղասին ու նա էլ մոռացել էր անձնագիրը և իբրև ապացույց, որ ինքն է, վերցրեց թենիսի ռակետն ու գնդակը ճիշտ թիրախին խփեց: Ի՞նչ կարող եք անել Դուք, որ Ձեր անձը հաստատեք»: Օբաման պատասխանում է. «Բոլորովին պատկերացում չունեմ՝ ինչ անել»։ «Պարոն նախագահ, Ձեր գումարն ուզում եք ստանալ մա՞նր, թե՞ մեծ դոլարներով»,- հարցնում է բանկի աշխատակիցը:


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ