ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Հստակեցումներ վերջին տուրից առաջ

Հստակեցումներ վերջին տուրից առաջ
28.11.2014 | 10:50

Չեմպիոնների լիգայի խմբայինների հինգերորդ տուրի հանդիպումները մի դեպքում հաստատեցին արդեն հաստատվածը, մեկ այլ դեպքում որոշակիորեն որոշակիացրին որոշ բաներ, երրորդ դեպքում վերջնականապես խճճեցին գրեթե ամեն ինչ: Ամենակարևորը՝ խմբեր կան, որտեղ առանց «արյուն թափելու» չեն կարող մնալ, իսկ սա նշանակում է, որ մարզասերի համար դեռևս պահպանվում է ինտրիգը:


A խումբ: Իսպանական «Աթլետիկոն» «Օլիմպիակոսի» հետ խաղում վերահաստատեց իր բարձր կարգը՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Սա բավականին ցավեցնող պատասխան էր առաջին խաղում հույներից կրած 2:3 հաշվով պարտության դիմաց: Հաղթանակը մադրիդցիներին ապահովեց տեղը մեկ ութերորդում:
Միավորների պաշարը երեքով համալրեց և Սկանդինավյան թերակղզի «Մալմյոյին» հյուր գնացած «Յուվենտուսը»՝ 2:0: Իտալացիներն ունեցած ինը միավորով միանգամայն հուսավառ կարող են սպասել գարնան գալուն, մանավանդ որ մնում է վերջին խաղում ընդամենը չպարտվել:
B խումբ: Այստեղ պայքարը գնում էր միայն երկրորդ ուղեգրի համար, քանի որ Մադրիդի «Ռեալը» վաղօրոք էր լուծել խմբային առաջին տեղի հարցը: «Բազելի» հետ խաղում արքայական ակումբի իրեն թույլ տված միակ ազատությունը նվազագույն հաշվով հաղթանակն էր: Սպասվելիք այս արդյունքի հենքի վրա առանձնահատուկ սրություն էր ստացել «Լյուդոգորեց»-«Լիվերպուլ» դիմակայությունը, որը կողմերից որ մեկի առավելությամբ էլ ավարտվեր, թույլ կտար շվեյցարական ակումբի հավաքած վեց միավորին հավասար միավորի տեր լինել: Հաղթանակին առավել մոտ էր «Լիվերպուլը», սակայն բուլղարացիները կարողացան հասնել ոչ-ոքի արդյունքի (2:2)՝ դրանով իսկ անհայտ թողնելով, թե իր հետ մեկտեղ «Բազել»-«Լիվերպուլ» երկյակից որ մեկն է պայքարելու խմբային երկրորդ ուղեգրի համար:
C խումբ: «Զենիթ»-«Բենֆիկա» խաղում առաջինի, «Բայեր»-«Մոնակո» հանդիպումում երկրորդի հաղթանակը (երկուսում էլ գրանցվել է նվազագույն հաշվով առավելություն) խմբում ստեղծել է մի վիճակ, որ միայն վերջին տուրի «Զենիթ»-«Մոնակո» խաղից հետո պարզ կդառնա, թե երկյակից որ մեկը «Բայերի» հետ ներկայացված կլինի Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում: Ի դեպ՝ «Մոնակոյի» հետ խաղում ռուսական ակումբի պարտությունն անգամ «Բենֆիկային» (իհարկե՝ «Բայերին» հաղթելու դեպքում) թույլ չի տա երազել Եվրոպայի լիգայում հանդես գալու մասին, քանի որ թեպետ «Զենիթի» պես կունենա յոթ միավոր, սակայն վճռորոշը մնալու են երկու խաղում նրանից կրած պարտությունները:
D խումբ: Երկրորդ տեղի համար պայքարում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ «Արսենալի» հաղթանակը լոնդոնցիներին անհասանելի կդարձներ «Անդերլեխտի» համար, բայց և կսրեր լարվածությունն առաջին տեղի համար մրցակցությունում, քանի որ այդ դեպքում լոնդոնցիները չորս խաղից հետո տասներկու միավոր ունեցող դորտմունդցիներից հետ կմնային ընդամենը երկու միավորով: Ի վերջո ամեն ինչ այդպես էլ եղավ, քանի որ դիմակայությունում հենց գերմանացիները եղան թույլ կողմը՝ 0:2: Ինչ վերաբերում է «Անդերլեխտին», «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) ընդամենը հաստատեց Եվրոպայի լիգայում հանդես գալու նրա իրավունքը:
E խումբ: «Մանչեստր Սիթի»-«Բավարիա» հանդիպումում անգլիական ակումբը պարզապես հրաշքով խուսափեց ոչնչացումից ու ահա թե ինչու: Սկսելով բավականին հաջող, անգամ հաշվի մեջ առաջ անցնելով, «քաղաքաբնակները» արդեն առաջին խաղակեսին պարտվում էին 1:2 հաշվով ու այն էլ այն դեպքում, երբ, սկսած քսաներորդ րոպեից, մյունխենցիները խաղում էին տասը հոգով: Բարեբախտաբար, խաղավարտը նրանց մոտ հաջող ստացվեց: Խփելով ևս երկու գոլ (85 և 90+1 րոպեներ)՝ Սերխիո Ագուերոն նախ հաշիվը հավասարեցրեց, ապա առաջ մղեց իր թիմին՝ հնարավորություն տալով վերադառնալու «մեծ մրցավազք»: «Մեծ մրցավազքը»՝ «մեծ մրցավազք», բայց որ մի արգենտինացի Ագուերո միայնակ հաղթեց ներկա պահիս մոլորակի ուժեղագույն թիմին, դժվար մարսելիք բան է գերմանացիների համար, արգենտինացիների բերանն էլ դրված՝ երկար լեզու, որն ինչ-որ չափով պատասխան էր աշխարհի առաջնությունում կրած պարտությանը:
Ի դեպ, «մեծ մրցավազք» վերադառնալու շանսերը պահպանեց և Մոսկվայի ԲԿՄԱ-ն՝ «Ռոմայի» հետ խաղում եզրափակիչ սուլոցից վայրկյաններ առաջ հավասարեցնելով հաշիվը՝ 1:1: Արդյունքում այս խմբից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլ դուրս գալու շանսեր են պահպանում հավասարապես հնգական միավոր ունեցող թե «Մանչեստր Սիթին», թե ԲԿՄԱ-ն և թե «Ռոման»: Ինչ վերաբերում է «Բավարիային», այն տասներկու միավորով հպարտ առանձնության մեջ է և կարող է ռուսների առաջ կանաչ լույս վառել իր համար ոչինչ չնշանակող հանդիպումում, եթե, իհարկե, անգլաիտալական դիմակայությունում կողմերից մեկնումեկը չհասնի առավելության: Ահա այսպիսի չակնկալված ինտրիգ մի խմբում, որտեղ, ի դեմս ԲԿՄԱ-ի, ամենաթույլ օղակն ի սկզբանե որոշված էր: Սակայն, ինչպես տեսնում եք, ֆուտբոլում ամեն տեսակի անակնկալներ էլ լինում են:
F խմբի երկու առաջատարներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումները: «Պարի Սեն Ժերմենը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Այաքսին», հյուրընկալվելիս «Բարսելոնը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց ԱՊՕԵԼ-ի դարպասը: Ավելորդ չհամարենք նշել, որ այդ չորսից երեքի հեղինակը Լիոնել Մեսին է, ով Եվրոպայի առաջնությունների խաղարկությունում խփած գոլերի թիվը հասցրեց յոթանասունչորսի ու այս ցուցանիշով ռեկորդակիր է:
G խմբում «Չելսին» պարզապես վերցրեց ու դաժանաբար անցավ «Շալկեի» վրայով՝ չթողնելով քարը քարին: 5:0 հաշիվը դրա առավել քան խոսուն վկայությունն է: Փլեյ օֆի հեռանկար ունենալու համար գերմանացիներին ոչինչ չի մնում բացի «Սպորտինգին» հաղթելուց, որն իր հերթին հաղթական մրցելույթ ունեցավ «Մարիբորի հետ» խաղում՝ 3:1: Խմբայինում երկրորդ ուղեգրի համար սպասվելիք խաղում «Սպորտինգ»-«Շալկե» դիմակայությունում երկուսին էլ, պատկերավոր ասած, հավասարապես հանձնարարելի է ռուսական «Ամեն ինչ քո ձեռքերում է» երգը:
H խմբի հանդիպումներում հյուրերի գերազանցության օր էր: Դոնեցկի «Շախտյորը» բավականին անսպասելի զիջեց Բիլբաոյի «Աթլետիկին» (0:1), ԲԱՏԷն անզոր եղավ «Պորտուի» նկատմամբ՝ 0:3: Այս երկու դիմակայությունները խմբում առաջին երկու հորիզոնականում նույնությամբ պահեցին թե «Պորտուի», թե «Շախտյորի» ունեցած դիրքերը, որոնք դեռևս մեկ տուր առաջ էին լուծել փլեյ օֆում հանդես գալու իրենց հարցերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Չնայած նյութում կիրառված է թիմերի ելույթներն ըստ խմբերի ներկայացնելու մոտեցումը, այդուհանդերձ մեկ ընդհանրական դիտողություն: Աշխարհի չեմպիոն երկրի ներկայացուցիչներից չորս առաջատարներն էլ կրեցին պարտություն ընդհանուր 2:11 հաշվով: Համեմատության համար` հավասարապես նման արդյունք կարող էին ցույց տալ նաև հայաստանյան չորս թիմերը, եթե Չեմպիոնների լիգայի այս փուլում ներկայացված լինելու բախտ ունենային: Հարց ընթերցողին` ակումբային մակարդակով մենք գերմանացիներից ինչո՞վ պակաս երկիր ենք: Միայն խնդրում եմ չնշել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայ չլինելու հանգամանքը:

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ