Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թափուր գահերի դեմ հանդիման

Թափուր գահերի դեմ հանդիման
09.12.2014 | 00:34

Կյանքի առաջ ամենամեծ անհեթեթությունը մահն է: Ապրում էր մարդը, ու՝ չկա: Բանականությունը զգաստ թելադրում է, որ ոչ ոք անմահ չէ, որ Ադամից ու Եվայից սկսած՝ մարդը մահկանացու է, ու անհեթեթ է մահվան դեմ ըմբոստանալը, բայց բանականության բոլոր փաստարկները նույնքան անհեթեթ ու անհամոզիչ են մնում, երբ հեռանում են մեր սիրելիները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որ դարձել են մեր կյանքի մասը: Հեռանում են, ու թափուր թողնում իրենց ներկայության գահը: Մեր կյանքի ինչ-որ պահից սկսած մենք, բազում մարդկանց կողքին՝ ապրում ենք թափուր գահերով շրջապատված, որ երբևէ այլևս գահակալ չեն ունենալու:
Ապրում էր մարդը, ու՝ չկա: Մեր կողքին էր, մեզնից մեկը, ու մենք առանձնապես չէինք արժևորում, որ հենց այդ մարդը տարիներ ու տարիներ շարունակ լուռ ու մունջ, առանց ցուցամոլության, առանց պարտք ու պահանջ ներկայացնելու մեզ է նվիրում ԲԱՌԸ: Հայերեն: Բառը, որ գրվել է օտար լեզվով, բառը, որի գոյության մասին մենք չէինք էլ իմանալու գուցե: Կամ՝ իմանալու էինք, որ կա, ու՝ վերջ: Տիրապետել օտար լեզվին՝ ինչպես մայրենիին, որևէ պրոֆեսիոնալ թարգմանչի համար բարդ գործ չէ, պարտադիր է: Բայց տիրապետել օտար լեզվի ոգուն, հասկանալ ու փոխանցել գրողի հոգեկան աշխարհը, ոչ միայն բառերը, այլև ՄԻՏՔԸ, քչերին հասու հոգեկան սխրանք է: Էջ առ էջ «Արտասահմանյան գրականության» համարներով, գրքերով մեզ էր ներկայանում համաշխարհային գրականությունը իր հայտնի ու անհայտ հեղինակներով, հոսանքներով, ուղղություններով, հայտնություններով, ու մենք արդեն ընտելացել էինք, որ իրավունք ունենք այդ ամենն ունենալ: Հետո հայտնվեց «ՈՒլիսեսը»: Ջեյմս Ջոյսի հանճարեղ գիրքը երևի եզակի իռլանդացիներ են մինչև վերջ կարդացել: Ջոյսն ինքն ըմբոստանում էր, երբ ասում էին, որ վեպը գրել է հոգեվերլուծության մեթոդով: Ջոյսը, որ սպանել էր բառը ու բառի փոխարեն ստացել բոլոր բառերը՝ մեկ բառի մեջ, որ արդեն ոչինչ չի նշանակում ու նշանակում է ամեն ինչ: Հնարավո՞ր է այդ բառը թարգմանել: «735 էջ՝ մեր առաջ ժամանակի հոսքն է, և պարզ չէ՝ տևում է 735 ժամ, օր կամ տարի, որոնք կազմված են միանգամայն սովորական օրից՝ 1904 թվականի հունիսի 16-ից, երբ, փաստորեն, Դուբլինում ոչինչ էական չի կատարվում: Այս հորձանքը սկսվում և ավարտվում է Ոչնչով»՝ գրում էր Կարլ Յունգը: Թարգմանել Ոչինչը: Թարգմանել այնպես, որ դառնա ԻՆՉ, երբ անգամ հոգեվերլուծաբան Յունգը խոստովանում է, որ չի կարողանում կարդալ: ՈՒ մենք շատ հանգիստ ընդունեցինք, որ ունենք դրա իրավունքը՝ ունենալ համաշխարհային ժառանգությունը հայերեն, այսինքն՝ արդեն մեր մտահորիզոնի, մեր լեզվամտածողության ու մեր աշխարհընկալման մեջ: Եթե որևէ թարգմանիչ ունենում է ավելին, ուրեմն նա արդեն դարձել է գրող: ՈՒ որևէ գրող չի անում ավելին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Թափուր ևս մեկ գահ՝ մարդը հեռացավ ու իր հետ տարավ իր էության, մարդկային ջերմության, սիրո ու ատելության, թուլությունների ու առավելությունների, կորուստների ու հաղթանակների անկրկնելի պատմությունը: Վերջ, որ դառնում է Սկիզբ:

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ