ՖԻՖԱ-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, համաձայն որի՝ ֆուտբոլի Հայաստանի ընտրանին նահանջել է ևս երկու նիշով ու վերջնականապես հանգրվանել յոթանասունիններորդ հորիզոնականում:
Ասենք, որ տարին մերոնք մեկնարկել էին երեսունութերորդ բավական խոստումնալից հորիզոնականից: Ինչպես տեսնում ենք, նահանջն ավելի քան ակնհայտ է, սակայն քանի որ շատ բաների շարքում Հայաստանում նույնքան շատ բան տրամաբանական զարգացումներից դուրս է, ուստի զարմանալի չէ, որ հավաքականի գլխավոր մարզիչը ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ներկայացվել է Հայաստանի լավագույն մարզիչների ցուցակում ու դեռ գլխավորում էլ է այն: Ի դեպ, տարօրինակ չի լինի, որ հենց նրան էլ ընտրենք երկրի լավագույն մարզիչ կամ մարզիչներից մեկը, քանի որ մեզ մոտ ով ավելի նշանակալի է ձախողում, հենց նրան էլ ընտրում ենք:
Մասնավորապես ու առհասարակ:
Ինչ վերաբերում է անլուրջ երկրների նույնքան անլուրջ հավաքականներին, առաջին հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոններն են՝ 1725 միավորով: Գերմանացիներին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոնները` արգենտինացիները (1538 միավոր): Երրորդ հորիզոնականում աշխարհի վերջին առաջնությունում չափազանց գեղեցիկ ու համակրելի խաղով առանձնացած Կոլումբիայի ընտրանին է: Ի դեմս Բելգիայի ու Նիդերլանդների հավաքականների, հնգյակում տեղ է գտել եվրոպական ֆուտբոլի ևս երկու ներկայացուցիչ:
Արդ, պատկերավոր ասած, նորից դառնանք մեր ոչխարներին:
Գիտեք, որ մերոնք «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի հավաքականների հետ նույն նավում են: Դասակարգման աղյուսակում մեր մրցակիցները համապատասխանաբար 7, 30, 38, 58-րդ տեղերում են, ինչը, բնականաբար, ոչինչ կամ գրեթե ոչինչ չի նշանակում, որովհետև Շալանդի ղեկավարությամբ հերթով բոլորին կտրտելու ենք, փրթելու, աղ դնելու, շշին քաշելու: Այնպես որ, իմացեք մերոնց, ու` առա՛ջ, Հայաստան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ