Ողբերգությունը համախմբեց ողջ ազգը: Նման ծանր պահերին մեր մեջ արթնանում է միմյանց սատար կանգնելու և վիշտն ազգովին կրելու ունակությունը: Վերջին ահավոր հարվածը` փոքրիկի մահը, ավելի խորացրեց մի բուռ սիրտ դարձած ժողովրդի ցավը: Հոգեբանորեն ի՞նչ ապրեց հայ հանրությունը, ինչպե՞ս մեղմել վիշտը: Էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին իրեն են դիմում երիտասարդ կանայք, ովքեր հոգեբանորեն ծանր վիճակում են, չեն կարողանում դիմանալ այս ցավին, հատկապես երեխաների կորստին: «Սա մի օրինակ է, թե մենք ինչքան խոր ենք խոցվել: Այս ողբերգությունը մտավ բոլորիս ընտանիքները»,- ասաց տիկին Նալչաջյանը` անընդունելի համարելով ողբերգությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը, միաժամանակ շեշտելով, որ պետք է պատասխան տրվի, թե ում էր այն ձեռնտու:
Ըստ էթնոհոգեբանի, հարված հասցվեց մեր ազգի համար գերագույն արժեքին` ընտանիքին և երեխաներին, որոնք մեր պաշտամունքն են: «Հարվածը մեր սրտին է եղել, և ժողովուրդը սա շատ ծանր է տանում: Երկրաշարժից հետո ես չեմ հիշում մի այնպիսի դեպք, որ մեր ազգին այսպես ցնցել է, ինչպես սա: Իհարկե, եղել են զինվորների կորուստներ, որոնցից ամեն մեկը մի ողբերգություն է, և մենք էլի ծանր ենք տանում, բայց սա իր ահավորությամբ գերազանցում է, քանի որ դաժանորեն սպանվել են փոքրիկ երեխաներ: Սա միայն Գյումրու ու գյումրեցու ցավը չէ, այլ ողջ ազգի»,- արձանագրեց մեր զրուցակիցը, հավելելով, որ այս ողբերգությունը համախմբեց բոլորիս: Հանրության տրամադրությունները դրական փոփոխության կենթարկվեն, և լարվածությունը կմարի, երբ ոճրի առնչությամբ շատ հարցերի վրա լույս սփռվի: Դա կլինի թե՛ քաղաքական հարթությունում, թե՛ իրավական:
Սերյոժայի մահը, Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ, ավելի մեծացրեց կորստի ցավը: «Երեխայի կենդանի մնալը այն մոմի լույսն էր, որով ապրում էինք: Ազգովին աղոթում էինք: Նրա մահով մեր վիշտը, սուգն ամբողջացան: Վերջին հույսը մարեց»,- ասաց մեր հյուրը՝ այս իրավիճակում կարևորելով զգույշ արտահայտվելու անհրաժեշտությունը, քանի որ «վիշտն ու վիրավորանքը իրար հետ շատ դժվար է տանել ու չպոռթկալ»:
Իսկ ինչպե՞ս մեղմել ցավը, հանգստացնել վշտացած ու ըմբոստացած մարդկանց: «Միայն արդարությամբ»,- կարճ կապեց հոգեբանը: «Մեր արժանապատվությանը թող չդիպչեն: Արդարադատություն իրականացնելիս մենք չպետք է երկրորդ տեղում լինենք: Այս ծանր ցավը երկար մնալու է մարդկանց մեջ, բայց արդար լուծումը կօգնի հնարավորինս մեղմելու վիշտը»,- կարծիք հայտնեց Կարինե Նալչաջյանը` միաժամանակ «հորդորելով» «պրովոկատորներին» հեռու մնալ այս հարցից: «Դեմ լինելով հարցի քաղաքականացմանը, պիտի նշեմ, որ այս ողբերգությունը որոշ սադրիչներ չպետք է իրենց շահերին ծառայեցնեն: Չնայած հարցը պահանջում է քաղաքական լուծումներ»,- նկատեց հոգեբանը` հիշեցնելով, որ այսօրինակ իրավիճակներում թշնամին ակտիվանում է, իսկ սահմանային լարվածությունը` մեծանում: «Այս պայմաններում մենք ներքուստ պիտի ամուր լինենք, որպեսզի դիմագրավենք արտաքին թշնամուն»,- փաստեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ռուսից «վտանգավոր թշնամու» կերպար ստեղծելն այսօր մեզ բնավ հարկավոր չէ, ծայրահեղ վարքագիծ է նաև «փակ աչքերով սիրահարվելը» օտարին: «Պիտի հասկանանք, որ արժանապատիվ համագործակցություն է մեզ հարկավոր, որպեսզի հարգեն մեզ ու մեր ժողովրդին: Երևի տևականորեն պետականություն չունենալն է մեզ դարձրել օտարին այսքան նվիրված»,- եզրահանգեց էթնոհոգեբանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ