Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայ-ադրբեջանական Մյունխենը՝ բաց դիմակայությամբ

Հայ-ադրբեջանական Մյունխենը՝ բաց դիմակայությամբ
10.02.2015 | 13:32

Մյունխենում անվտանգության հարցերով անցկացվող 51-րդ համաժողովում հայ-ադրբեջանական հակամարտությունը նաև բաց դիմակայության փուլ է մտել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «ՈՒկրաինայից անդին. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» քննարկման ժամանակ և, բնականաբար, նրա ելույթը պիտի ուղղվեր Հայաստանի դեմ: Այլընտրանք Ալիևը չուներ, ոչ ոք նրան չէր հասկանա ոչ առաջին հայրենիքում, ոչ երկրորդում՝ Թուրքիայում, որտեղ այս տարի հայերի դեմ պայքարը հավասարեցված է Հայոց ցեղասպանության դեմ պայքարին: Բայց քննարկման ձևաչափով մասնակիցները կարող էին զեկուցողին հարցեր ուղղել, ու այստեղ Ալիևը գտել է ավելին ասելու իր ոսկելարը: Նա հարցերին հարցով է պատասխանել. «Ի՞նչ է անում հայ զինվորը օկուպացված տարածքներում, ի՞նչ է կորցրել նա Աղդամում, եթե չի ուզում մահանալ, թող չգնա Աղդամ։ Թող մնա իր Երևանում, Գյումրիում, իր երկրում։ Դուք ձեզ համար բավականաչափ տարածքներ ունեք ձեր երկրում, որտեղ, ի միջի այլոց, այդքան էլ մարդ չի մնացել, և ուրեմն ի՞նչ եք դուք անում Աղդամում, ի՞նչ եք անում Ֆիզուլիում»: Եթե սա ակնարկ չէ տարիներ առաջ հնչած հայտնի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձևակերպման, Իլհամ Ալիևը բարձրաձայնել է հակամարտության հաղթահարման պայմանագրի իր «գինը»՝ վերադարձրեք Աղդամն ու Ֆիզուլին: Բայց դա ստացվել է գրեթե ակամա, իրականում Ադրբեջանի նախագահը արդեն Մյունխենում է հանդես եկել հակամարտության հաղթահարման բանակցային սեղանին դրված սկզբունքների դեմ ու Մյունխենում է հավաստել, որ Ադրբեջանը լիովին գիտակցված ու լիովին ռազմատենչ՝ չի ուզում բանակցել, որովհետև չի համարում, որ բանակցությունների հիմքում պիտի լինի 1994-ի հրադադարից հետո ստեղծված վիճակը: Նա ուզում է ստատուս քվոն անվավեր համարել՝ ելնելով ներկա ստատուս քվոյից, երբ, իր կարծիքով՝ Հայաստանում այդքան էլ մարդ չի մնացել, իսկ Ադրբեջանը տարբեր երկրներից ու հիմնականում Ռուսաստանից գնված հարձակողական սպառազինությամբ մի քանի պատերազմ կարող է սկսել ու իբրև նոր բլիցկրիգ մի քանի օրում թեյել Շուշիում, Ստեփանակերտի վրա ծածանել Ադրբեջանի դրոշը ու լողանալ Սևանում՝ խորոված-մորովածով: Բայց նախքան Ադրբեջանի նախագահի ազգային անվանված, իսկ իրականում խիստ անձնական երազի իրականացումը՝ նա ոչ միայն պիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ պայքարի ու հաղթի՝ կազմալուծելով ձևաչափը, այլև ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունը՝ հարցը պատերազմով լուծել: Եվ այս դեպքում Թուրքիայի նոր ու հին դաշնակիցները նրան չեն օգնելու, որովհետև տարածաշրջանում ունեն իրենց շահերը, իսկ Ադրբեջանի բլիցկրիգի միֆը ու այդ միֆի ենթադրական իրականացումից հետո ստեղծված նոր ստատուս քվոն չեն բխում իրենց ոչ տնտեսական, ոչ ռազմական, ոչ էլ առավել ևս քաղաքական շահերից: ՈՒստի Իլհամ Ալիևին մնում է գրոհել ու սրեր ճոճել տեղեկատվական պատերազմում, հարձակվել ու հաղթել նույն այդ դաշտում՝ ոչ մի քայլ առաջ չշարժվելով իրական դաշտում, որովհետև որքան էլ սահմանին կրակում են, այնքան պատասխան հարված են ստանում: Դիվանագիտական հարթակում ևս Ադրբեջանի նախագահի զինապահեստը դատարկվում է. նա աններելի երկար կրկնում է նույնը, դա արդեն ոչ թե կայուն տեսակետ է, այլ առճակատում, որը նույնքան աններելի երկար ներվում էր, բայց նույնիսկ ժամանակը սահմաններ ունի: Երբ խոսվում է հակամարտության հաղթահարման սկզբունքներն ընդունելու մասին, Իլհամ Ալիևը անգիր հիշում է միայն տարածքային ամբողջականությունը, և բնավ չի հիշում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Ինչո՞ւ պիտի նախկին ԽՍՀՄ տարածքի բոլոր հակամարտությունները կարգավորման միևնույն բանաձևն ունենան՝ նա չի ասել, միայն հիշել է, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը: Մնացած հարցերը ևս պատասխանվել են ադրբեջանաթուրքական տեսակետով՝ մեղավորը միջազգային հանրությունն է ու հայկական սփյուռքը: Իհարկե, ուրի՞շ ով կարող է մեղավոր լինել, երբ խնդիրը շատ պարզ է դրված՝ Հայաստանը դատարկել, տնտեսական ներուժը փոշիացնել, տնտեսության դիվերսիֆիկացիան բացառել, քաղաքական իշխանությանը կաշկանդված պահել «հավատարիմ դաշնակցի» պարտավորություններով, ու՝ ապահով Հայաստանում խորացնել անապահովության ու դավադիր աշխարհի դեմ հանդիման մենակության զգացումը: Բայց Հայաստանը դատարկվում է ոչ այդքան արագ, որքան հաշվարկվել է, աշխարհն էլ դավադրությանը չի հանձնվում, ու ի՞նչ անի Իլհամ Ալիևը, որ ունի նավթ, գազ, զենք, մարդուժ, բայց չի կարողանում վերադարձնել «օկուպացված տարածքները», մեկ միլիոն փախստականներին, որոնց թիվը ոչ ավելանում է, ոչ պակասում՝ հակառակ նույնիսկ բնության օրենքներին՝ ոչ ծնվում են, ոչ մեռնում: Իլհամ Ալիևը սպասում է, ու սպասման ծանր զգացողությունը թեթևացնում՝ կրակ բացելով սահմաններին՝ «ես այստեղ եմ, ես կամ» սկզբունքով, և պարբերաբար հիշեցնելով իրեն տրված խոստումները, որ չեն կատարվում, որովհետև չեն կատարվելու՝ բումերանգի վերադարձը կանխելու օրենքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ ենք անում մենք, որ խաղը գիտենք, բայց խաղում ենք մեր դեմ:

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ