Մինչ խնամիները` Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը, հայտարարություններով են միմյանց հետ շփվում, իսկ շարքային ԲՀԿ-ականները ՀՀԿ-ականների ու նրանց քաղաքական «բարձրագույն» մարմնի վրա սուր են ճոճում, երկրում անհասկանալի իրադարձություններ են կատարվում:
Քաղաքական դաշտում իրավիճակը թեժանում է, բայց պարզվում է, այդ թեժացումն իշխանության շահերից չի բխում, չնայած դրանում նրան են մեղադրում: Մարդիկ են ծեծվում, առևանգվում ու սլաքն ուղղվում է դեպի իշխանություն: Վերջիններս էլ «կաշվից» դուրս են գալիս հակառակն ապացուցելու համար:
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ կարծես անտեսանելի մի ձեռք, ամեն տեղ ավերելով, առաջ է գնում: Ամենաահավորն այն է, որ հստակ նպատակակետը չի երևում, ինչի համար է այս ամենն արվում, ում ջրաղացին են ջուր լցնում, արդյոք ապրիլի 24-ից հետո «կհանգստանա» հայկական աշխարհը: Հարցեր են, որոնց պատասխանը, ինչպես ԲՀԿ-ում կասեին, նույնիսկ «բարձրագույն իշխանությունը» հստակ չգիտի: Անորոշությունների ու քաոսի միակ «դեղատոմսը» սթափ դատողությունն է ու գործողությունները, ինչի խիստ պակաս այսօր մեզանում կա: Եվ իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչները շատ հաճախ էմոցիաների արդյունքում են իրենց գործողությունները պլանավորում, ինչը հաստատապես լավ ելք չի խոստանում: Սակայն գոնե մի հարցում իշխանություն-ընդդիմություն չպետք է «խաղալ». համազգային հարցերի, այդ թվում` ցեղասպանության, ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, և լավ կլինի երկուստեք զսպվածություն ցուցաբերվի: Թե չէ մեր հոգին մերկացրած աշխարհին ենք ի ցույց դնում, նրանք էլ ոնց ուզում, այլանդակում են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ