BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Միջին վիճակագրական հայի խոստովանությունը

Միջին վիճակագրական  հայի խոստովանությունը
13.02.2015 | 00:28

Երեկ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր:
Լինեինք մշակութային կյանքով ապրող ու կարգին երկիր՝ այդ հասկացության բուն բովանդակությամբ, փետրվարի 13-ը համաժողովրդական տոն էր լինելու, ու առավոտը բացվելու էր Հրանտ Մաթևոսյանի ձայնով, կեսօրին հնչելու էր նրա խոսքը, երեկոյան էլ անպայման մեր օպերայում նրան նվիրված հանդիսավոր նիստ էր լինելու` խոսելու էին, պատմելու էին, հիշելու էին, գնահատելու էին: Հասկանալու էին, որ իրենց կողքին ունեն համաշխարհային մեծության գրող, որ նրա ձայնը բոլորովին պակաս չէ, հավասար է ու ավելին է Գաբրիել Գարսիա Մարկեսի ձայնից, ու Ծմակուտը Մակոնդոյից պակաս գրականության մայրաքաղաք չէ: Հասկանալու էին, որ իրենք աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդն են, որ աշխարհին ասելիք ունեն իրենց մասին, ու աշխարհը լսելիք ունի Հրանտ Մաթևոսյանի ձայնով, որովհետև նրա խոսքը խոսք է մարդու ու կյանքի մասին, որը պարտավոր է ավելի լավը լինել, պարտավոր է կատարյալ լինել, որովհետև մարդը Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծվել ու մարդը հենց Աստված է երկրի վրա: Հասկանալու էին, որ իրենց տրված ամենամեծ երջանկությունը հենց այնպես չի տրվել ու Հրանտ Մաթևոսյանին կարդալը քիչ է, կարդալը շատ քիչ է, Հրանտ Մաթևոսյանին հասկանալ է պետք, որովհետև դա ճանապարհ է՝ հասկանալու Հայրենիքը, կյանքը, ինքդ քեզ ու մնացած մարդկանց, ճանապարհ է՝ սիրելու ինքդ քեզ ու մնացած մարդկանց, թեկուզ եղել է, շատ դառը ժամանակ է եղել, երբ Հրանտ Մաթևոսյանը գրել է՝ ինքդ քեզ սիրելի չես:
Հասկանալու էին… Բայց չեն հասկանում, որովհետև Հրանտ Մաթևոսյանը շատ պարզ է, իրենցն է, իրենք են, իսկ իրենք իրենց հասկանալու համար դեռ չեն հասունացել:
Չէ, ծննդյան օրով դառը չէ իմ խոսքը, սիրո խոսք է, որովհետև երբ սիրում ես, չես կուրանում ու տեսնում ես ամեն ինչ, հասկանում ես ամեն ինչ, կռվում ես, խռովում ես, հեռանում ես, բայց մեկ է՝ սիրում ես ու վերադառնում ես, որովհետև սիրում ես, ու սերը բացատրելն անմտություն է: Սերը Աստծո պարգևն է, որ պատճառներ չունի, ապրելու ձև է, կյանքը շարունակելու, կյանքը հարատևելու համար է, որովհետև երբ չես սիրում՝ վերջանում ես դու, վերջանում է տոհմդ, վերջանում է հայրենիքդ:
Դառը չէ իմ խոսքը, հույսի ու հավատի խոսք է, որ 80-ամյակին չէ, մի օր, Աստծո մի օր լուսաբացը ինչ-որ մեկի համար բացվելու է Հրանտ Մաթևոսյանով ու լինելու է աշխարհի ամենաերջանիկ օրը, երբ լինելու ես ուրախ, ու չես լինելու տխուր, ու իմանալու ես՝ ինչու ես ուրախ ու ինչու տխուր չես, ու Կանաչ դաշտում բացվելու են աշխարհի ամենագեղեցիկ Ալպիական մանուշակները ու Գանգրահեր տղան քաղելու է մանուշակները՝ նվիրելու Խոնարհ աղջկան` իր անուշ Հայաստանի արևահամ բառերը շուրթին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ես ոչ ռոմանտիկ եմ, ոչ ուտոպիստ, ես միջին վիճակագրական հայ եմ, որ սիրում է իր Հայրենիքը ու սիրում է իր երկիրը Հայրենիք դարձնողներին, որ համառորեն հավատում է, վստահ է, համոզված է՝ Ի սկզբանէ էր Բանը, ու Բանը ԲԱՌ էր, ու միտք դարձած բառն անպարտ է աշխարհում:

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ