Չորս խաղից երեքում ոչ-ոքի ու միայն մեկում հաղթանակ: Այսպիսին է Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին քառյակի առաջին հանդիպումների վիճակագրությունը` ոմանց համար տարօրինակ, ոմանց համար միանգամայն սպասված արդյունք, ու ոչ մեկին էլ չես կարող հակառակվել ունեցած համոզմունքների մեջ, որովհետև բացատրություն չկա այն բանին, որը շինվում է զգայական մակարդակում:
ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
Այդ չորսից փաստացի միակ հստակ գուշակելիքը «Շալկե»-«Ռեալ» դիմակայության արդյունքը կարող էր լինել, ու ոչ միայն այն բանի համար, որ անցած տարի այս նույն մրցաշարի այս նույն փուլում արքայականը պարզապես զրոյացրեց մրցակցին` հաղթելով 6:1 ու 3:1 հաշիվներով: Օբյեկտիվ լինենք` ոչ խաղամակարդակով, ոչ ֆուտբոլիստների որակական կազմով, ոչ փորձով, ոչ ուրիշ մնացած բաներով գելզենկիրխենցիները չեն կարող քննություն բռնել մադրիդցիների հետ, ովքեր աշխարհի ակումբային ֆուտբոլի լավագույն եռյակում են, մինչդեռ «Շալկեն» լավագույն դեպքում կարող է մաս կազմել գերմանական ֆուտբոլի առաջին հնգյակին:
Ինչին ականատես եղան դաշտում: Եթե կուզեք ճիշտը իմանալ, ընդամենը վախեցած ֆուտբոլի, որի ժամանակ գերմանացիները պատրաստ էին ամեն ինչ տալու, միայն թե հանդիպումը նվազագույն հաշվով ավարտվեր: Իսկ այդ նվազագույնն առաջին խաղակեսի արդեն 26-րդ րոպեին ապահովել էր Ռոնալդուն (ի դեպ, եվրագավաթներում սա նրա 76-րդ գոլն էր, ու այդ ցուցանիշով նա կրկնեց լեգենդար Ռաուլին ու իր լեգենդար ժամանակակցին` Լիոնել Մեսիին): Կարող եք մտածել, թե գույները խտացնում եմ, ու որպես հակափաստարկ բերել Ֆելիքս Պլատեի հարվածը, որ ցնցեց դարպասաձողը, սակայն ես էլ կհակադարձեմ ժողովրդական հայտնի իմաստնությամբ` պատից կախված դատարկ հրացանն էլ տարին մեկ կարող է կրակել: Բան չունեմ ասելու` գեղեցիկ ու տպավորիչ հարված էր, ու շատ ափսոս, որ գոլի չվերածվեց, բայց որևէ հակառակ բան ունե՞ք ասելու Մարսելոյի հարվածի առնչությամբ, որը ճիշտ և ճիշտ ուղարկված էր այնտեղ, որտեղ սարդերն իրենց սարդոստայնն են հյուսում: 2:0-ն բավական տպավորիչ հաշվով հաղթանակ է, այն էլ մրցակցի հարկի տակ: Հույսեր փայփայել, թե «Շալկեն» Մադրիդում կարող է անակնկալ մատուցել, ցնորամտություն է: «Սանտյագո Բեռնաբեուում» գերմանացիների բախտը կարող է բերել այնքանով, որ այդ օրն արքայական ակումբը նույնքան «էկոնոմ» ֆուտբոլ խաղալու տրամադրված կլինի, որքան Գելզենկիրխենում: Այնպես որ, մեր խորին համոզմամբ, պատասխան հանդիպումը զուտ արձանագրային բնույթ կկրի, ոչ ավելի: «Ռեալը», երաշխավորված, մեկ քառորդում է:
Նույն օրվա երկրորդ հանդիպումը «Բազել»-«Պորտու» դիմակայությունն էր՝ պորտուգալական ակումբի ֆավորիտությամբ: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ Չեմպիոնների լիգայի արդեն իսկ այս փուլում շվեյցարացիների հայտնվելը հաղթանակ է: Այդ նույն ճշմարտությունը պահանջում է ասել նաև, որ այս տարիների ընթացքում «Բազելն» ամրացել է որպես թիմ, ունի կայուն խաղային ձեռագիր և հավակնությունների մեջ դարձել է իր նկատմամբ հարգանք պահանջող: Այդ պահանջատերի դիրքերից նրանք մոտ մեկ ժամի չափ ցնցումների մեջ պահեցին անհամեմատ փորձառու մրցակցին, մինչև որ վրա հասավ իրենց համար չարաբաստիկ 79-րդ րոպեն` դարպասին նշանակված տասնմեկմետրանոցով: Պորտուգալացիները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը` մնացած անելիքը թողնելով պատասխան հանդիպմանը: Թե ինչ կլինի մարտի տասին կայանալիք կողմերի պատասխան հանդիպումում, դժվար է հստակ պատասխանել, բայց որ խաղը պակաս դիտարժան չի լինելու, վայրկյան իսկ չկասկածեք. շվեյցարացիները դադար կառնեն վերջին շնչի հետ մեկտեղ:
ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕՐ
Մրցումային առաջին օրվա ամենամեծ հետաքրքրությունը «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» խաղն էր (ընդհանրապես այն եղած չորս հանդիպումների, այսպես ասած, մեխն էր), սակայն «Բավարիայի» հետ դիմակայությունում Դոնեցկի «Շախտյորը» խամրեցրեց ամեն ինչ: Վերջին երկու ամսում փաստացի չունենալով խաղային լուրջ փորձ` ուկրաինացիները մատուցեցին ամենամեծ անակնկալը: Չէ, նրանք չեն հաղթել ահեղ մրցակցին, սակայն եթե կա մեկը, ով 0:0-ն կարող է չգրանցել տանտերերի ակտիվին, ուրեմն երջանիկ անգիտության մեջ ապրողներից է: Ինչ վերաբերում է «Բավարիային», այն պարզապես տխրեցրեց իր անկարողությամբ, թեպետ պահուստում ունեցած պատասխան խաղը նրան մանևրելու անսպառ հնարավորություն է տալիս, իսկ ով շահելու էր այդ հանդիպման անակնկալի արդյունքում, հավատացնում ենք, երևի Հայաստանի բյուջեի չափ գումար շահեց, ու սրա մեջ գրամ չափազանցություն չկա: Ինչևէ, ինչպես ժամանակին գրվում էր խորհրդային փոխադրամիջոցներում` վարորդը նաև հսկիչ է, նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ չափից ավելի ջանադիր ֆուտբոլասերը նաև զոհ է:
«Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» հանդիպումը հակասական տպավորություն թողեց: Մի կողմից՝ բավական անշուք խաղ առաջին խաղակեսում` մինչև լոնդոնցիների կողմից դարպասը գրավելը, մյուս կողմից՝ երկուսի կատարմամբ էլ բացառիկ դիտարժան մրցակցություն այդ գոլից հետո: Հանդիպման 1:1 հաշիվը, բնականաբար, հօգուտ «Չելսիի» է, քանի որ փաստն արձանագրվել է մրցակցի դաշտում, սակայն ՊՍԺ-ն Լոնդոնում այլ բան չունի անելու, բացի գրոհելուց: Խաղի մասին խոսքն ավարտելուց առաջ նշենք, որ Մոուրինյոն կարողացավ անակնկալի բերել իր վիզավիին ու հարված հասցնել այնտեղից, որտեղից սպառնալիք պիտի որ չլիներ: ՈՒշադիր եղեք, թե ինչ խաղացողների կատարմամբ է իրականություն դարձել փարիզցիների դարպասի գրավումը: Կոմբինացիայի եզրափակիչ մասը հյուսած Տերի-Կեյհլ-Իվանովիչ եռյակը ներկայացնում է լոնդոնյան ակումբի պաշտպանության գիծը: Դե սրանից հետո եկ ու հասկացիր, թե սեփական տուգանայինում ի դեմս մրցակցի հարձակվողների՞, թե՞ պաշտպանների պիտի տեսնես ամենամեծ վտանգը: Ավարտելով «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» դիմակայության մասին խոսքը` հարկ համարենք նշել, որ կարճ տարածության առումով այն հավասարապես թե՛ Մոուրինյոյի, թե՛ Բլանի ակտիվում կարելի է գրանցել, ինչը, սակայն, պատասխան հանդիպման առկայության պայմաններում շատ ավելի խոցելի է դարձնում ֆրանսիացիներին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ