Մինչ ապրիլի 24-ը խորհրդարանն ունի հերթական մեկ քառօրյա նիստ: Ավելի ճիշտ, եռօրյա, քանի որ երկուշաբթի մեռելոց է ու ոչ աշխատանքային: Դեռևս նախորդ քառօրյայի օրակարգը հագեցած էր ցեղասպանությանն առնչվող նախագծերով: Ինչպես երևում է, այս անգամ էլ դրա պակասը չի լինի: Սցենարն էլ մասամբ նույնն է: Զարուհի Փոստանջյանը վերստին նախագիծ է ներկայացրել, այս անգամ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին», որը նույնությամբ կրկնում է արդեն հրապարակված Համահայկական հռչակագիրը:
Լիովին հասկանալի է քաղաքական գործիչների այն մոտեցումը, թե յուրաքանչյուր առիթ օգտագործում են քաղաքական ինչ-ինչ նպատակների, վարկանիշ ձեռք բերելու համար: Բայց Զարուհի Փոստանջյանը մոռացել է կամ ավելի հավանական է, «գլխի» չի ընկել, որ ինքը գործ ունի ոչ թե քաղաքական կամ տնտեսական ինչ-որ խնդրի հետ, այլ արտաքին քաղաքականության տեսանկյունից շատ նուրբ, հանրային դիտակետից` շատ զգայուն, հարցի հետ: Գոնե այս հարցը պետք չէ դարձնել իշխանություն-ընդդիմություն ճղճիմ վեճերի թեմա: Առավել ևս, որ դրանով ավելի ճիշտ կլինի զբաղվեն պատմաբանները, մարդիկ, ովքեր այդ առումով գիտական, մտավոր պաշար ունեն: Էլ չենք ասում, որ արդեն այդ մասին փաստող հռչակագիրը պետական մակարդակով ընդունվել է:
Ի վերջո, երկրում այնքան խնդիրներ կան, որոնք պետք է օր առաջ խորհրդարանականների ուշադրությանն արժանանային: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը որոշել է, այս էլ երկրորդ անգամ, ցեղասպանությանը վերաբերող նախագծեր ներկայացնել, որոնց սկզբունքորեն դեմ չեն ոչ մեկը, բայց նրա «կատարմամբ» դրանք այնքան «անմխիթար» վիճակում են ու մասնագիտական առումով թերի կազմված, որ դրանց ընդունումը միայն կվնասի այդ գործընթացին: Ճիշտ կանի «Ժառանգության» ժառանգորդուհին այս հարցերում ոչ թե նախագծեր ներկայացնի, այլ այդ թեմաների շուրջ մեկ-մեկ զրուցի իր կուսակցության ղեկավարի, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բայց քանի որ անհույս է Զարուհուն ինչ-որ բանում հակառակը համոզել, մնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես արգելի կուսակցին խոսել այդ թեմայով: Չնայած այս առումով էլ լիահույս չենք:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ