Անցած օրերը եվրոպական ֆուտբոլային առաջատար տերություններում համատեղված էին առաջնությունների ու գավաթի համար մղվող խաղերով: Դրանցում ոչ պակաս չափով քրտինք թափվեց, ոչ էլ պակաս չափով «արյուն» հեղվեց: Մի խոսքով, ֆուտբոլասերը դժգոհելու առիթ չուներ:
ԳԱՎԱԹԱՅԻՆՆԵՐՈՒՄ
Միանգամից երեք ճակատով գործող (ներքին առաջնության չեմպիոնություն, Չեմպիոնների լիգայի ու Իտալիայի գավաթներ) «Յուվենտուսը» խոշոր քայլ կատարեց երկրի գավաթի խաղարկությունում` կիսաեզրափակչում 3:0 հաշվով առավելության հասնելով «Ֆիորենտինայի» նկատմամբ ու երկու հանդիպումների արդյունքով դուրս գալով եզրափակիչ: Եղածը «խոշոր քայլ» ենք որակում պայմանավորված նրանով, որ սեփական հարկի տակ «ծեր սինյորան» մրցակցին զիջել էր 1:2 հաշվով, ինչը չէր կարող տեղիք չտալ խոսակցությունների, թե թիմն իրեն արդեն իսկ դուրս է դրել գավաթի համար մղվող մրցակցությունից: Մինչդեռ` ոչ: «Յուվենտուսը», ինչպես վայել է իսկապես մեծ ակումբին, իր անունը բարձր պահեց:
Իտալական եզրափակչի երկրորդ մասնակիցը որոշվեց «Նապոլի»-«Լացիո» դիմակայությունում: Նկատի ունենալով առաջին հանդիպումում մրցակցի դաշտում գրանցված ոչ-ոքին` 1:1, նեապոլցիները հարկավ ունեին առավելություն, որը լիուլի բավական կլիներ վերջնարդյունքում, եթե պատասխան խաղում սեփական դարպասը պահեին անառիկ: Սակայն այն, ինչ շահեկան էր, դարձավ չար կատակ: Խաղալով դարպասն անառիկ պահելու մտայնությամբ` «Նապոլին» գոլ բաց թողեց, իսկ կորցրածը վերականգնել չհաջողվեց: Եզրափակիչը կայանալու է հունիսին` Հռոմում: Արձանագրենք` «Լացիոն», փաստորեն, ունի սեփական դաշտի առավելություն:
Շնորհիվ «Գենգամի» նկատմամբ արձանագրած առավելության (1:0)` Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչում «Օսերը» դարձավ եզրափակչի գրանցում ստացած առաջին թիմը: Տասնամյա դադարից հետո բուրգունդցիների համար սա եզրափակչում հանդես գալու առաջին դեպքն է: Վճռորոշ խաղում նրանց մրցակիցն է լինելու «Սենտ Էտիենին» 4:1 հաշվով պարտության մատնած «Պարի Սեն Ժերմենը»:
Ի տարբերություն Իտալիայի ու Ֆրանսիայի, Գերմանիայում գավաթային խաղերը մեկ քառորդի փուլում էին: «Վոլֆսբուրգը» նվազագույն հաշվով պարտության է մատնել բունդեսլիգայի հետնապահներից մեկին` «Ֆրայբուրգին» ու մրցակից «ստացել» «Արմինիա»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա» մրցակցության հաղթողին, որտեղ առավել հաջողակ են եղել առաջինները: Խաղի հիմնական ժամանակն ի հայտ չի բերել հաղթողին, գրանցվել է 1:1 հաշիվ: Ավելացված ժամանակում կողմերը դարպասները պահել են անառիկ, իսկ ահա հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ է եղել «Արմինիան»` 5:4: Ավելորդ չհամարենք նշել, որ «Արմինիան» դարձավ երրորդ բունդեսլիգայի առաջին թիմը, որին հաջողվեց դուրս գալ երկրի գավաթի կիսաեզրափակիչ:
Գավաթայինի մեկ քառորդը հաջողությամբ էր անցել նաև Դորտմունդի «Բորուսիան», որն օրեր առաջ առաջնությունում «Բավարիայից» կրած պարտությունից հետո, չնայած բավական հոգնատանջ խաղին, կարողացավ կենտրոնանալ ու պարտության մատնել «Հոֆենհայմին»: Հաղթանակն այդ դորտմունդցիները կարողացել են կորզել լրացուցիչ խաղաժամանակում` 3:2: Նկատենք, որ այդ դիմակայությունում «Հոֆենհայմը» բավական անհաշտ մրցակից է եղել: Բավական է ասել, որ հենց նրանք են բացել հաշիվը, հենց նրանք են առաջին խաղակեսը փակել 2:1 հաշվով, ու դորտմունդցիներից ահռելի ջանքեր են պահանջվել խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար: Կիսաեզրափակչում «Բորուսիայի» մրցակիցը լինելու է «Բավարիան»: Քառորդ եզրափակչում, բավական ծանր պայքարում, նրան հաջողվել է կոտրել Լևերկուզենի «Բայերի» դիմադրությունը, որը հեղինակավոր մրցակցին զիջել է միայն հետխաղյա տասնմեկմետրանոցներով` 3:5: Այստեղ թե՛ հիմնական, թե՛ լրացուցիչ ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Անգլիայի գավաթի մեկ քառորդում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Բլեքբեռն Ռովերսի» նկատմամբ: Ի դեպ, այս հանդիպումը կարող էր և չլինել, եթե լիվերպուլցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի չխաղային մրցակցի հետ ու խաղը չբերեին-հասցնեին վերախաղարկման: Բոլոր դեպքերում լավ է, երբ ամեն ինչ լավ է վերջանում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ թիմը հազիվ թե հայտնվի եվրազոնայում, ու այս պայմաններում գոնե երկրի գավաթի համար մղվող մրցակցությունում մնալն ինչ-որ չափով նշանակում է նաև ալիքի վրա մնալ:
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնը» 4:0 հաշվով առավելության է հասել «Ալմերիայի», Մադրիդի «Ռեալը»` «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ (2:0): Նախօրեին նույնպիսի հաշվով Մադրիդի «Աթլետիկոն» պարտության էր մատնել «Ռեալ Սոսիեդադին» ու վերջին երեք խաղում գրանցել երրորդ անընդմեջ հաղթական արդյունքը: «Բարսելոնն» ունի 74, «Ռեալը»` 70, «Աթլետիկոն»` 65 միավոր:
Ֆրանսիական դիվիզիոնում «Մոնպելիեի» նկատմամբ հաղթանակը «Մոնակոյին» հնարավորություն էր տալիս մրցաշարային աղյուսակում շրջանցելու «Մարսելին», սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ առավելագույն երեքի փոխարեն ընդամենը մեկ միավոր վաստակեցին ու շնորհակալ պիտի լինեն հյուրերին այն բանի համար, որ վերջիններս տասնմեկմետրանոցն իրացնելիս վրիպել են: Այստեղ առաջատարը 62 միավոր ունեցող «Պարի Սեն Ժերմենն» է (հիշենք, թե առաջնության նախորդ տուրում, հյուրընկալվելիս, նա ինչպես «գծերից գցեց» «Մարսելին»): Երկրորդը «Լիոնն» է, երրորդը` «Մարսելը»: Նրանք համապատասխանաբար ունեն 61 և 57 միավոր:
Ինչ վերաբերում է Անգլիայի առաջնությանը, ապրիլի 6-ին կայացած խաղում «Կրիստալ Պալասը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել «Մանչեստր Սիթիին»: Չնայած հարաբերական վաղեմությանը` հանդիպումը հիշատակում ենք զուտ նրա համար, որ այս պարտությունից հետո «քաղաքաբնակները» նահանջեցին չորրորդ հորիզոնական` եռյակում տեղը զիջելով մանչեստրյան մեկ այլ ակումբի` «Յունայթեդին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ