ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Հաճելիորեն, թե ոչ, «Պորտուն» զարմացրեց

Հաճելիորեն, թե ոչ, «Պորտուն» զարմացրեց
17.04.2015 | 12:17

Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի առաջին քառյակի առաջին հանդիպումներն արդեն կայացած փաստ են և ուղիղ կեսով (նկատի ունենք արդյունքները) բավականաչափ մտորումների մղող: Շտապենք զգուշացնել, որ բնավ էլ նկատի չունենք առաջին օրվա սակավագոլության համեմատությամբ երկրորդ օրվա հանդիպումների գոլառատությունը:

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»` 0:0
Տարբեր մակարդակներով կայացած վերջին վեց խաղում «Աթլետիկոն» արքայականին թույլ չի տալիս ճաշակել իրեն հաղթելու բերկրանքը, իսկ դրանցից չորսում կրած դառնությունը, եթե ծուռ նստենք ու շիտակ խոսենք, վիճակագրությունից էլ վեր բան է, ու առաջին բնութագրականը, որ գալիս է լեզվիդ ծայրին, հոգեբանությունն է: Թե «Ռեալը» ինչ «քնքուշ» զգացումներ է տածում… «Բարսելոնի» նկատմամբ, բոլորին է հայտնի, սակայն հայտնի լինելով հանդերձ, Սիմեոնեն որոշեց աղի մի պտղունց էլ ավելացնել մրմռացնող այդ վերքի վրա` ասելով, որ իր սաներին ավելի դժվար է մեն մի հատիկ Մեսի չեզոքացնելը, քան «Ռեալի» Ռոնալդու-Բենզեմա-Բեյլ եռյակին: Առաջ ընկնելով ասենք, որ արքայականի եռյակը մրցակից թիմի գլխավորի խոսքը թագավորեցրեց` այդպես էլ անկարող գտնվելով դրոշմակնքել «Աթլետիկոյի» դարպասը: Իսկ եթե ուզում եք խաղի մասին փոքր-ինչ ավելի կոնկրետ լինեմ, ասեմ հետևյալը. «Աթլետիկոն» մի ամբողջ խաղակես վազեցրեց մրցակցին, հոգնատանջ արեց, երկրորդում անցավ ահաբեկմանն ու մազ էր մնացել, որ հաջողեր: Չհաջողեց, սակայն յոթերորդ անգամ «Ռեալի» համար մնաց անհաղթահարելի ուժ, ու եթե Անչելոտիին չհաջողվի երկու հանդիպումների արդյունքում դրական ելքի հասնել, նրան պարզապես ցույց կտրվի դուռը, քանզի նման կարգի անպատվություն արքայականը չի կարող հանդուրժել զուտ նաև այն պատճառով, որ ի վերջո «Աթլետիկոն» «Բարսելոն» չէ: Այնպես որ, մեկ շաբաթ անց, հասկացաք, կտրվի չափազանց սկզբունքային հարցի պատասխան, ու խոսքը բնավ էլ «Ռեալի» կիսաեզրափակիչ դուրս գալ-չգալու հարցին չի վերաբերում:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-«ՄՈՆԱԿՈ»` 1:0
Այո, «ծեր սինյորան» հաղթեց Չեմպիոնների լիգայում բոլորին հաճելիորեն զարմացնող մոնեգասկներին, սակայն թույլ տվեք ասել, բավական վիճահարույց տասնմեկմետրանոցի արդյունքում, ու ակամայից մտածում ես` եթե չլիներ մրցավարի այդ յուրօրինակ նվերն իտալացիներին, վերջն ի՞նչ էր լինելու: Միայն թե չասեք` ոչ-ոքի, որովհետև այս դեպքում ոչ միայն օրիգինալ չեք լինի, այլև բավականին պրոզաիկ գույներով կներկայանաք: Փաստը մնում է փաստ, որ Ալեգրին այդպես էլ չգուշակեց «Մոնակոյի» մարտավարությունը ու, մեր խորին համոզմամբ, ամեն ինչ եղավ իներցիայի ուժով: Մի բան հաստատ կարելի է ասել` Մոնակոյում մենք կտեսնենք բոլորովին այլ «Մոնակո», ու խոշոր հարց է, թե մեկ քառորդում հայտնվելը իրականում որի` «Յուվենտուսի՞», թե՞ նրա մրցակցի ուժերի ռեալ սահմանն էր:

«ՊՈՐՏՈՒ»-«ԲԱՎԱՐԻԱ»` 3:1
Որ «Պորտուն» «նվեր» թիմ չէ, բոլորին է հայտնի: Այդ թվում` «Բավարիային»: Սակայն եղածի անհեթեթությունն այն է, որ այդ մասին իմանալով հանդերձ, մյունխենցիներն այդպես էլ չմարսեցին արագ գոլ «ուտելու» դառնությունն ու չկարողացան մոբիլիզացվել այնպես, որ կարողանան խաղ կոտրել: Արդյունքում պարտություն չափազանց տհաճ հաշվով ու նույնքան տհաճ հնարավոր ելքով, եթե սեփական հարկի տակ «Բավարիան» չդառնա արագ գոլի հեղինակ: Ինչ վերաբերում է խաղին, այն գերազանց էր ամեն ինչով ու մարզասերին մնում է երազել այդպիսի խաղեր:

ՊՍԺ-«ԲԱՐՍԵԼՈՆ»` 1:3
Վերջին տարիներին հաճախակիացել են այս երկու ակումբների հանդիպումները: Իհարկե, դրանցում դրական էմոցիաներն առավելապես բարսելոնցիների փայ-բաժինն են, բայց մեկ-մեկ փարիզցիներն էլ են հորիզոնում երևացել: Նաև սա նկատի ունենալով` սպասվող դիմակայությունում մարզասերն իրավունք ուներ սուր, անհաշտ մրցակցություն ակնկալելու: Շտապենք ասել, որ այդ սպասումը լիովին արդարացվեց շնորհիվ կատալոնյան ակումբի վիրտուոզ խաղի, թեպետ, եթե անկեղծ, «Բարսելոնի» այս կազմի ու այս որակի խաղի դեպքում չափազանց դժվար է գտնել մի թիմ, որը կկարողանա հակակշիռ դառնալ կատալոնյան ակումբին ու ի մասնավորի, նրա հարձակման գիծը կազմած եռյակին, որը դաշտում սրտի ուզածն անում է ու չգիտես էլ՝ ի դեմս ում սպասես գրոհը եզրափակողի որակում, երբ յուրաքանչյուրը կարող է դա անել:
«Պարի Սեն Ժերմենը» որքան էլ զգուշավոր գործեց, այդուհանդերձ չկարողացավ դարպասն անմատչելի պահել, ու, հանդիպման թվային արտահայտությունից ելնելով, պարտության մեջ չի կարելի մեղադրել Լորան Բլանին, քանզի նրա ճակատագրին կարժանանար այդ օրը «Բարսելոնի» դեմ խաղացող յուրաքանչյուր թիմի մարզիչ: Փարիզցիները, իհարկե, պատասխան հանդիպմանը կգնան ու կփորձեն ինչ-որ բան անել, սակայն այդ ինչ-որ բանը դժվար թե նրանց օգնի կիսաեզրափակիչ դուրս գալու, եթե, իհարկե, բացառիկ արտառոց կարգի որևէ բան տեղի չունենա:
Եզրափակելով ասենք` «Աթլետիկո»-«Ռեալ», «Յուվենտուս»-«Մոնակո», «Պորտու»-«Բավարիա», ՊՍԺ-«Բարսելոն» դիմակայություններից կատալոնյան ակումբն է լոկ, որ պատասխան խաղը վերածել է ձևականության: Մնացածները քրտնելու են ու լավ էլ քրտնելու են:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ