Թբիլիսիում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր առմամբ այն վատ չպիտի համարել Հայաստանի ընտրանու համար, որի ակտիվում է երկու ոսկե, չորսական արծաթե ու բրոնզե մեդալ: Մեր ծանրորդների հաջող ելույթների սկիզբը դրվեց մրցության առաջին իսկ օրը: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը նվաճեց երկամարտի (259 կգ) և հրում վարժության (146 կգ) արծաթե մեդալները: Սակայն, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, առավել ուրախալին պոկում վարժությունում մարզիկի արձանագրած առաջընթացն էր: Համենայն դեպս, որքան մենք հիշում ենք, պաշտոնական մրցումներում նա առաջին անգամ է նման ծանրություն բարձրացնում: Իհարկե, երկրորդ վարժությունում սանձահարեր Սմբատը պատվիրված 151 կիլոգրամը, արդյունքը միանգամայն այլ կլիներ, սակայն, գիտեք, սպորտը «եթե» ասվածը չի ընդունում: Ինչևէ, շնորհավորենք մարզիկին հաջողության համար ու անցնենք առաջ:
77 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչները երկուսն էին` աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն ու պատանեկան մրցահարթակներում փայլած Անդրանիկ Կարապետյանը: ՈՒրախալի է, որ երկուսն էլ մրցանակներով են վերադառնում: Թբիլիսիից Տիգրանը վերադարձավ արդեն որպես Եվրոպայի եռակի չեմպիոն: Երկամարտի նրա արդյունքը 351 (160+191) կիլոգրամ է: Մեծ ոսկուն մեր չեմպիոնը հավելեց պոկում և հրում վարժությունների արծաթները: Ի դեպ, առաջին վարժությունում ոսկին նա զիջել է Անդրանիկ Կարապետյանին (164 կգ), ում բաժին է հասել նաև երկամարտի մեծ բրոնզը (350 կգ):
Մեր հաջորդ մեդալը +75 կգ քաշային կարգում հանդես եկած Հռիփսիմե Խուրշուդյանի կատարմամբ է: Ճիշտ է, նվաճածը բրոնզե փոքր մեդալ է (հրում վարժություն, 142 կգ), սակայն այս մարզուհին հետևողականորեն գնում է անցյալի իր փառքը վերադարձնելու ճանապարհով:
Կարող էր և անպայման պիտի որ մեդալային ելույթ ունենար հայկական ծանրամարտի վերջին տարիների ամենավառ աստղերից մեկը` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ), սակայն նրա հարաբերական անհաջողությունը (6-րդ տեղ՝ 397=181+216), կարծում ենք, լավ դաս կլինի թե՛ մարզիկի, թե՛ նրա ելույթի մարտավարությունը գծած մարզչական կորպուսի համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ