«Վոլֆսբուրգի» նկատմամբ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հաղթանակը «Բավարիային» բերեց վաղաժամկետ չեմպիոնություն (մյունխենյան ակումբի պատմության մեջ սա քսանհինգերորդ ոսկե բարձունքն է)։ Այդ չեմպիոնությունն այսօր-վաղը լուծելիք հարց է «Չելսիի» համար, որը «Արսենալի» հետ սկզբունքային մրցավեճում ունեցածին գումարեց ևս մեկն ու տասը միավորով առաջ է պոկվել մերձակա հետապնդողներից: Չեմպիոնության հասնելու խնդիրներ չունի և «Յուվենտուսը»` չնայած կրած պարտությանը: Այս միանշանակությունների կողքին ոսկե մեդալների հարցում դեռևս անորոշություն է եվրոպական ֆուտբոլային գերտերություններից միայն երկուսում:
ԳԵՐՄԱՆԻԱ
Շաբաթ օրն ավելի քան համեստ հաշվով (1:0) առավելության հասնելով Բեռլինի «Հերտայի» նկատմամբ` «Բավարիան» համոզված էր, որ ընդամենը ևս մեկ քայլ է կատարել չեմպիոնություն տանող ճանապարհին, թեպետ մեկ օր անց երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին» հյուրընկալող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կարող էր գործընթացն անհամեմատ արագացնել: Գլադբախցիներն այդպես էլ վարվեցին ու պիտի ասել` ոչ թե ի սեր մյունխենցիների, այլ հօգուտ իրենց (տեղեկացնենք, որ վերջին տասը խաղում սա նրանց յոթերորդ հաղթանակն էր երեք ոչ-ոքիի պարագայում), քանի որ «գայլերի» նկատմամբ հաղթանակը նրանց կրկին վերադարձրեց աղյուսակի երրորդ հորիզոնական, որին նախօրեին տիրացել էր «Բայերը»` ոչ-ոքի (1:1) խաղալով «Քյոլնի» հետ: Կիրակի օրվանից բունդեսլիգայում ռեալությունն այսպիսին է` խաղարկման մեջ են միայն արծաթե ու բրոնզե մեդալները, որոնց հավանական տերերն են երկրորդ հորիզոնականում գտնվող «Վոլֆսբուրգը» (61 միավոր), երրորդ հորիզոնականում տեղակայված Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (57 միավոր), նրանց պոչին նստած Լևերկուզենի «Բայերը» (55 միավոր):
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի թիվ մեկ խաղը հարկավ «Արսենալ»-«Չելսի» դիմակայությունն էր ու դա ոչ միայն այն պատճառով, որ տանտերերին չպարտվելը «ազնվականների» առաջ ավելի վաղ էր բացում չեմպիոնություն տանող դռները: Եթե անգամ սրա կողքին աչքաթող անենք այնպիսի «մանրուք», ինչպիսին է վերջին անգամ ավելի քան վաթսուն օր առաջ «կանոնիրների» միավոր կորցրած լինելու փաստը, որը բավական տպավորիչ ցուցանիշ է, չենք կարող աչքաթող անել այնպիսի իրողություն, ինչպիսին են երկու թիմերի գլխավորների միջանձնային բարդ հարաբերությունները, որոնք չէին կարող մրցակցությանը լրացուցիչ ինտրիգ չհաղորդել: Մի խոսքով` սա հանդիպում էր բազմաթիվ ենթաշերտերով և ունեցավ բավական պրոզաիկ վախճան: Գոլազուրկ ոչ-ոքիով «ազնվականներն» ավելի մոտ հայտնվեցին գլխավոր նպատակին` միաժամանակ «Արսենալին» ստիպելով երկրորդ հորիզոնականից երրորդ նահանջել: Նկատենք, որ ցանկալի երկրորդ հորիզոնականը կարող էր լինել «Մանչեստր Յունայթեդինը», սակայն «Էվերտոնը» նրա նկատմամբ տոնած հաղթանակով (3:0) այդ տեղը բացեց մանչեստրյան մյուս թիմի` «Սիթիի» համար, որը նախօրեին 3:2 հաշվով պարտության էր մատնել «Աստոն Վիլային»: Մեկ խաղ պահուստում ունենալու պայմաններում առաջին հորիզոնականում «Չելսին» է (77 միավոր), որին տասը միավորի տարբերությամբ հաջորդում են «քաղաքաբնակներն» ու «կանոնիրները»:
ԻՏԱԼԻԱ
Չնայած արտագնայում «Թուրինից» կրած պարտությանը (1:2)` «Յուվենտուսը» 73 միավորով շարունակում է գլխավորել սկուդետոն ու չեմպիոնության հարցում մտահոգվելու առանձնապես ոչինչ չունի, քանի որ երկրորդ տեղում ընթացող «Լացիոյից» առաջ է 14 միավորով, իսկ, ինչպես գիտեք, առաջնության ավարտին մնացել է ընդամենը վեց տուր (միջանկյալ ասենք, որ վերջին քսան տարում սա թուրինցիներից «ծեր սինյորայի» կրած առաջին պարտությունն էր): Նկատենք, որ արծաթե մեդալների հարցում իր վիճակը բավականին բարդացրեց «Լացիոն» (59 միավոր)` սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Կիևոյի» հետ (1:1): Ի բարեբախտություն «Լացիոյի», միավորների կորուստ ունեցավ «Ռոման»` 1:2 հաշվով զիջելով «Ինտերին»: Իտալական «գայլերի» անվան դիմաց գրանցված է 58 միավոր: Հարկ համարենք նշել, որ մեդալների խաղարկությանը լրջորեն կարող է խառնվել «Սամպդորիային» հաղթելուց հետո (4:2) 56 միավոր հավաքած «Նապոլին»:
ԻՍՊԱՆԻԱ
Առաջատար եռյակի համար կրկին հաղթական եղան տուրի հանդիպումները: Տանն «Աթլետիկոն» 3:0 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ ու 66 միավորով բավական վստահ է զգում երրորդ հորիզոնականում: Առաջատար եռյակում գտնվող մյուս երկու թիմերը` «Բարսելոնն» ու Մադրիդի «Ռեալը», իրենց հաղթանակները ձևակերպել են արտագնա խաղերում: Համարյա կես խաղակես խաղալով տասը հոգով` կատալոնցիները պարտության են մատնել «Էսպանյոլին» (2:0), իսկ «Ռեալը» «Սելտային» ծնկի է բերել 4:2 հաշվով (այստեղ խիստ գոլառատ է եղել հանդիպման առաջին կեսը` գրանցվել է դարպասի հինգ գրավում): «Բարսելոնի» ակտիվում է 81, «Ռեալի» ակտիվում` 79 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
«Ռեյմսի» նկատմամբ 4:2 հաշվով «Լիոնի» արտագնա հաղթանակը հարավցիներին վերադարձրեց առաջին հորիզոնական: Նրանց ակտիվում է 68 միավոր: Նույնքան միավոր ունի ամբարած և «Պարի Սեն Ժերմենը», որը սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 62 միավորով երրորդ հորիզոնականում է «Լենսին» 3։0 հաշվով պարտության մատնած «Մոնակոն»: Մոնեգասկների այս հաղթանակն ավելի քան տեղին էր, քանզի վրիպման դեպքում պատրաստ էր եռյակ խուժելու հյուրընկալելիս «Մոնպելիեի» նկատմամբ նվազագույն հաշվով առավելության հասած «Սենտ Էտիենը» (60 միավոր):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ