«Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ վերջին հինգ տարիներին սուր բանավեճեր են ծավալվում: Հիմա արդեն թուրք քաղաքական գործիչները կանոն են դարձրել արտաքին քաղաքականության մասին խոսել ոչ քաղաքական բառապաշարով: Շատերն են խոստովանում, որ դա իսլամիստների տուրքն է արտաքին քաղաքական դրսևորումներին: Ի տարբերություն Թուրքիայի արտաքին քաղաքականության ավանդական պատմողական ոճի, իսլամիստներն իրենց դատողություններում կտրուկ են, հաճախ՝ բացահայտ կոպիտ: Գուցե զարմանալի է, բայց Ռուսաստանի դեպքում իսլամիստները կարևոր բացառություն էին անում: Բազում խնդիրների առկայությամբ՝ Թուրքիան պահում է շատ քաղաքավարի երկխոսություն Մոսկվայի հետ: Երկու տարի առաջ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Իրանն անվանում էր իր «երկրորդ տունը», բայց այս տարի նա սահմանազատվեց Իրանից՝ նրա գործողություններից հետո Եմենում ու Սիրիայում: Ռուսաստանը մնում էր բացառություն: Թուրքիան, որ իսկապես հետաքրքիր է, իրեն միշտ շատ զգույշ է պահում, երբ հարցը Ռուսաստանին է վերաբերում: Նախագահ Էրդողանը նույնիսկ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կտրուկ մեղադրանքներ հղեց ԱՄՆ-ի հասցեին, բայց Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունք Թուրքիան իրեն թույլ չի տվել: Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ցեղասպանություն» անվանեց 1915-ի իրադարձությունները: Նա ասաց. «1915-ի ապրիլի 24-ը սգո օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայերի ցեղասպանության հետ»: Մինչև Ռուսաստանը 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն անվանեց Ավստրիան, Թուրքիայի արձագանքը շատ կոշտ էր՝ Անկարան հետ կանչեց Վիեննայից իր դեսպանին խորհրդակցությունների համար:
Մոսկվայի հայտարարության առաջին արձագանքը լռությունն էր: Երբ հասարակությունը շատ հզոր ճնշում գործադրեց կառավարության վրա՝ պահանջելով պատասխանել Պուտինին, արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ բավականին լուրջ հայտարարությամբ: «Մենք ժխտում և դատապարտում ենք «ցեղասպանություն» որակումը, որ տվել է ՌԴ նախագահը 1915-ի իրադարձություններին, չնայած մեր նախազգուշացումներին ու դիմումներին: Այդօրինակ քաղաքական հայտարարությունները, որ օրենքի աղաղակող խախտում են, Թուրքիայի համար ոչ մի ուժ չունեն»: Դա Ռուսաստանի առաջին «բանավոր դատապարտումն» էր Թուրքիայում: Անկարան անփոփոխ լռություն էր պահպանում Ռուսաստանի բազմաթիվ քայլերի ժամանակ, որ ճգնաժամի հանգեցրին Սիրիայի հարցում, լռեց և Ղրիմի անեքսիայի դեպքում: Բայց դա դեռ վերջը չէ: Ռուսական հայտարարությանը Թուրքիայի պաշտոնական արձագանքում կային և այլ, շատ կտրուկ ձևակերպումներ՝ «Հաշվի առնելով զանգվածային հանցագործություններն ու բռնագաղթերը, որ Ռուսաստանը մեկ դար առաջ իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում, հաշվի առնելով կոլեկտիվ պատժի մեթոդները, ինչպես գոլոդոմորը, նաև անմարդկային գործողությունները Ռուսաստանի պատմության մեջ՝ հատկապես թուրք ու մուսուլման ժողովրդի նկատմամբ, կարծում ենք՝ Ռուսաստանն ավեի լավ գիտի՝ ինչ է «ցեղասպանությունը» և իրավական ինչ ձևակերպում ունի»: Թերևս սա Անկարայի ամենակտրուկ հայտարարությունն էր Ռուսաստանի հասցեին սառը պատերազմից հետո: Անկարան շատ հստակ հիշեցրեց Ռուսաստանին՝ որտեղով է կարմիր գիծն անցնում: Ի՞նչ է լինելու հետո: Անկասկած, ցեղասպանության մասին Պուտինի հայտարարությունը շատ է զայրացրել Անկարային: Այնուհանդերձ, Թուրքիան ամբողջությամբ կախված է ռուսական էներգառեսուրսների ներկրումից: Ավելին, Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը, որն ավելի է մեծացնելու Անկարայի կախումը Մոսկվայից: Այդ պատճառով Կրեմլի վրա ներգործության շատ քիչ լծակներ ունի Անկարան: Ցավալի է, որ Պուտինը անտեսեց թուրքերի զգացումներն այս հարցում, թեպետ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 35 միլիարդ դոլար է: Իրականում 1915-ը ցեղասպանություն անվանելը հազիվ թե բերի Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների խզման: Ավելին՝ այս խորհրդանշական իրադարձությունը մի քանի կարևոր պահեր երևակեց: Նախ՝ արդեն պարզ է, որ չնայած երկկողմանի առևտրի ծավալներին, Թուրքիան և Ռուսաստանը տարբեր մշակութային ճամբարներում են: Երբեք պետք չէ մոռանալ, որ թուրք-ռուսական հարաբերությունները կառուցվում են գլխավորապես պրագմատիզմի վրա և չունեն պատկառելի մշակութային ու սոցիոլոգիական հիմքեր: Երկրորդ՝ ժամանակն է, որ Անկարան մտածի Ռուսաստանից էներգակիրների հարցում իր անընդունելի կախվածության մասին: Վերջապես՝ ցեղասպանության մասին Ռուսաստանի հայտարարությունը վկայում է Անկարայի արտաքին քաղաքականության թուլությունը: Թուրքիան ավելի ու ավելի է մեկուսանում: 1915-ի իրադարձությունների ճանաչումը իբրև ցեղասպանություն բազում պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի ու Գերմանիայի, կողմից նշանակում է, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը ինչ-որ տեղ սխալվել է»:
Այս հրապարակման հեղինակը թուրք է՝ Գյոհան Բաջիկը, հոդվածը տպագրել է
"Today's Zaman"-ը: Այսօր: Այսինքն՝ Թուրքիայում շարունակվում են դեգերումները ցեղասպանության թեմայով: Հեղինակը կարևոր հարց է բարձրացնում, բայց չի էլ փորձում պատասխանել: Գուցե նա հրապարակման խնդիր չի համարել պարզել, թե Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ հատկապես որտե՞ղ է սխալվել: Ասիական մշակույթին պատկանելով՝ եվրաինտեգրման քաղաքականություն որդեգրելո՞վ, հետո ԵՄ-ից հրաժարվելով: Հայաստանի սահմանը փակելի՞ս, թուրք-հայկական հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի՞ն առանցք դարձնելիս: Թուրք-իրանական մրցակցության խնդիրներո՞ւմ: «Զրո պրոբլեմներ հարևանների հետ» կարգախոսն ընդունելի՞ս: Իսրայելի հետ հարաբերություններո՞ւմ: Սիրիայի՞: Ցեղասպանությունը չճանաչելո՞ւ մեջ: Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը մեկ տարի առա՞ջ բերելիս: Տարածաշրջանում հրապարակավ խաղաղության ու կայունության ջատագով հանդես գալով, Իսլամական պետության զինյալներին աջակցելի՞ս: Ինչ-որ շատ են Թուրքիայի «սխալները» արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի Թուրքիան չմեկուսանա, որպեսզի Թուրքիան պատերազմ չհայտարարի աշխարհին: Բայց անգամ այդ պատերազմը լինելու է միմիայն ներքին օգտագործման, արտաքին աշխարհում ավարտվելու է շատ արագ և անհետևանք:
Ցավոք: Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Թուրքիան կարող էր ավելի հեռանկարային արտաքին ու ներքին քաղաքականություն ընտրել, ի վերջո, բոլոր պետությունները առաջ են նայում, Անկարան էլ կարող էր մտածել իր ապագայի մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ թուրք-ռուսական հարաբերություններում, իրոք, որևէ պրոբլեմ չկա և ամբողջ պոլեմիկան ցուցադրական է: Ռուսների կողմից ցեղասպանության ճանաչումը արդեն քսան տարվա պատմություն ունի: Եթե Անկարան այսօր է հասկացել, թե ինչ է նշանակում ռուսների արտաբերած «ցեղասպանություն» բառը, իր խնդիրն է: Ամբողջ խնդիրը ներքին օգտագործման ազգային-հայրենասիրական անպարտելիության միֆն է, որ պետք է Էրդողանին խորհրդարանական ընտրություններից առաջ: Մոսկվան ընդհանրապես մտածելու թեմա չունի: Ի վերջո՝ ցանկացած պահի Էրդողանին կարող է ասել՝ այլևս չեմ կարողանում Հայաստանին զսպել, հողերն ուզում է, աշխարհն էլ տեսնում ես՝ ինչ է անում: Ոչ մի նշանակություն չունի՝ Հայաստանն ուզո՞ւմ է, թե՞ ոչ: