Ցեղասպանության մեկդարյա տարելիցի ալիքները դեռ չեն մարել, հատկապես հարևան Թուրքիայում, իսկ Հայաստանում արդեն սկսվում են նոր ալիքներ՝ Ղարաբաղի շուրջ պտտվող: Անցումը շատ արագ կատարվեց, որ նշանակում է՝ այս օրերին հարցը եղել է չբարձրաձայնվող քննարկումների առանցքում ու հիմա արդյունքների ամփոփում է կատարվում: Փարիզում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Խնդիրը նույնն է՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մինչ նրան հանդիպելը Փարիզի քաղաքապետարանում ցեղասպանության տարելիցն է նշում, իսկ ռուսները արդեն սկսել են նոր հայտարարություններ անել՝ Մինսկի խմբի ձևաչափի պահպանության անհրաժեշտության վերաբերյալ: Թեպետ տևական ժամանակ Մինսկի խումբը, ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Ռուսաստանին չէր բավարարում իր գործողություններով: Նոր տարբերակն այն է, որ ըստ Մոսկվայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա, որովհետև Բաքուն կարգավորման ուղղությամբ քայլ չի անում: Բաքուն փորձում է իր համար բարենպաստ դիրքեր ստանալ Հայաստանի և Ղարաբաղի վրա մշտական ճնշման միջոցով՝ շփման գծում իրավիճակն անընդհատ սրվում է: Այս իրավիճակում Մինսկի խմբի ձևաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի լուծարման՝ կողմերին վերադարձնելով ելման դրություն:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հասունացել է ղարաբաղյան կարգավորումն արագացնելու ժամանակը, և առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի հետ կքննարկվեն այդ խնդիրները: Գուցե այդ արագացման պատճառը բոլորովին էլ շփման գծի իրավիճակը կամ տարածաշրջանային զարգացումները չեն, այլ այն, որ ցեղասպանության տարելիցի միջոցառումներով Հայաստանը հայտնվեց եվրոպական ու արևմտյան քաղաքականության առանցքում և Մոսկվային պետք է արագ վերականգնել իր ներգործության դաշտը Հայաստանում, ուրեմն և շեշտադրել ԼՂՀ հարցը՝ այլ լծակների կամ բացակայությամբ, կամ թուլությամբ: Բայց ի՞նչ է ուզում Մոսկվան՝ սա է հարցերի հարցը: Ռուս-թուրքական հարաբերությունների արտաքին կողմին հիմա բնորոշ է դիվանագիտական կիսապատերազմը՝ երբ Թուրքիան հարձակվում է, Ռուսաստանը՝ խորհրդավոր լռություն պահպանում՝ միայն մեկ-երկու պատասխաններ ուղարկելով Անկարային, բայց այդ լեզվապատերազմի ընթացքում ՌԴ նախագահից հետո ՌԴ վարչապետն էլ արտաբերեց թուրքերի համար սարսափելի «ցեղասպանությունը», որից նրանք վերադառնում են անցյալ դարասկզբի թուրքերի իրենց կերպարին:
Ինչի հետ էլ ՌԴ-ն համաձայնի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, տարածաշրջանում Մոսկվան ներկայացած է ոչ միայն այդ կարգավիճակով, այլ նաև իբրև ԵԱՏՄ անդամ: Կառույց, որ ուկրաինական իրադարձություններից հետո իր լավագույն օրերը չի ապրում՝ ստեղծման օրից և սուր կարիք ունի ընդլայնման, հետևաբար ապրանքաշրջանառության ու ֆինանսաշրջանառության մեծացման: Այդ շրջագծում Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին կենսականորեն պետք են: Եթե նկատի ունենանք Բելառուսի ու Ղազախստանի վերջին մեկ տարվա ու հատկապես մեկ ամսվա քաղաքականությունը՝ Հայաստանի կենսական շահ նրանց համար գործնականում գոյություն չունի:
ԼՂ հարցի լուծման գործընթացին զուգահեռ կարող է ասպարեզ գալ հայ-թուրքական արձանագրությունների հարցը: Եվ Եվրախորհրդարանի բանաձևում, և ցեղասպանության ճանաչման ու դատապարտման այլ երկրների ընդունած որոշումներում ու հայտարարություններում հայ-թուրքական հաշտության հարցը կա, իսկ հաշտության հիմնական քաղաքական գործիք մնում են չվավերացված արձանագրությունները: Քաղաքական մեկուսացման մեջ հայտնվող Թուրքիան խորհրդարանական ընտրություններից հետո կարող է իրեն «մեծահոգություն» թույլ տալ՝ իրեն մեղադրող ու պահանջներ ներկայացնող երկրներին ապացուցելու, որ ինքը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է և դեմ չէ արձանագրությունները վավերացնելուն: Եթե այդ ընթացքում նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում փոխհամաձայնություն լինի, դա Անկարայի ոսկե շանսը կդառնա՝ դեմքը փրկած դուրս գալու ճգնաժամից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մենք իսկապես մի թեթև էյֆորիայի մեջ ենք՝ շոյված համաշխարհային ուշադրությունից, բայց կյանքը շարունակվում է և համաշխարհային ուշադրությունը նույնքան արագ ու նույնքան ծավալուն՝ այլ խնդիրների վրա է փոխադրվելու: Բնականորեն: Իսկ մենք մնալու ենք մեր չլուծված խնդիրների հետ, որոնց լուծումներում պարտադիր պիտի օգտագործվեն արդեն ստացած դիվիդենդները: Փարիզյան քննարկումներում, հետո նաև նախագահների հնարավոր հանդիպման առանցքում Մադրիդյան սկզբունքներն են: Պատրա՞ստ ենք տարածքներ տալու՝ սա է հարցերի հարցը: Եվ՝ ինչի՞ դիմաց: