Երկրում անխախտ կայունություն է, չուրախանաք, ամեն ինչ մնում է՝ ոնց կա, ու, ընդհանրապես, ի՞նչ փոփոխություն, հազիվ ենք հասել էս ճահճին, որտեղ և ջուր կա, և ձկներ չեն մնացել: Ամեն ինչ հրաշալի է՝ երկրներից լավագույնում լավից հասնում ենք ամենալավին, ու՝ ըտենց: Իհարկե, ՀՀԿ մամլո խոսնակը չասաց՝ ինչ գրել եմ: Չէր էլ կարող ասել, մտքով էլ չէր անցնում, որ այդպես է, որովհետև նա բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ պաշտոնյաներն ունեն իրականության պաշտոնական ընկալում: Լա՞վ է, թե՞ վատ, ժամանակի հետ անցնում է, իրականության զգացումը շրխկալով վերադառնում է, երբ չկա արդեն պաշտոնը: Շատ հեռու չգնալու համար՝ ապացույց Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը: Բայց քանի որ նրանք այլևս պաշտոնյա չեն, նրանք ազատ են փաստերի մեկնաբանության մեջ, նրանք իրավունք ունեն ներկայացնել սեփական տեսությունը մեր իրականության մասին: Սա, սակայն, լիրիկական անտրակտ էր, մի քիչ խորհրդարանում, մի քիչ այստեղ՝ կայքում: Հիմա բուն նյութը:
Երեկ վերջապես կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Վերջապես, որովհետև հայտնի իրադարձությունները աշխատանքային «հունից հանել էին» նաև ՀՀԿ-ին, կամ՝ քաղաքում չէին, կամ՝ օրակարգը ներքաղաքական հարցերին չէր հասնում, կամ իսկապես պետք էր այլ գործերով զբաղվել: Երեկ ՀՀԿ-ն հավաքվեց հաղթական ապրիլից հետո և պետք է, որ տրամադրությունը բարձր լիներ: Տրամադրությունը բարձր կլիներ, բայց այս մեկամսյա քաղաքական «արձակուրդի» ժամանակ որևէ խնդիր չի պակասել ՀՀ քաղաքական, տնտեսական ու ՀՀԿ կուսակցական օրակարգից, ինչը տխուր է ու, եթե կուզեք, անսպասելի: Արդար էլ չէ: Փաստորեն՝ ոչինչ չի փոխվել: Կամ փոխվել է, բայց մենք չենք զգում:
Գործադիրի նիստում քննարկվել են ապրիլ24յան արդյունքները, ամփոփել են ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները, վերահաստատվել է, որ պայքարը ցեղասպանության միջազգային դատապարտման համար չի ավարտվել, ամրագրվել է, որ Հայաստանը պետք է դառնա հարթակ ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, այլև ցեղասպանության հանցագործության միջազգային դատապարտման համար: Երևանում հրավիրված ֆորումները կդառնան պարբերական՝ 2 տարին մեկ պատմաբանները, իրավաբանները, քաղաքական ու պետական գործիչները աշխարհից ու սփյուռքից կգան Երևան՝ քննարկելու ցեղասպանության դեմ միջազգային պայքարի հարցերը:
«Այս մեկ-երկու ամսվա միջոցառումներն աննախադեպ էին, հայոց պետականության քսանչորս տարիներին երբեք ոչ նման միասնականություն է արձանագրվել, ոչ էլ նման պոզիտիվ գնահատականներ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք տեսանք բազում պետություններ ու միջազգային կառույցներ, որ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Ամենալավատեսն էլ չէր պատկերացնում, որ Հռոմի սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապը նման պատարագ կմատուցի, որ Գերմանիայի նախագահը նման խիզախ դիրքորոշում կորդեգրի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի նախագահի ելույթը իրոք պատմական էր: Որ Ասիայի խորհրդարանն այդ մասին կխոսի: Հունաստանի, Կիպրոսի խորհրդարանները դատապարտեցին ժխտողականությունը, եվրոպական կառույցները 8 բանաձև ընդունեցին, Երևանում իրականացված միջոցառումներին մասնակցում էին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 2 նախագահներ՝ Օլանդը և Պուտինը: Թուրքական Գալիպոլին ձախողվեց, ձախողվեց այնպես, որ նրանք շփոթված՝ Գալիպոլիի փոխարեն եթերում Ծիծեռնակաբերդն էին ցուցադրում: Սա բոլորիս հաջողությունն է, ողջ հայության, ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր հայրենակիցներին, որ այդ օրերին տքնաջան աշխատել են: Մեր պայքարը մտնում է նոր, ավելի վճռական փուլ: Հայաստանի ԱԺ հայտարարությունն էլ կոչ էր անում բոլոր պառլամենտներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ճանաչածներին՝ դատապարտել ժխտողականությունը»՝ ասաց ՀՀԿ մամլո խոսնակը: Այսքանն ապրիլի մասին: Հայ-թուրքական հարաբերությունները մնացին փակագծում: Հարցեր չեղան:
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ ասաց, որ մայիս-հունիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, ՀՀԿ կենտրոնական գրասենյակը այս ընտրությունների վերաբերյալ որոշումներ չի կայացնի՝ շրջանային գրասենյակներին թողնելով ընտրությունը, համայնքային ընտրություններում որոշումներ կայացնում են մարզային ու համայնքային կառույցները: Հարցեր եղան, պատասխանը նույնն էր:
Հաջորդ նորությունը, որ նորություն չէր՝ ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ՝ մայիսի 7-ին մասնակցելու ԱՄՆ-ում կազմակերպվող ապրիլ24յան միջոցառումներին, որոնց մասին տեղեկատվության իրավունքը պատկանում է նախագահի մամլո ծառայությանը:
Հաջորդ նորությունը իսկապես նորություն էր՝ ՀՀ նախագահը մայիսի 8-ին կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին, նորություն չէր, որ մայիսի 9-ին կմասնակցի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի միջոցառումներին:
Մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ բոլոր խմբակցությունների անդամների ներառումով և իր՝ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ներկա կլինի: Մայիսի 2-ին կհանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, 3-ից կբաժանվի դիտորդական խմբերի ու կդիտարկի ընտրությունները տարբեր ընտրատեղամասերում, երեկոյան կներկայացնի դիտարկման արդյունքները, 4-ին՝ մամլո ասուլիս կտա:
Գործադիրի նիստի օրակարգում վարչապետի ու կառավարության փոփոխության հարց չի եղել, օրակարգում բարեփոխումների իրականացման հարցեր են: Կոռեկտ չէ, որ ՀՀԿ մամլո խոսնակը կառավարության աշխատանքները գնահատի, բայց գնահատեց՝ «Ես կարծում եմ՝ կառավարությունն ունի մեծ պոտենցիալ` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք ստանձնել է մեկ տարի առաջ: Մեկ տարին ցույց տվեց, որ կառավարությունը ցանկանում է անել հնարավորը, որ իր ծրագրում նախանշված խնդիրները լուծվի: Կառավարության քաղաքական պատասխանատուն ոչ միայն Հովիկ Աբրահամյանն է, այլև՝ ՀՀԿ-ն, ինչպես նախորդ բոլոր կառավարությունների՝ Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած: Եթե մենք հաջողենք, կհաջողենք բոլորս, եթե ձախողենք, կձախողվենք բոլորս: Ես օպտիմիստ եմ և կարծում եմ, որ մենք բոլորս միասնական կարող ենք լուծել այդ խնդիրները: Հիմա մենք բոլորս պիտի ավելի շատ խոսենք պոզիտիվ ֆոնի մասին»: Անկե՞ղծ էր Էդուարդ Շարմազանովը: Հարկավ: Նույնքան անկեղծ, որքան անցյալ տարի, որքան ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ու մյուս ՀՀԿ-ականները, երբ հինգշաբթի առավոտյան կառավարության նիստից էին խոսում, իսկ նախօրեին ժխտում էին որևէ փոփոխություն կառավարության կազմում, իսկ երեկոյան քննարկման թեման վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր, թեպետ նա էլ նույն օրը կառավարության նիստում մի քանի տարվա աշխատանքային ծրագրերից էր խոսում: ՀՀ-ում քաղաքականությունն ընդհանրապես անկեղծության հոմանիշ է՝ թե ներքին, թե արտաքին:
Պոզիտիվ ֆոնին ասվեց, որ քննարկվել են սահմանադրական փոփոխությունները՝ գործընթացը բնականոն հունի մեջ է՝ «Մենք չենք ասել, որ հանրաքեն կլինի աշնանը, երբ կլինի՝ կհայտարարենք: Ամեն ինչ գրաֆիկով է: ՀՀ նախագահի հանդիպումները տարբեր կուսակացությունների ներկայացուցիչների հետ ցույց տվեցին, որ, այո, այս հարցում կա կոնսոլիդացիա, կա դիալոգ: Կոնսոլիդացիան չի նշանակում, որ բոլորը պիտի նույն փաստաթղթին ասեն՝ այո, կոնսոլիդացիա նշանակում է, որ բոլորը պատրաստ են՝ փաստաթղթի բովանդակությունը քննարկել: ՀՀԿ առաջնորդը հանդիպել է քաղաքական հիմնական դերակատարների հետ, նրանք հանդիպեցին ու կառուցողական գնահատեցին»: Սահմանադրության, թեման, սակայն լրագրողներին առանձնապես չհետաքրքրեց:
Համաներման հարց ևս չի եղել: «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամների հարցը բացառապես իրավական է, իսկ իրավական խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տրվում: Human righs wotch-ը իր կարծիքն ունի, ՀՀԿ-ն՝ իր: Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: Չեն էլ լինելու: Իրենց կամքով բանտում նստած են՝ պարապ են մնացել, մի գործ պիտի՞ անեն՝ նստել են:
Այսքանն ու այսպես՝ կայունություն ու բարեփոխումներ են: Մինչև աշխարհի վերջը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ գործադիր մարմնի նիստն ընդամենը կուսակցական ժողով չէ: Իշխող կուսակցության պարագայում այդ նիստը դառնում է հետագա քայլերը որոշող: ՀՀԿ-ի պարագայում՝ տեղեկացող: Երբեմն՝ տեղեկացնող: Ոչ հարցեր կան, ոչ պատասխաններ: