Մյունխենի «Բավարիայից» ու Թուրինի «Յուվենտուսից» հետո Լոնդոնի «Չելսին» դարձավ ներքին առաջնությունում վաղաժամկետ չեմպիոնության հասած երրորդ թիմը: Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից միայն երկուսում է, որ չեմպիոնական մրցավազքը շարունակվում է` խոստանալով մինչև վերջին տուրը պահպանել ինտրիգը: Համենայն դեպս, զարգացումները տանում են դրան:
ԱՆԳԼԻԱ
35-րդ տուրում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակը «Կրիստալ Պալասի» նկատմամբ «Չելսիին» հասցրեց չեմպիոնական բարձունքի: Սա սպասված իրողություն էր, պարզապես սպասում էր իր փաստացի ձևակերպմանը, քանզի մերձավոր հետապնդողից 13 միավորով պոկվածությունը վաղուց էր դարձել անհաղթահարելի արգելք: Պրեմիեր լիգայում փաստացի մրցակցությունը երկրորդ-երրորդ տեղերի համար է` երկու-երեք թիմերի մասնակցությամբ, որոնցից առավելագույն շանսերը թերևս «Արսենալինն» ու «Մանչեստր Սիթիինն» են: «Հալ Սիթիին» հաղթելու դեպքում լոնդոնցիները միավորներով կարող էին հավասարվել 70 միավոր ունեցող «Մանչեստր Սիթիին» (արտագնայում 1:0 հաշվով պարտության է մատնել «Տոտենհեմին), սակայն չմոռանանք, որ Վենգերի սաներն ակտիվում պակաս անցկացրած մի խաղ էլ ունեն: Ինչ վերաբերում է մանչեստրյան մյուս ակումբին` «Յունայթեդին» (65 միավոր), վերջին երեք անընդմեջ պարտությունները նրա հնարավորություններին տեսական բնույթ են հաղորդել:
ԳԵՐՄԱՆԻԱ
Առաջնության ոսկուն տիրանալուց հետո «Բայերի» հետ հանդիպումը «Բավարիայի» համար առաջին հետչեմպիոնականն էր: Տանտերերը` լևերկուզենցիները, վստահ հաղթանակ տարան` իրենց առավելությունը հաստատելով նորընծայի դարպասի երկու գրավումով: Ի դեպ, «Բայերը» ունի 58 միավոր ու լրջորեն կարող է խառնվել մեդալների համար պայքարին:
Վերջին խաղերում «Վոլֆսբուրգի» նյարդային ելույթները նկատելիորեն քչացրել են երկրորդ տեղի համար պայքարելու «գայլերի» շանսերը, թեպետ նրանք երկու միավորով դեռևս առաջ են Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», որի միավորներն արդեն 60 են այն բանից հետո, երբ հյուրընկալվելիս պարտության մատնեցին «Հերտային»` 2:1: Ասենք, որ տուրում «Վոլսֆբուրգը» բավարարվեց ոչ-ոքիով (2:2), ու նրան այդ տհաճ անակնկալը մատուցեց բունդեսլիգային հրաժեշտ տալու փաստի առաջ կանգնած «Հանովերը», որը, ի դեպ, գերմանական ֆուտբոլի պատմության մեջ միակ թիմն է, որ երբեք չի լքել ուժեղագույնների լիգան:
Ավանդույթի համաձայն հիշատակենք նաև Դորտմունդի «Բորուսիային»: «Հոֆենհայմի» հետ արտագնա խաղում այն մեկ միավոր է վաստակել (1:1) և դեռևս պահպանում է Եվրալիգա ընկնելու շանսերը:
ԻՏԱԼԻԱ
Շաբաթ օրը պաշտոնապես իր չեմպիոնությունը ձևակերպեց նաև «Յուվենտուսը»` չորրորդ անգամ անընդմեջ դառնալով երկրի թիվ մեկ թիմը, իսկ ընդհանրապես բարձրագույն տիտղոսը «ծեր սինյորան» նվաճել է երեսուներկու անգամ: Չեմպիոնական հանդիպման երեք միավորը «Յուվենտուսը» վաստակել է «Սամպդորիայի» հետ արտագնա խաղում (1:0):
Տուրում միավորի կորուստ ունեցավ «Լացիոն»` հյուրընկալվելիս 1:1 ավարտելով հանդիպումն «Ատալանտայի» հետ: Փոխարենն ավելի վստահ մրցելույթ ունեցավ «Ռոման»` երեք միավոր կորզելով «Ջենովայից» (2:0), ինչն էլ հնարավորություն տվեց բարձրանալու թվում է թե ընդմիշտ մոռացված երկրորդ հորիզոնական: Իտալական «գայլերին» ընդամենը մեկ միավոր է զիջում «Լացիոն»: Նրա անվան դիմաց 63 միավոր է ֆիքսված:
ԻՍՊԱՆԻԱ
Աղյուսակը եզրափակող «Կորդոբայի» նկատմամբ «Բարսելոնի» հաղթանակը միանգամայն սպասված էր, պարզապես հանդիպման հաշիվն էր սարսափելի մեծ: Կատալոնցիները ութ անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը: Նշենք, որ «Բարսելոնի» կազմում իր առաջին հեթ տրիկը գրանցեց Լուիս Սուարեսը, իսկ Մեսին բավարարվեց դուբլով:
Անչափ հետաքրքիր ստացվեց «Սևիլիա»-«Ռեալ» դիմակայությունը: Հանդիպումը պարզապես փայլուն անցկացրեց Քրիշտիանու Ռոնալդուն` դառնալով արքայականի խփած երեք գոլերի հեղինակը: «Սևիլիան» կարողացավ պատասխանել երկուսով ու վերջնականապես կորցրեց մեդալների խաղարկությանը մասնակցելու հնարավորությունը: Իսպանական ու համաշխարհային պրիմա ակումբների հաղթանակները պահպանեցին իրարից ունեցած երկու միավորի տարբերությունը, որտեղ, ինչպես գիտեք, առավելությունը «Բարսելոնի» կողմն է:
Տուրում ընթացքը փոքր-ինչ դանդաղեցրեց «Աթլետիկոն»` սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղալով Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Սա որոշակիորեն ձեռնտու էր չորրորդ հորիզոնականում գտնվող «Վալենսիայի» համար, որը մադրիդցիներից պակաս ունի չորս միավոր և դեռևս կարող է խառնվել բրոնզե մեդալների համար պայքարին:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հերթական տուրում հաղթական են եղել առաջատար եռյակը կազմած թիմերի հանդիպումները: Արտագնայում «Պարի Սեն Ժերմենը» 2:0 հաշվով առավելության է հասել «Նանտի» նկատմամբ, նույնպիսի հաշվով «Լիոնը» պարտության է մատնել «Էվիանին», իսկ «Մոնակոն» գերազանցել է «Թուլուզին»` 4:1: Երկրի գործող չեմպիոնն ունի 74, «Լիոնը»` 71, «Մոնակոն»` 65 միավոր: Ակնհայտ է, որ ամենավատ դասավորության դեպքում անգամ «Պարի Սեն Ժերմենը» չի կարող երկրորդ հորիզոնականից ցածր հայտնվել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ