ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Անկախ պետություն ենք, բայց և այնպես, անկարող ենք մեր դասական լավագույն վարպետներին ճանաչելի դարձնել աշխարհում»

«Անկախ պետություն ենք, բայց և այնպես, անկարող ենք մեր դասական լավագույն վարպետներին ճանաչելի դարձնել աշխարհում»
22.05.2015 | 05:13

Իմ զրուցակիցն է Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին երկարամյա տնօրեն, Հայաստանի ժողովրդական նկարիչ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ։


-Վերջերս Մոսկվայում բացվեց Գեորգի Յակուլովի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը գրեթե անհայտ մնաց Հայաստանում։ Պատմեք ցուցահանդեսի և Ձեր մասնակցության մասին։
-Երկու տարի շարունակ աշխատում էինք Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը պատշաճ մակարդակով Մոսկվայում կազմակերպելու վրա։ Սա համատեղ աշխատանք էր։ Երեք տարի առաջ ՀԱՊ-ում բացվել էր Յակուլովի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որն անցավ մեծ հաջողությամբ, ինչը մեզ կարծես թե թելադրեց ցուցահանդես բացել Մոսկվայում, որտեղ նա ապրել և ստեղծագործել է, հասել է լուրջ հաջողությունների, մասնավորապես հանդիսանալով ավանգարդ արվեստի հիմնադիրներից մեկը։ Սակայն այսօր Յակուլովը Մոսկվայում և, առհասարակ, ռուսական մշակութային համընդգրկուն միջավայրում այն ճանաչումը չունի, ինչին իսկապես արժանի էր։ Մեր պատկերասրահը համագործակցեց հանրահայտ Տրետյակովյան պատկերասրահի հետ, հնարավորինս մեզ աջակցեց ՀՀ մշակույթի նախարարությունը, և գործը գլուխ եկավ։
-Յակուլովին Մոսկվայում հաճախ անվանում էին «ավանգարանտ», նկատի ունենալով նրան, որպես արվեստում հեղափոխության երաշխավորի, «գարանտի»։ Ի դեպ, այս ուշագրավ մականվանը մեր անզուգական հայրենակիցն արժանացավ 1916-ին, երբ Մեյերհոլդի հետ «Կուզնեցկի մոստ»-ում հիմնեց «Արվեստների համաշխարհային կայարանը», «Պիտորեսկ» սրճարանը։ Իսկ մինչ այդ, 1913-ին Փարիզում ֆրանսիական մոդեռնի դեմքերից մեկը` Ս. Դելոնեն, բացականչում է. «Մոնմարտրը քոնն է, Ժորժ»։
-Այո, Գեորգի Յակուլովը 20-րդ դարի առաջին քառորդի փայլուն դեմքերից է, այսօր, ցավոք, նրա անունը չի հնչում Կանդինսկու, Շագալի, Մալևիչի անուններին համարժեք, նա ինչ-որ առումով ստվերում է։ Այս ամենը հաշվի առնելով էլ նախաձեռնեցինք այս ցուցահանդեսը։
-Մոսկվայում, այն էլ Տրետյակովյան պատկերասրահում, ցուցահանդես կազմակերպելը, հավանաբար, մի կում ջուր խմել չէ։
-2014-ին երկու անգամ այցելեցի Մոսկվա, հանդիպեցի Տրետյակովյան և Բախրուշինսկու թանգարանների տնօրենների հետ և հաստատվեց մտահղացումս. Մոսկվայում կազմակերպել համատեղ ցուցահանդես։ Բացման խոսքիս մեջ հստակ նշեցի, որ նման վարպետի ցուցահանդեսը պիտի կազմակերպվեր կառավարական մակարդակով, քանի որ Յակուլովի ներդրումը համաշխարհային կերպարվեստում բավականին նշանակալից էր։ Բացման ժամանակ զարմանալիորեն չկար և ոչ մի հայկական հեռուստաընկերություն։ Տեղական լրատվամիջոցները այս կամ այն չափով լուսաբանեցին ցուցահանդեսը։ Այնուամենայնիվ, ցուցահանդեսը հաջողված էր, այն ներկայացնում էր Գեորգի Յակուլովի ստեղծագործական կյանքի գրեթե բոլոր շրջանները։ Մեր պատկերասրահի կողմից ցուցահանդես էր տարվել մոսկովյան արվեստասերներին ոչ այնքան հայտնի մի քանի գործ, կատարված 1927-28-ին` Դիլիջանում։
-Առհասարակ, մեր արժեքները օտարին ներկայացնելիս զարմանալիորեն ծույլ ենք և անհաշվենկատ։ Այսպես է եղել միշտ։
-Մեր անկախ պետությունը պիտի ջանք ու եռանդ չխնայի հայ ազգային մշակույթը օտարներին ներկայացնելիս։ Ի դեպ, մի քանի տարի առաջ Իտալիայում ֆուտուրիստներին նվիրված ցուցահանդես էր բացվել, որտեղ Յակուլովին որպես վրացի նկարիչ էին ներկայացրել, հաշվի առնելով, հավանաբար, Վրաստանում նրա ծնված լինելու հանգամանքը։
-Քիչ թե շատ աշխարհում հայտնի են Սարյանը, Քոչարը, Գորկին և Այվազովսկին։ Ընդ որում, վերջին երկուսը որպես ամերիկյան և ռուսական կերպարվեստի ներկայացուցիչներ։ Ամոթ է խոստովանելը, որ մինչ օրս անհայտ են աշխարհի համար թեկուզ Վարդգես Սուրենյանցի և Հարություն Կալենցի մակարդակի վարպետները։
-Եթե հիշում եք, տարիներ առաջ ՀԱՊ-ում ներկայացրինք Վարդգես Սուրենյանցին։ Եվ շատ տեղին կլիներ ցուցահանդեսը կազմակերպել նաև Մյունխենում, Չէ՞ որ Սուրենյանցն ուսանել է Գերմանիայում։ Առհասարակ մենք պետք է կարողանանք մեզ ներկայացնել աշխարհին։ Զարմանալի է, ԽՍՀՄ ժամանակներում հայ նշանավոր վարպետները, ասենք, Այվազովսկին, Սարյանը և այլք ներկայացվում էին աշխարհում, բայց խորհրդային պետության ջանքերով։ Այսօր անկախ պետություն ենք, բայց և այնպես, անկարող ենք մեր դասական լավագույն վարպետներին, ինչու չէ, նաև ժամանակակից նկարիչներին հավուր պատշաճի ճանաչելի դարձնել աշխարհում։ Այս տեսանկյունից եմ կարևորում Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը Մոսկվայում։ Եվ պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք, որ նա Փարիզում էլ ճանաչելի և հասանելի դառնա։ Չմոռանանք, որ Յակուլովը 1927-ին Փարիզում բեմադրում է Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե վազք» բալետը, նա իսկապես նվաճեց և՛ Փարիզը, և՛ Մոսկվան, որոնք համաշխարհային կերպարվեստի առաջատար կենտրոններն էին։ Բացման իմ խոսքում ուղղակի մեղադրեցի Տրետյակովյան պատկերասրահի ղեկավարությանը, որ նրանք իրենց մշտական ցուցադրություններում շրջանցում են Յակուլովին։ Առհասարակ, ինչ-որ քաղաքական գիծ է փոխվել. Այվազովսկու կտավները ցուցադրվում էին պատկերասրահի միջանցքում։ Այնինչ Հովհաննես Այվազովսկին ոչ հայ, ոչ էլ ռուս նկարիչ է, նա համաշխարհային նկարիչ է, արժանի միանգամայն այլ վերաբերմունքի։ Այսօր Տրետյակովյան պատկերասրահում հայ նկարիչներից միայն Սարյանն է ցուցադրվում։ Խորհրդային տարիներին Զարդարյանի «Գարունն» էր մշտական ցուցադրության մեջ և այլ գործեր։ Մի խոսքով, մենք մեծ անելիքներ ունենք հայ դասական և արդի կերպարվեստը աշխարհին ներկայացնելու առումով։
-Ձեր այցը Մոսկվա նշանավորվեց բավականին հաճելի անակնկալով։
-Ցուցահանդեսում մի անծանոթ աղջիկ ինձ մոտեցավ և տեղեկացրեց, որ երեկոյան ժամը 19.00-ին հրավիրված եմ ՌԴ գեղարվեստի ակադեմիա, հանդիպելու ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելու հետ։ Իհարկե, հաճելի էր, որ պարոն Ծերեթելին ինձ որպես նկարիչ է ճանաչում և գնահատում։ Եվ ակադեմիայի նախագահության նիստում ինձ շնորհվեց ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։


Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ