ԱԺ-ում ավարտվեցին 2014-ի պետբյուջեի կատարողականի լսումները։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ պետական պարտքը ռիսկայնության շեմին չէ, քանի որ չի հասել 60 %-ի։ Այս հայտարարությունը մեզ, մեղմ ասած, զարմացրեց, քանի որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը «նստեց» պարտքի վրա, նույն գլխավոր գանձապետը զրույցի ժամանակ մեզ վստահեցրեց, թե ռիսկայնության շեմը 50 % է։ Ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում, ինչո՞վ է պայմանավորված ռիսկայնության շեմերի այս փոփոխությունը՝ հարցրինք ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ։
-Իմ բոլոր հայտարարությունները հիմնված են միայն օրենքի վրա,- ասաց գլխավոր գանձապետը։- «Պետական պարտքի մասին» օրենքով սահմանված է պետպարտքի առավելագույն շեմը, ինչն այս պահին 60 % է։ Ինչ վերաբերում է 50 % շեմին, ապա, այո՛, այն ևս ամրագրված է օրենքում, սակայն դա ազդանշան է, որ դրանից անց պարտք ներգրավելու քաղաքականությունը պետք է դառնա ավելի զգուշավոր։ Այսինքն, ՀՆԱ-ԱՆ պակասուրդը պետք է ունենա 3 %-ը չգերազանցող մակարդակ։
-Եթե մի պահ պատկերացնենք, որ մեր արտաքին պարտքը մոտեցել է 60 %-ին, այդ դեպքում «Պետական պարտքի մասին» օրենքում ֆիքսված 60 % շեմը բարձրացվելո՞ւ է։
-Ամեն բան հնարավոր է, պարտքի գնահատման պայմանական բաղադրիչները կիրառվում են Եվրամիության անդամ երկրներում։ ՈՒ թեև այդ երկրներն են սահմանել չափորոշիչները, այնուհանդերձ, շատ դեպքերում այլ երկրներ չեն պահպանում դրանք։ Անգամ կան երկրներ, որոնք այդ չափորոշիչները օրենքով չեն ամրագրել։ Հայաստանն ամրագրել է դրանք օրենքով, որպես զսպողական մեխանիզմ արտաքին պարտքի ներգրավման հարցում։ Այլ կերպ ասած` պարտք ներգրավելու գայթակղությունից զերծ մնալու համար «զսպաշապիկ» ունենք։
-«Զսպաշապիկ», որը կարող է և հանվել անհրաժեշտության դեպքում։
-Հանգիստ եղեք, քանի որ, արդեն նշեցի, դա պարտքի բեռի միակ ցուցանիշը չէ։ Օրինակ, ԱՄՆ-ում այն 100 % է։
-Հայաստանը ԱՄՆ-ի հետ չհամեմատենք։
-Թույլ չեք տալիս, որ միտքս ավարտեմ։ Ասածս հետևյալն է. եթե ԱՄՆ-ում պետպարտքի բեռը 100 % է, դա չի նշանակում, թե այդ երկրի ֆինանսական կայունությունը խարխուլ հիմքերի վրա է։ Այսինքն, միայն այդ ցուցանիշով չպետք է դատողություններ անել և գնահատել պարտքի բեռը։
-Եկեք հզոր երկրները թողնենք մի կողմ։
-Այստեղ էլ ես Ձեզ պետք է ընդհատեմ և ասեմ՝ եթե մյուս երկրների հետ եք ուզում համեմատել Հայաստանը, ապա, արդեն ասացի, շատ երկրներ նման չափորոշիչ ընդհանրապես չունեն։ Եվ չէի ցանկանա մեր զրույցը տանել Հայաստանը հետամնաց երկրների հետ համեմատելու ճանապարհով։
-Ոչ հզոր, ոչ էլ հետամնաց երկրների հետ Հայաստանը համեմատել չեմ ուզում։ ՈՒզում եմ ավելի իրատեսորեն մոտենանք հարցին։ «Պետական պարտքի մասին» օրենքում ո՞ր ցուցանիշն է, որ կփաստի ռիսկայնության գոտում հայտնվելու մասին։
-Նման բան ինձնից չեք լսի, քանի որ ես նման ցուցանիշ չգիտեմ։ Գնահատման բաղադրիչները հինգն են, որոնք ընդունված են աշխարհում, և, ուզենք թե չուզենք, ամեն բան գնահատվում է համեմատության մեջ, աշխարհը պետական պարտքի հարցում ևս հաշվի է առնում այդ հինգ բաղադրիչները։ Այս պահին Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։
-Ձեր ասածն ամբողջությամբ պատկերացնելով և ընդունելով, որ 60 %-անոց «զսպաշապիկը» կարող է մեծանալ, այնուհանդերձ, հետաքրքիր է՝ առկա պետական պարտքի բեռը և տնտեսության զարգացման առկա մակարդակը խնդիրներ չե՞ն առաջացնելու Հայաստանում։
-Հենց դրա համար են սահմանված մյուս ցուցանիշները, որոնցով հնարավոր է գնահատել բեռը և հասկանալ` արդյոք այն հաղթահարելի՞ է։ Այդ ցուցանիշներն են այս պահին հավաստում, որ մեր տնտեսության մեջ նման ռիսկեր չունենք։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ կան ցուցանիշներ, որոնք հարաբերական են։ Երբ մարդիկ, այդ ցուցանիշներից անտեղյակ, իրավիճակը գնահատում են բացարձակ թվերով՝ ասենք, 2 մլրդ պարտքը մեկ տարում դարձել է 4 մլրդ, բնականաբար, դա սարսափելի է թվում, իհարկե, ասածս զուտ օրինակ էր, և այս մեկ տարում նման աճ չունենք։ ՈՒղղակի բացարձակ թիվը տեսանելի է, սակայն դրանից ելնելով իրավիճակին գնահատական տալը ճիշտ չէ։
-Գուցե այս մեկ տարում նման կտրուկ աճ չի եղել, սակայն նման բան ունեցանք, եթե չեմ սխալվում, 2009-ին, այդպես չէ՞։
-Այո, ճիշտ եք, 1,5 մլրդ դոլարի պետպարտքը դարձավ 3 մլրդ՝ գլոբալ ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով մեծ պարտք ներգրավեցինք։ Միևնույն ժամանակ նշեմ, որ ադ պարտքը կարողացանք ներգրավել, քանի որ Հայաստանը գնահատվում էր նվազ պարտք ունեցող և զարգացող, հեռանկարային երկիր։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ