BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մինչև հանդիպում, Մոսկվա

Մինչև հանդիպում, Մոսկվա
09.06.2015 | 12:26

Ոչ, ես հպարտություն չեմ զգում, որ արգելել են իմ մուտքը Ռուսաստան:
Միայն տխրություն:
Մեծ ու անկեղծ տխրություն:
Տխուր եմ ոչ ինձ համար:
Ոչ էլ 88 նախկին ու ներկա քաղաքական գործիչների՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և մյուս երկրներից, որ նույնպես հայտնվել են սև ցուցակում:
Տխուր եմ ռուսաստանցիների համար, համենայն դեպս, ռուս դեմոկրատների, ՈՒկրաինայում պատերազմին դեմ եղողների, Զինվորի մայրերի կոմիտեի, իրավապաշտպանների ու ազատության մարտիկների, լրագրողների, որ հերթական անգամ հայտնվում են փակ տարածքում ու մեկուսացման մեջ, զրկվում են կենսականորեն կարևոր շփումներից արտասահմանցի ընկերների հետ, հայտնվում են կարանտինի մեջ:
Հակառակ նրան, ինչ հիմա ամեն տեղ գրում են, այդ ցանկը Արևմուտքի մարդկանց դեմ չէ, այլ՝ ռուսների:
Ցուցակը խնդիրներ չի հարուցում Դանիել Կոն-Բենդիտի, Կառլ-Գեորգ Վելմանի կամ ինձ համար՝ մենք երբեք չենք հանգստացել Մոսկվայում կամ Սոչիում: Բայց դա խնդիր է երկրում մեր բարեկամների համար, այն մարդկանց, ում ձգտումներին ու արդար պայքարին մենք աջակցել ենք՝ որքան կարողացել ենք:
Դա խնդիր է հանգուցյալ ընդդիմադիր Բորիս Նեմցովի մարտական ընկերների համար, ում սպանեցին փետրվարի 27-ին Մոկվորեցկի մեծ կամրջին, Կրեմլից մի քանի տասնյակ մետրի վրա: Մեզ խոստացան հետաքննություն, որը լույս կսփռեր կատարվածի վրա, ի հայտ կբերեր հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին, սակայն երեք ամիս է անցել, իսկ մենք դեռ սպասում ենք: Երեքն անցել է, մյուսներն էլ կանցնեն, իսկ քննիչները կշարունակեն ամեն ինչ մշուշել:
Դա ոչ միայն խնդիր է, այլև՝ ինքնատիպ խմբային պատիժ ռուսական քաղաքացիական հասարակության այն մասին, որն ամաչում է Պուտինից ու եվրոպական քաղաքացիական հասարակության կարիքն է զգում, որպեսզի պահպանի հույսը, որ երկիրն արժանի է լավ առաջնորդի և դատապարտված չէ ասիական դեսպոտիզմի՝ եվրասիական մեկնաբանությամբ:
Այդպիսին է դիկտատորների հին ռազմավարությունը՝ մեկուսացնել քաղաքացիներին, կտրել արտաքին աշխարհի հետ կապերը, խեղդել նրանց, զրկել հույսից:
Այդպիսին է ռուսական ավտոկրատիայի հավիտենական գայթակղությունը, որը Բրեժնևից Պուտին՝ ոչինչ չի սովորել ու ոչինչ չի մոռացել: Նախ պետք է այլախոհների հարցերը լուծել, ճաղերից այն կողմ ուղարկել (Pussy Riot, Ալեքսեյ Նավալնի), վերացնել (Աննա Պոլիտկովկսկայա, Սերգեյ Մագնիցկի), արտաքսել (Միխայիլ Խոդորկովսկի): Պետք է ստիպել լռել բոլոր անհարմար մարդկանց, որոնք այն չեն մտածում, ինչ իշխանությունն է ուզում, չափազանց շատ գիտեն պետական մեքենայի աշխատանքի մասին, արագ նկատում են ցանկացած նոր սուտ: Վերջապես՝ պետք է դուրս մղել արտասահմանցի դիտորդներին, վախեցնել, իսկ եթե սպառնալիքը չաշխատի, դուռը փակել նրանց քթի առաջ:
Երկրում փակում են մամուլի և նրանց բերանը, ովքեր համաձայն չեն: Հալածում են «հոմոսեքսերին», «սևերին», թաթարներին ու ազատ չեչեններին: Արգելում են ՀԿ-ները: Թաքցնում են ՈՒկրաինայում զոհված զինվորների անունները, եթե հավատանք աղբյուրներին, նույնիսկ փորձում են նրանց դիակները թաքցնել: Այս պայմաններում, պարզ է, որ հնարավորինս քիչ պետք է լինեն վկաները:
Անձամբ ինձ համար ոչինչ չի փոխվել:
Ես շարունակում եմ Պուտինին համարել թշնամի ոչ միայն երկրում ժողովրդավարության համար, այլև ժողովրդավարական երկրների համար ընդհանրապես:
Ինչ պատրանքներ էլ իրենց համար կառուցեն Մոսկվայում արմատներ ձգող նոր տոտալիտարիզմի օգտակար հիմարները, ես կարծում եմ, որ նրանք թուլացման, ապակայունացման ու, հավարտ, Եվրամիության փլուզման ռազմավարություն են վարում, որ համարվում է ԽՍՀՄ-ի փլուզման մեղավոր՝ «ХХ դարի գլխավոր աշխարհաքաղաքական աղետի»:
Բայց ես սիրում եմ Ռուսաստանը:
Ես դեռ նոր փիլիսոփայության ժամանակներից ռուս ժողովրդի բարեկամն եմ:
Ես հիանում եմ ռուսական մշակույթով, հպարտ եմ, որ կյանքիս ոչ քիչ մասը նվիրել եմ Արևմուտքում Սոլժենիցինի, Մանդելշտամի, Սախարովի և այլ Բուկովսկիների գրքերի տարածմանը: Ես դեռ կարողանում եմ տարբերել վերջին կագեբեականին Տոլստոյի, Դոստոևսկու ու Տուրգենևի ժառանգներից:
Այդ պատճառով նման խղճուկ սադրանքը (որ, ի դեպ, հակասում է միջազգային իրավունքի բոլոր դրույթներին ու նորմերին)՝ սև ցուցակի տեսքով, ինձ չի ստիպի ճանապարհ փոխել:
Այդ լուրից մի քանի օր առաջ Ազգային հեռուստատեսության առաջին ալիքը ինձնից «երկար» ու «ծավալուն» հարցազրույց խնդրեց:
Ես համաձայնեցի:
Ես նույնիսկ համաձայնեցի զրուցել Մոսկվայում, ուղիղ եթերում:
Ես իմ խոսքից չեմ հրաժարվում:
Ես պատրաստ եմ ցանկացած, նույնիսկ կոպիտ ու անզիջում երկխոսության, տարակարծությունից չեմ վախենում:
Կրկնում եմ՝ ավելի վատ որոշում չկա, քան լքել մեծ ժողովրդին բռնապետության հետ դիմակայության մեջ:
Այնպես որ՝ մինչև հանդիպում, մոսկվացի ու ռուսաստանցի իմ բարեկամներ:
Բեռնար-Անրի Լևի
"La Regle du Jeu", Ֆրանսիա


Հ.Գ.
Գեղեցիկ խոսք է, չէ՞, զուտ ֆրանսիական նրբագեղությամբ ու դիպուկությամբ՝ հակառակ կացնային քարոզչության ավանդույթների: ՈՒ իսկապես՝ տխուր, կա չկեղծված, չքաղաքականացված տխրություն, գուցե նույնիսկ՝ ցավ, որ ամեն ինչ այսպես է ստացվել, իսկ փոփոխությունների այնքան հնարավորություններ կային: ՈՒ գուցե դեռ կան: Համենայն դեպս՝ Բեռնար Անրի-Լևիի խոսքը թարգմանաբար հրապարակել է Inosmi.ru-ն: Ռուսական, իսկ դա ինչ-որ հույսեր ներշնչում է, եթե լայք տվող այլախոհներին ի հայտ բերելու խնդիր չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ