«Անակնկալ, անակնկալ, անակնկալ»՝ այս բառերով է բնորոշում Դայանի անվան գիտական կենտրոնի փորձագետ Էյտան Կոհենը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նրա գնահատականով՝ ընտրությունների գլխավոր թեման մեկ հարց էր՝ կառավարման ո՞ր համակարգն է նախընտրելի՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական: Էրդողանի համար այս ընտրությունները բացարձակ խորհրդարանական մեծամասնության հասնելու հնարավորություն էին, որը նրա կուսակցությանը թույլ կտար կառավարման համակարգի անհրաժեշտ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Առաջին հայացքից ընտրությունների առավել վառ արտահայտված պահը քրդական NDP կուսակցության ընտրական շեմը հաղթահարելն էր՝ ստանալով ընտրողների 13 տոկոսի ձայները: Երեք տոկոսով ավելի պահանջվածից: Ստեղծված իրավիճակում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծամասնություն չունի և հարկադրված է կոալիցիոն գործընկերներ որոնել խորհրդարանում՝ կառավարություն ձևավորելու համար: Կդառնա՞ քրդերի կուսակցությունը նման գործընկեր: Մինչև վերջերս քրդական փոքրամասնության շատ ներկայացուցիչներ Թուրքիայում քվեարկում էին իշխանության կուսակցության օգտին: Սակայն քրդական կուսակցությունը, որին դեռ վերջերս շատ քչերն էին հաշվի առնում, նոր երևույթ է թուրքական քաղաքականության մեջ: Ոչ ոք չգիտի՝ իրեն ինդպես կդրսևորի NDP-ին:
Ընտրությունների արդյունքները վկայում են, որ թուրք շատ ընտրողներ (կանայք, երիտասարդներ) գործել են պրագմատիկ և իենց ձայները տվել են քրդական կուսակցությանը՝ տակտիկական նկատառումներով: Նպատակն էր՝ թույլ չտալ Էրդողանին խորհրդարանական մեծամասնություն ստանալ, որպեսզի չկարողանա իր ցանկացածով վերաձևել Սահմանադրությունը: Քրդական կուսակցության ղեկավար Սելահեդդին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ ընտրությունները «վերջ դրեցին Թուրքիայի կառավարման համակարգի փոփոխութան և դիկտատուրայի վերածելու փորձերին»: Դեմիրթաշն ընդգծել է (դա իսկապես կարևոր է), որ իր կուսակցությունը չի մոռանա այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայներ են տվել՝ քուրդ չլինելով: Փաստորեն ընտրությունների արդյունքները առաջին անակնկալն էին դեռ: Էյտան Կոհենի կարծիքով՝ առաջիկայում ոչ քիչ նման անակնկալներ կլինեն: Լուրեր են շրջանառվում, որ Էրդողանի կուսակցությունը մտադիր է քրդերին ինքնավարություն առաջարկել երկրի հարավ-արևելքում՝ NDP-ի կոալիցիոն կառավարության մասնակցության դիմաց:
Սակայն քրդական պատմությունը միայն մի մասն է թուրքական քաղաքական իրականության ընդհանուր փոփոխությունների պատկերի: Կոհենը կարծում է, որ Էրդողանի կուսակցությունը կորցրել է ձայները ոչ միայն NDP-ի օգտին, այլև Թուրքիայի ազգային MNP կուսակցության, որը 33 տոկոսով մեծացրել է իր ներկայությունը խորհրդարանում: Թուրքական հասարակության ազգայնական ուղղության կողմնակիցներին հոգնեցրել է Էրդողանի առաջարկած մոդելը: Ազգայնականները զգուշանում են չափազանց մեծ իշխանության կուտակումից մեկ մարդու ձեռքում և Էրդողանի՝ Պուտինի վերածվելուց: Ազգայնանական կուսակցությունը, որ միշտ համարվում էր «Առաջադիմություն և զարգացում» կուսակցության բնական գործընկեր, հրաժարվում է մաս կազմել Էրդողանի կառավարությանը:
Պազիտ ՌԱԲԻՆԱ
"NRG", Իսրայել
Հ.Գ. Հնարավո՞ր են փոփոխություններ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության մեջ: Մերձավոր Արևելքի խնդիրների ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ասում է՝ ոչ. «Անկախ ընտրությունների արդյունքից Հայաստանը շարունակելու է Թուրքիայի համար մնալ փուշ, քար կոշիկի մեջ: Թուրքիայի իշխանությունները շարունակելու են պնդել, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն չի եղել և ամեն անգամ շատ են նեղանալու, երբ համաշխարհային որևէ առաջնորդ ապրիլի 24-ին ժամանի Երևան»,-նշել է փորձագետը: Նրա կարծիքով, 2008-2009-ի մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Անկարան որոշակի պահի հույսեր ուներ, որ գուցե ինչ-որ լուծում ստացվի: «Էրդողանը անկանխատեսելի քաղաքական գործիչ է: Մեկ նա առանց վիզաների ռեժիմ ունի Կադաֆիի Լիբիայի և Ասադի Սիրիայի հետ, մեկ կոչ է անում նրանց տապալել: Մեկ նա ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, մեկ Ազատության նավատորմիղ է ուղարկում Գազայի հատված: Ինչ ենք մենք ուզում այս կամ այն կողմ նետվող Էրդողանից, որ նման է պոչը այրած վագրի», - կարծում է Եվգենի Սատանովսկին:
Թուրք մեկնաբանները նշում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի երկու ելք՝ կամ ձևավորել փոքրամասնության կառավարություն, քանի որ երկրում գործում է համամասնական ներկայացվածության համակարգ, կամ՝ կոալիցիոն կառավարություն: Թուրք քաղաքագետ Մուստաֆա Այդընը հնարավոր է համարում հայ-թուրքական հարաբերություններում որոշակի դրական փոփոխություններ կառավարության ձևավորումից հետո: «Մինչ այս պահը նախագահ Էրդողանը նոր ոչինչ չի ասել հայ-թուրքական գործընթացի մասին, նա կրկնում էր նախկին դիրքորոշումը՝ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Էրդողանը իր հայտարարություններում հաշվի է առնում հասարակական կարծիքը: Սակայն թուրքական հասարակությունում գործում են նաև խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի հետ հարարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է Այդընը: Երբ օգոստոսի վերջին կձևավորվի թուրքական կառավարությունը, աշնանը կարելի է փոփոխություններ սպասել բանակցային գործընթացում:
Սա, թերևս, այն դեպքն է, որ ռուսներն ավելի իրատես են, քան՝ թուրքերը թուրքական քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ: Եթե ռուսները պարզապես չեն ուզում հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային փոփոխություններ, որը կնվազեցնի Ռուսաստանի դերը և կմեծացնի Թուրքիայի դերը տարածաշրջանում, Թուրքիայի իշխանությունը պարզապես չի կարողանում հաղթահարել մտածողության կարծրատիպը՝ մեկ, և երկրորդ՝ հայոց ցեղասպանության ճանաչմանը հետևելու է փոխհատուցման հարցը, իսկ ի՞նչ ու ինչպե՞ս: Ոչ ոք այս հարցի պատասխանը չունի, իսկ Անկարան ունի՝ ոչ և ոչինչ: Բայց դա իշխանության պատասխանն է, իսկ ընտրողները արդեն սկսել են իշխանության հետ չհամաձայնել, և դա ոչ միայն անակնկալ է, այլև անկանխատեսելի անակնկալ: Համենայն դեպս՝ Թուրքիայի նախագահի համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ