BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Խնդիրը Բիբինը չէ, այլ՝ մենք

Խնդիրը Բիբինը չէ, այլ՝ մենք
12.06.2015 | 14:12

Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 12-ին, խորհրդարանում լսումներ են հրավիրված էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Ի՞նչ ենք մենք ակնկալում այդ լսումներից, որ էլեկտրաէներգիան ոչ թե 17 դրամո՞վ կթանկանա, այլ՝ 7: Անձամբ ես՝ ոչ: Թվերի մոգության մեջ մտնելու փոխարեն շատ ավելի կարևոր է, որ այդ լսումներում հիմնական շեշտը դրվի համակարգի նորմալ գործառնության պայմանների ապահովման վրա: Որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ թե բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների գործունեությունը ուսումնասիրի, երբ նրանք սակագինը բարձրացնելու հայտ են ներկայացնում, այլ՝ ընթացքում, որ պետությունը պարզի՝ ինչ հարաբերություններ ունի իրականում իր տարածքում գործող արտասահմանյան ընկերությունների հետ ու տեր լինի իր ունեցվածքին: Միշտ էլ իրավական հարաբերությունները տարբեր են եղել իրական հարաբերություններից՝ ինչո՞ւ և մինչև ե՞րբ: Կգա՞ Եվգենի Բիբինը խորհրդարան, թե՞ կուղարկի իր ներկայացուցչին, այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, միևնույն է, ով էլ գա ու ինչ էլ ասի, նրա ներկայացրած տվյալների ու պատկերի հավաստիությունն արդեն համարյա մեկ ամիս հրապարակայնորեն կասկածի տակ է դրված ու հիմնավոր հերքում այդ բոլոր հրապարակումներին որևէ մեկը չի ներկայացնի: Այսօրվա խնդիրը ոչ միայն մի քանի դրամով էժանացում պոկելն է ՀԷՑ-երի գործող ղեկավարությունից, այլ՝ համակարգի կառավարումը իսկապես կառավարելի դարձնելը, այլապես՝ եթե ոչ 17, կամ 7, կամ շատ ավելի, բայց 2016-ին այս նույն քննարկումները կրկնվելու են, նորից քաղաքական գործիչները ելույթներ են ունենալու, տնտեսագետները հիմնավորելու են թանկացման բացարձակապես անհիմն լինելը, ներկայացվելու են այլ երկրներում էլեկտրաէներգիայի վաճառքի գները ու համեմատության մեջ հերթական անգամ պարզելու ենք, որ մենք ամենաբարձր գինն ենք վճարում, լրագրողները սենսացիաներ են գտնելու կամ վերլուծելու են, ու՝ ի՞նչ: Բոլորս միասին իբրև սպառող վճարելու ենք հերթական անգամ բարձրացած սակագինը: Այս տարբերակը պետք է կանխվի: Գործնականում ստացվել է, որ Հայաստանը ոչ թե ծրագրված, այլ իրադարձային քաղաքականություն է վարում էլեկտրաէներգիայով ապահովվածության ոլորտում: ՈՒ բոլոր ճանապարհները գնում ու բախվում են քաղաքականությանը: Սա է այսօրվա խնդիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մենք շարունակում ենք ապրել՝ ինչ կլինի՝ կլինի սկզբունքով, որի հիմնավորումն է՝ հետոն հետո կերևա, իսկ հետո ստացվում է սովորաբար նույն պատկերը՝ վճարում ենք չստացած ծառայության ու ապրանքի դիմաց, որը շատ ավելի էժան է իրականում, ու խոսքը բնավ միայն էլեկտրաէներգիային չի վերաբերում:

Դիտվել է՝ 1251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ