Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր մասնակիցները երեքն էին` Անդրանիկ Կարապետյանը, Նորայր Ավետիսյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Առաջին երկուսի մրցելույթին անդրադարձել ենք: Ինչպես տեղեկացված եք, 77 կիլոգրամ քաշային կարգում Անդրանիկը մրցակցությունից դուրս էր: Երկամարտի նրա 335 կիլոգրամը չեմպիոնական էր: Ոսկե էր մեր մարզիկի մրցելույթը նաև պոկում վարժությունում` 155 կիլոգրամ: Հաջորդ օրը ելույթ ունեցած 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը չկարողացավ զարգացնել իր հեղինակավոր թիմակցի հաջողությունն ու երկամարտի 333 կիլոգրամ արդյունքով բավարարվեց վեցերորդ տեղով:
Մրցումների վերջին օրն ասպարեզ իջան գերծանրքաշայինները: Դատելով նախապես հայտավորած քաշերից` մեդալների համար մրցակցությունն այստեղ պիտի ընթանար 2014 թ. պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, պատանիների աշխարհի չեմպիոն, աշխարհի պատանեկան ռեկորդների հեղինակ (պոկում` 183, հրում` 221, երկամարտ` 397 կգ) տասնութամյա մեր Սիմոն Մարտիրոսյանի, նրանից երկու տարով ավագ կորեացի Լի Յանգջայի ու ռուս Անտոնի Սավչուկի միջև: Ընդ որում այս եռյակից առաջին երկուսն ունեին բացարձակ նույն հայտավորումը` 175+215, ու ռուսինն էր, որ էականորեն տարբերվում էր` 180+225: Նկատենք նաև, որ անձնական քաշով մեր մարզիկը նկատելիորեն զիջում էր մրցակիցներին (108,2-ը համապատասխանաբար 133,1-ի ու 137,6 կիլոգրամի դիմաց), իսկ գերծանրքաշայինների պայքարում սա էական գործոն է: Ինչևէ:
Ցավոք, մեր մարզիկը չափազանց անհաջող հանդես եկավ` երկու վարժությունում էլ անկարող լինելով բարձրացնելու նախապես պատվիրած քաշը: Իհարկե, անհաջողությունից ապահովագրված չէ ոչ ոք, սակայն միայն մարզիկով փորձել բացատրել ձախողումը անիմաստ է, ինչպես անիմաստ է բացատրություններ գտնել մեր մարզիչների հաստագլխությանը, ովքեր, առաջին վարժությունում մարզիկի վրիպումը տեսնելով, փորձ չարեցին խմբագրումներ անելու երկրորդում ու համառորեն չնահանջեցին նախապես հայտավորած 215 կիլոգրամից: Շատ դառը բաներ կարելի է ասել, բայց լսողն ով է, իսկ այդ ընթացքում մեր մրցակիցները յոթմղոնանոց քայլերով են մեզ շրջանցում: Ահա այսպիսի տխուր բաներ: Ավելացնենք միայն, որ չեմպիոն է հռչակվել Անտոնի Սավչուկը` երկամարտում ցույց տալով 415 կիլոգրամ արդյունք, իսկ երկրորդը եղել է բոլորի խաղաքարտերը խառնած Ալեքսեյ Միզաչիկը` 401 կիլոգրամ: Կարելի է հիշատակել և բրոնզը 375 կիլոգրամով նվաճած Էյշիրո Մուրակամիին, սակայն որ հիշում ես, թե դա ինչ ծիծաղելի ծանրություն է Սիմոն Մարտիրոսյանի համար, ծիծաղի հետ լացդ է գալիս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ