ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Իսլամական պետության զինյալների դեմ Սիրիայում պայքարի հարցը քննարկելու մտադրության մասին և այն դերի, որ այդ պայքարում կարող են ունենալ Իրանն ու Սաուդյան Արաբիան: Նրանք հանդիպելու են Կատարում: Council on Foreign Relations հետազոտական կենտրոնի անդամներին Քերին ասել է, որ «պետք է փոխել դինամիկան Սիրիայում»՝ ջախջախելու համար արմատական իսլամիստներին, որ Իրաքի ու Սիրիայի գրավյալ տարածքները հայտարարել են խալիֆաթ: Պետքարտուղարն ասել է, որ այդ հարցը վերջին շաբաթներին քննարկվում է Թուրքիայի հետ: ՈՒրբաթ առավոտյան Թուրքիայի հակաօդային պաշտպանության ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին, Վաշինգտոնի պաշտոնատարները ասել են, որ Անկարան համաձայն է սիրիական սահմանի մոտի ռազմաբազայից թույլ տալ ամերիկյան կործանիչների թռիչքները: Քերին հաղորդել է, որ Լավրովի հետ քննարկելու է Սիրիայի հարցը ու Մերձավոր Արևելքի երկրների առանցքային դերը:
«Մենք ուզում ենք այս գործում ներգրավել սաուդցիներին, թուրքերին և ուզում ենք իմանալ՝ ինչ կարող են իրանցիներն անել»՝ ասել է Քերին: Ռուսաստանը ջանում է հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրան դիմակայող տարածաշրջանային պետությունների մերձեցմանը, ներառյալ Սաուդյան Արաբիան և Թուրքիան՝ Իսլամական պետության դեմ պայքարի ալյանսի ձևավորման համար: Անդրադառնալով գերտերությունների և Թեհրանի պատմական համաձայնագրին Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ՝ Քերին նշել է «Եվ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, և արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հասկացրել են, որ ձեռքբերված փոխզիջման շնորհիվ պատրաստ են քննարկել տարածաշրջանային հարցերը»:
Առաջիկա երկու շաբաթում Ջոն Քերին կմեկնի Դոխա՝ հանդիպելու Պարսկական ծոցի համագործակցության խորհրդի երկրների ներկայացուցիչների հետ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի և Կատարի:
Հակառակ նրան, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը կասկածի տակ է առնում դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի և Իրանի միջև ձեռքբերված համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը իր քաղաքականությունը կառուցում է մեկնակետ ունենալով համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, որտեղ Իրանն այլևս ԱՄՆ-ի թշնամին չէ, բայց դեռ գործընկերն էլ չէ: Թերևս այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը ոչ այնքան նպատակ ունի Մոսկվայի միջոցով Թեհրանի հետ պայմանավորվածության հասնել, որքան Մոսկվայի հետ ճշտել պայմանները, որոնց դեպքում Կրեմլը այդ համագործակցությանը չի խոչընդոտի՝ համարելով իր շահերին դեմ: Թուրքիայի հետ պայմանավորվածությունը կօգնի Ջոն Քերիին ավելի համոզիչ լինել Լավրովի հետ բանակցություններում: Ռուսաստանը մշտապես մեղադրել ու մեղադրում է ԱՄՆ-ին «Իսլամական պետության» ու նրա զինյալների ի հայտ գալու մեջ, իսկ Թուրքիային՝ նրանցից նավթ գնելով՝ ֆինանսավորելու, Թուրքիա-Սիրիա սահմանը զինյալների առաջ բաց պահելու: Իրավիճակը Թուրքիայի համար փոխվեց, երբ ԻՊ-ի զինյալները ահաբեկչություն իրականացրին Սուրուչ քաղաքում, դա ակնհայտորեն պայմանավորվածությունների խախտում էր, կամ՝ մաս այլ խաղի, որը Թուրքիային արդեն ԻՊ-ի դեմ պայքարի մեջ է ներքաշում: Բոլոր դեպքերում՝ հակառակ ռուս-ամերիկյան չնորմալացող հարաբերությունների, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը այն հարթակն է, որտեղ ՈՒկրաինայի պատճառով սահմանված պատժամիջոցները, քաղաքական տարաձայնությունները մի կողմ են դրվում և համագործակցության ճանապարհ է ուրվագծվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, իհարկե, այդ մասին չի ասել, բայց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու հիմնական հարցը լինելու է՝ ինչ ձևաչափով Ռուսաստանը կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին: