«Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի իրականացման ընթացքում Արևմուտքը չպետք է մոռանա կապերի մասին այնպիսի խոցելի տարածաշրջանի հետ, որպիսին Անդրկովկասն է»՝ Newsweek-ում գրում են Դենիս Կորբոյը, Ուիլյամ Կորտնիկը, Ռիչարդ Կաուզլարիչը՝ տարածաշրջանում արևմտյան երկրների նախկին դեսպանները և միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Նրանք Արևմուտքին կոչ են անում փոխել քաղաքականությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի նկատմամբ:
«Իրանի պատժամիջոցների ենթադրյալ չեղարկումը կարող է նրա հարևաններին Անդրկովկասում տնտեսական օգուտներ բերել, բայց չի կարող համահարթել տարածաշրջանի խոր արմատակալած խնդիրները՝ միջէթնիկական լարումից մինչև կառավարությունների կոռումպացվածություն ու աղքատություն»,- գրում են հեղինակները: Նրանք գտնում են, որ «երեք երկրների համար էլ իրանյան համաձայնագիրը փոխում է ուժերի հավասարակշռությունը և, գուցե, նոր հնարավորություններ է բացում»: «Անդրկովկասի բնակիչները ձգտում են ընդլայնել աշխարհաքաղաքական պլյուրալիզմը, բայց առանց վարչակազմին սպառնալիքների»: «Անդրկովկասին տագնապում է Ռուսաստանի աճող համառությունը և Արևմուտքի տատանումները՝ արժի օգնել Ուկրաինային՝ ինքն իրեն պաշտպանելու: Կասկածներ կան, որ Արևելյան Եվրոպայի համար պատասխանատվությունը Վաշինգտոնը հիմնականում հանձնել է ԵՄ-ին: Այս տարածաշրջանում հույս ունեն, որ Չինաստանը, հիմա արդեն գուցե նաև Իրանը ներդրումներ կանեն էներգետիկ ու տրանսպորտային ինֆրակառույցներում»՝ գրում են նրանք:
«Իրանի հետ ինտենսիվ կապերի հեռանկարը և Ռուսաստանի աճող համառության հետ կապվող խնդիրները Արևմուտքին պետք է մղեն վերանայել և աշխուժացնել Անդրկովկասում կիրառվող ռազմավարությունները, - շարունակում են նախկին դիվանագետները: - Արևմուտքը պետք է մեծ ջանքեր գործադրի կապեր հաստատելու համար Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Կենսականորեն կարևոր է, որ այդ երկրում, որտեղ մեկ անձի միջին եկամուտը Պարագվայից ցածր է, Արևմուտքը խրախուսի տնտեսական բարեփոխումները: ԵՄ-ն պարտավոր է Հայաստանին հնարավորություն տալ առավել լիարժեք դրսևորել իր կարողությունները իբրև «Արևելյան գործընկերության» անդամ տնտեսական չափման մեջ և մարդկային հարաբերություններում»:
«Նախկինում Ադրբեջանի էներգառեսուրսները և նրա ռազմավարական վիճակը կաշկանդում էին Արևմուտքի գործողություններ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում: Փոխված իրավիճակում այլևս արդարացումներ չեն մնացել մարդու իրավունքների խախտումներին մատների արանքից նայելու համար: Քանի դեռ մարդու իրավունքներին այդ երկրում հարգանքով չեն սկսել վերաբերվել, ԵՄ-ն պետք է կասեցնի Ադրբեջանի անդամակցությունը «Արևելյան գործընկերությանը», - խորհուրդ են տալիս հեղինակները: Նրանց կարծիքով՝ Արևմուտքը պետք է վերակենդանացնի Մինսկի գործընթացը Լեռնային Ղարաբաղում և ակտիվացնի ոչ պաշտոնական դիվանագիտությունը՝ ուսումնասիրելու համար, թե ղարաբաղյան խնդրի լուծման ինչ տարբերակներ կան: Նրանք խորհուրդ են տալիս ջանքեր գործադրել նորմալացնելու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները:
Բացի այդ՝ «ԵՄ գերակայություններից պետք է դառնա Վրաստանի քաղաքացիների համար անցագրային ռեժիմի վերացումը»՝ գրում են հեղինակները: «Այս երկրում, որտեղ մեկ անձի միջին եկամուտները Հայաստանից ցածր են, ԵՄ-ն պետք է ասոցացման համաձայնագրի միջոցով խթանի բարենորոգումները: Արևմուտքը կարող է Վրաստանին օգնել դիմակայելու հնարավոր ագրեսիաները՝ պաշտպանական զինատեսակներ հատկացնելով».
«Անդրկովկասը ապագայում էլ մնում է խոցելի տարածաշրջան: Օգնելու համար նրանց գլուխ հանել անկանխատեսելի Իրանից ու առավել համառացող Ռուսաստանից, Արևմուտքը պետք է հետևի առավել հաշվարկված, գործնական արդյունքներով պահանջներով պայմանավորված ռազմավարություններին»՝ եզրակացնում են Դենիս Կորբոյը, Ուիլյամ Կորտնիկը, Ռիչարդ Կաուզլարիչը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Newsweek-ը թերևս միակ պարբերականն է, որ Վիեննայից հետո Արևմուտքի ուշադրությունը փորձում է բևեռել ոչ թե Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, այլ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի վրա հատկապես՝ տարածաշրջանում ստեղծվող նոր իրավիճակում: Նրանք ընդամենը առաջարկում են ռազմավարություն փոխել, նրանք իրենց խնդիրը տեսնում են քաղաքականության փոփոխությունը, թերևս ավելի գործնական խնդիրները թողնելով գործող դիվանագետներին: