Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսնենք, թե ինչ կլինի

Տեսնենք, թե ինչ կլինի
25.09.2015 | 10:07

Արդեն մեկ ամսից (ավելի ստույգ` հոկտեմբերի 24-ին) պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարներին սպասում է հաճելի իրադարձություն: Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում միմյանց դեմ կելնեն գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ու բրիտանացի Թայսոն Ֆյուրին: Իհարկե, կգա ժամանակը, ու մենք կփորձենք հավուր պատշաճի ներկայացնել այդ մարտի մարզական կողմի մանրամասները, իսկ այժմ փորձենք տեղեկացնել, թե ինչ զարգացումներ են եղել սեպտեմբերի 23-ին կողմերի ու նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որը բրիտանացու ջանքերով վերածվել է կատարյալ խեղկատակության:
Մինչ Կլիչկոն իր շտաբով սպասում էր ապագա մրցակցի հայտնվելուն, դահլիճ է խուժում կինոպատումներից բոլորիս հայտնի Բետմենը կամ, որ ավելի ճիշտ է, նրան կերպավորած բրիտանացին ու չարագուշակ հայացքով փորձում տեղեկանալ, թե ո՞վ է հանդգնել իրեն կանչել: Ապա, հավաքվածների մեջ տեսնելով նույն կինոպատումներից հայտնի չարագործ Ջոկերին, բրիտանացին կայծակնային արագությամբ «լուծում» է վերջինիս հարցերն ու սպառնալից դառնում Կլիչկոյին` հաջորդը դու ես: Այնուհետև, մրցակցին հնարավորություն չտալով, բրիտանացին անցնում է հնարավոր հարցերի պատասխաններին` հայտարարելով, որ դա իր մամլո ասուլիսն է ու, իրենից զատ, այդտեղ ոչ ոք ոչինչ չունի ասելու: Մի խոսքով, սարքում է կատարյալ շոու:
Այս ամենին անքթիթ հայացքով հետևած Կլիչկոն եղածին այսպես է արձագանքել. «Կրկեսի աշխարհում ես շատ ծանոթներ ունեմ, ու նրանք ասում են, որ ծաղրածուների համար ամենադժվարը հանդիսատեսից ծիծաղ պոկելն է: Դա մեծ աշխատանք է: Դրա համար էլ երբ ես Ֆյուրիին անվանում եմ ծաղրածու, դա նրա համար հաճոյախոսություն է: Այս ամբողջ վազվռտուքը, կոստյումները, վերազգեստավորումները, գոռոցները նրա տարերքն են: Նա աշխատանք կունենա այն բանից հետո, երբ ես կհաղթեմ»:
«Կլոուն» որակմանը շատ բուռն է եղել Ֆյուրիի արձագանքը` ընդհուպ ցենզուրայի սահմաններն ակնհայտորեն գերազանցող բառերով: Տաքացած բրիտանացին դեն է նետել պիջակն ու ձեռքի ժամացույցը, սպառնացել, որ մարտը կայանալու է հենց հիմա, այս պահին: Իհարկե, մեջտեղ ընկնողներ են եղել, բայց, խոշոր հաշվով, լուրջ բան չի եղել: Ինչևէ: Հիմա մնում է սպասել հոկտեմբերի 24-ին ու տեսնել, թե Ֆյուրին, որ այդպես մեծաբերան պարտավորվում էր վեցերորդ ռաունդում «քնեցնել» Կլիչկոյին, իսկապե՞ս «կքնեցնի» ուկրաինացուն, թե՞ մարտից հետո ստիպված կլինի խոստովանել, որ Կլիչկոն վերջին ժամանակների ամենախոշոր բռնցքամարտիկն է գերծանր քաշային կարգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ