Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով ինչով ու ինչպես

Ով ինչով ու ինչպես
13.10.2015 | 12:13

Կիրակիով սկսվեցին ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի ավարտական խաղերը: Որոշ երջանիկներ արդեն իսկ հայտնի են, զգալի թվով անհաջողակներ՝ նույնպես: Վերջիններիս թվում է նաև մեր ազգային հավաքականը, ու ցավն այն է, որ գործերի նման դրվածքի պայմաններում մենք մի Եվրոպայի ու աշխարհի առաջնություն չէ, որ դեռ բաց ենք թողնելու: Վատն այն է, որ կոնկրետ իմ սերունդը, որ պլանավորել է առնվազն մի երեսուն տարի էլ ապրել, վախենամ այդպես էլ մուրազը փորում մեռնի:

A ԽՈՒՄԲ
Համապատասխանաբար 20 ու 19 միավոր ունեցող Իսլանդիան ու Չեխիան վաղօրոք են լուծել իրենց հարցերը, մնում է որոշել խմբի սիմվոլիկ հաղթողին: Երրորդ տեղի համար «արյուն» են թափելու թուրքերն ու հոլանդացիները: Առաջինի շահեկան վիճակն ակնհայտ է ոչ միայն երկու միավորի առավելությամբ, այլև իրար հետ ունեցած հանդիպումների դրական հաշվեկշռով: Այնպես որ հոլանդացիներին հարկավոր է միայն ու միայն հաղթանակ չեխերի հետ խաղում ու բարի լուրի սպասումներ Թուրքիա-Իսլանդիա դիմակայությունից:

B ԽՈՒՄԲ
Բելգիան ու ՈՒելսը մտածելու բան չունեն, հոգսը ծանրացրել են իրենց երկրպագուների ուսերին, ովքեր Ֆրանսիայում հյուրանոցներ ամրագրելու հաճելի խառնաշփոթի մեջ են: Սակայն երկրպագուների առումով նման խնդրի առաջ կարող են կանգնել նաև միանգամից երեք երկրի՝ Բոսնիայի ու Հերցեգովինայի, Իսրայելի ու Կիպրոսի ներկայացուցիչները: Այստեղ առավել շահեկան վիճակում են առաջինները: Կհաղթե՞ն կիպրոսցիներին, երկրորդ անգամ անընդմեջ կլինեն եզրափակչում: Իհարկե, հարավսլավացիները կարող են գոհանալ նաև ոչ-ոքիով, սակայն այս դեպքում պիտի մնան Բելգիա-Իսրայել հանդիպումում առաջինի հաղթանակի լուրի սպասումով:

C ԽՈՒՄԲ
Իսպանիայի մասին չխոսենք: Անկախ վերջին հանդիպման արդյունքից, այն խումբը եզրափակում է առաջին տեղում, մինչդեռ հավասար՝ տասնիննական միավոր ունեցող Սլովակիան ու ՈՒկրաինան կռիվ են տալու ցանկալի երկրորդ տեղի համար, որն առանց գլխացավանքի ապահովում է Ֆրանսիայի ուղեգիր: Առաջինը մրցելու է Լյուքսեմբուրգի, երկրորդը՝ Իսպանիայի ընտրանու հետ: Ամբողջ հարցն այն է, որ եթե երկուսն էլ հաղթում են, մեջտեղ են գալիս ուրիշ մանրամասներ՝ կապված Բելառուս-Մակեդոնիա դիմակայության հետ, որն անսպասելիորեն առանցքային դերակատարություն է ստանում։ Բայց եկեք շատ չխորանանք, որովհետև Լյուքսեմբուրգին նվեր ստացած Սլովակիայի համար անհամեմատ հեշտ է լինելու, քան ՈՒկրաինայի, թեպետ դաշտը՝ հարթ, գնդակն էլ կլոր է: Այնպես որ, ոչինչ երաշխավորված չէ:

D ԽՈՒՄԲ
Իռլանդիայի ընտրանուց կրած գերմանացիների պարտությունն անսպասելիորեն սրեց վիճակը խմբում ու 19 միավոր ունեցող աշխարհի չեմպիոններին շատ բաներով թողեց վրացիների հետ հաղթական ելքով խաղի հույսին: Եթե նույնիսկ պարտության դեպքում խաղը կարող է գրավիչ լինել (մեր մերձակա հարևանները զիջել են 1:2 հաշվով), հայոց մարզական մտքի երկնակամարում անակնկալ հայտնված տեսաբան, համատեղությամբ հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը զբաղեցնող Սարգիս Հովսեփյանին համեստաբար խորհուրդ կտամ նայել վրացիների խաղը:
18-ական միավոր ունեցող Լեհաստանի ու Իռլանդիայի ընտրանիները մրցեցին իրար հետ ու հաղթանակը (2:1) հենց տանտերերի համար ապահովեց Ֆրանսիա տանող ուղեգիրը:

E ԽՈՒՄԲ
Սան Մարինոյի նկատմամբ ջախջախիչ հաղթանակը շվեյցարացիների առաջ բացեց Ֆրանսիայի դռները: Խմբում նրանք երկրորդ բախտավորներն են անգլիացիներից հետո, որոնք անառարկելիորեն առաջին տեղում են բացառապես հաղթանակներով ավարտած խաղերի արդյունքում: Այստեղ միջանցիկ խաղերի են գնում կա՛մ սլովենացիները, կա՛մ էստոնացիները: Եթե Սան Մարինոյի հետ խաղում բալկանցիներն անակնկալ պարտություն կրեն, իսկ էստոնացիները հաղթեն շվեյցարացիներին, նրանց դատավորը կլինեն խփած-բաց թողած գնդակները, քանի որ միմյանց հետ հանդիպումներում կատարյալ հավասարություն է: Այս պահի դրությամբ սլովենացիները «+5» ով են, էստոնացիները՝ «-4»-ով: «Եթե»-ների շարքն այստեղ ուրիշ շարունակություն էլ ունի, բայց եկեք այստեղ էլ շատ չխորանանք:

F ԽՈՒՄԲ
Այստեղ իրավիճակը հիշեցնում էր «C» խումբը: Հյուսիսային Իռլանդիան Ֆրանսիա մեկնելու հաճելի իրարանցումների մեջ է, իսկ Ռումինիան ու Հունգարիան դեռ ճակատ էին տալու երկրորդ տեղի համար: Ի՞նչ այստեղ պարզեց կիրակին: Ֆինների հետ խաղում հյուսիսիռլանդացիները «փոր չծակող» մի միավոր էլ վաստակեցին ¥հանդիպումն ավարտվել է 1:1¤, իսկ ահա այն, ինչ եղավ Հունաստան-Հունգարիա խաղում, կատարյալ թրիլլեր էր: Մեկ անգամ լինելով պարտվողի դերում՝ հունգարները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն վերջնահաշվում 3:4 հաշվով պարտվեցին նրանց, ովքեր անգամ այդ հաղթանակից հետո մնացին աղյուսակը եզրափակողի անպատվաբեր դերում: Այդ պարտությամբ Հունգարիայի ընտրանին երկրորդ հորիզոնականի դուռը բացեց ռումինացիների առաջ, ովքեր Ֆարերյան կղզու ներկայացուցիչներին հաղթեցին 3:0 հաշվով ու մնացին անցողիկ խաղի դրական ելքի հույսին:

G ԽՈՒՄԲ
Գրեթե մեկ շնչով խմբայինը անցնող Ավստրիայի ընտրանին (ինը խաղից՝ 25 միավոր) մյուս անցողիկ տեղի համար պայքարելու հնարավորություն է տվել ռուսներին ու շվեդներին: Հավաքականի ղեկը ստանձնած Սլուցկու գալով՝ Ռուսաստանի հավաքականն այս ընթացքում որակապես բարելավել է իր դիրքերը ու հասել նրան, որ սեփական հարկի տակ չեռնոգորցիների հետ խաղում կարող է միանգամայն բավարարվել ոչ-ոքիով: Եթե հանկարծ այնպես լինի, որ ռուսները պարտվեն, այս դեպքում նրանց մնում է հուսալ, որ շվեդները երեք միավոր չեն վաստակի Մոլդովայի հետ հանդիպումում, այլապես հենց իրենք ու ոչ թե շվեդներն են մնալու անցողիկ խաղում դրական ելքի հույսին:

H ԽՈՒՄԲ
Նմանատիպ իրավիճակ է և այստեղ: Պրոբլեմ չունի Իտալիան, պրոբլեմներ ունեն Նորվեգիան ու Հորվաթիան: Միակ տարբերությունն այն է, որ եթե ռուսներին խմբում բավարարում է անգամ ոչ-ոքին, իտալացիների հետ խաղում սկանդինավներին միայն ու միայն հաղթանակ է պետք: Եթե նորվեգացիները չանեն այդ բանը, նրանց փոխարեն Ֆրանսիա կգնան հորվաթները, որոնք պիտի որ հաղթեն Մալթայի ընտրանուն:

I ԽՈՒՄԲ
Այս խմբից առաջին տեղով եզրափակիչ է դուրս եկել Պորտուգալիայի հավաքականը։ Իսկ խմբայինում հանդիպումներն արդեն ավարտած Դանիայի ընտրանին մնացել էր հայերիս ողորմածությանն ու մանկան միամտությամբ սպասում էր, որ Սարգիս Հովսեփյան մարզչի հանճարը կանաչ լույս կվառի իր ճանապարհին: Միամիտ դանիացիներ: Ալբանացիներն այնպես քոթակեցին մեր հավաքականին ¥3:0¤ մեր իսկ պատերի ներսում, որ աղյուսակի վերջին հորիզոնականից էլ ընկանք: Մնում է միայն ուրախանալ ալբանացիների համար, ովքեր պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին եզրափակչի ուղեգիր, ու լալ հայկական ֆուտբոլի ողբալի վիճակի վրա:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Ասենք, որ խմբայիններում երրորդ տեղը զբաղեցրած ու առավելագույն միավորներ վաստակած երեք թիմ միայն ուղիղ ճանապարհով հայտնվում է Ֆրանսիայում, մինչդեռ մնացածներն իրենց հույսի աստղը պիտի փնտրեն միջանցիկ խաղերում:

Դիտվել է՝ 709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ